Մարզը ներառում է Արտաշատի, Արարատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում եղել է պատմ. Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների (Արտաշատ և Դվին) գավառ։
Հյուսիսում սահմանակից է Երևանին, Արմավիրի, Կոտայքի, արևելքում՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերին, հարավում և արևմուտքում՝ պետական սահմանով՝ Նախիջևանի Հանրապետությանը և Թուրքիային։
Գտնվում է ՀՀ հարավ-արևմուտքում, հարթավայրային հատվածը՝ 850-1000 մ, լեռնային հատվածը՝ 1000-2000 մ բարձր-ների վրա (առավելագույն բարձրություն՝ 2445 մ, Ուրծ լ.)։ Զբաղեցնում է Արարատյան գոգավորության հարավ-արլ. մասը և Գեղամա լեռնաշղթայի ձորակներով, Ուրծի և Երանոսի լեռներով կտրտված հարավ-արմ. նախալեռնային լանջերը։ Կան կրաքարի, մարմարի, քվարցային ավազի, կավի հանքավայրեր, հանք. («Արարատ») և արտեզյան ջրերի (Արարատյան արտեզյան ավազան) պաշարներ։
Տարածքի մեծ մասը հարթավայրային է (Արարատյան դաշտի հարավ-արլ. մասը)։ Բնական լանդշաֆտը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով։ Տարածքում են Խոսրովի անտառ-արգելոցը, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը, Հրազդանի ստորին հոսանքը, Ազատ գետը՝ Գողթ, Վեդին՝ Խոսրով վտակներով, Ազատի ջրամբարը, Արտաշատի, Դվինի, Երասխավանի ջրանցքները։ Սիս գյուղի շրջակայքում ստեղծվել են արհեստական լճակներ։ Թուրքիայի հետ սահմանով հոսում է Արաքս գետը։
Մարզը գյուղական բնակչությամբ ամենամեծն է հանրապետությունում, գյուղաբնակ է 70,5 %-ը։
Տնտեսությունը։ Զարգացող արդյունաբերական և գյուղատնտեսական շրջան է, ՀՀ տնտեսական համակարգում՝ առաջատարներից։ 2010-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 8.8 %, գյուղատնտեսությունը՝ 17%, շին-ը՝ 3.8 %, մանրածախ առևտուրը՝ 1,6 %, ծառայությունները՝ 1,5 %։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերը խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունն են։ 2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 156706,0 հա, որից վարելահող՝ 26953,0 հա, պտղի և հատապտղի տնկարկներ՝ 7112 հա։ Մարզն ուներ 41,2 հազար խոշոր եղջերավորներ (15,7 հազար կով), 66,1 հազար ոչխար և այծ, 12,5 հազար խոզ։
Մարզում զարգացած է նաև արդյունագործ. ձկնաբուծությունը։ Ձկնաբուծ. տնտեսությունների ջրային մակերեսը կազմել է մոտ 4086 հա։ Գործող 134 ձկնաբուծ. տնտեսություններն արտադրել են մոտ 2200 տ ապրանքային ձուկ։ Արտադրվել է 8 հազար տ միս (կենդանի զանգվածով), 38,1 հազար տ կաթ, 76,7 մլն ձու, 152,5 տ բուրդ։ Արդ-յան մեջ առաջատար են սննդամթերքի (մրգերի, բանջարեղենի վերամշակում) և ըմպելիքի (հյութեր, ալկոհոլային և թորած ալկոհոլային խմիչքներ), ծխախոտի, ոչ մետաղ․ հանք․ արտադրատեսակների (ցեմենտ, կիր, ասբոցեմենտային իրեր) արտադրությունները։ Հայտնի են «Մանանա Գրեյն», Ավշարի գինու և կոնյակի, «Արտաշատի Վինկոն», «Վեդի Ալկո», «Վան-777», Այգեզարդի գինու, «Արտֆուդ» և այլ ընկերություններ։ Տարածքով անցնում են