Այս էջը հաստատված է
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մարզը ներառում է Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մինչև 1917-ը՝ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մաս։

Հյուսիսում սահմանակից է Արագածոտնի, հարավ-արևելքում՝ Արարատի մարզերին, արևելքում՝ Երևանին, հարավում և արմ-ում՝ պետական սահմանով՝ Թուրքիային (130,5 կմ)։ Գտնվում է ՀՀ արևմուտքում՝ 850-1200 մ բարձր-ների վրա։ Տարածքով ամենափոքրն է ՀՀ-ում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արլ. ընդհանուր թեքությամբ ընդգրկում է Արարատյան գոգավորության հյուսիս-արմ., Արաքսի ձախափնյա մասերը և Արագած լ-զանգվածի հարավ-արմ. նախալեռն. ստորոտները։

Բնական լանդշաֆտը կիսաանապատային և լ-տափաստանային է։ Բնորոշ են չորասեր ու աղասեր բույսերը։ Տարածված է որդան կարմիր միջատի հատկապես արարատյան տեսակը, որի և աղասեր բույսերի պահպանման համար ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը (200 հա)։ Տարածքով հոսում են Քասաղ (ստորին հոսանքը) և Թուրքիայի հետ սահմանով՝ Ախուրյան ու Արաքս գետերը։ Հանրապետությունը Թուրքիայի հետ կապող միակ ավտոճանապարհային կամուրջը (Արաքսի վրա) կառուցվել է Մարգարա գյուղի մոտ։ Մարզում է Մեծամոր լիճը, որը ՀՀ ստորգետնյա ջրերի ամենամեծ ելքն է։ Նրանից սկիզբ է առնում Մեծամոր գետը։ Ջրային պաշարների հաշվեկշռում զգալի բաժին ունեն արտեզյան ջրերը։ Գործում են Ստորին Հրազդանի, Էջմիածնի, Մեծամորի և այլ ջրանցքներ։

Տնտեսությունը։ Զարգացած գյուղատնտեսաարդ. շրջան է։ 2010-ին տնտեսության հիմն. հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում եղել են՝ արդ-ը՝ 4,5 %, գյուղատնտեսությունը՝ 16,5 %, շին-ը՝ 2,5 %, մանրածախ առևտուրը՝ 2,6 %, ծառայությունները՝ 1,7 %։ Մարզի աշխարհագր. դիրքը և բնակլիմ. պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Տնտեսության համակարգում կարևոր նշանակություն ունեն պտղաբուծությունը (ծիրանենի, դեղձենի, սալորենի), խաղողագործությունը, բանջարաբուծությունը, բոստանաբուծությունը, իսկ անասնաբուծության բնագավառում՝ խոշոր ու մանր եղջերավոր անասնաբուծությունը, թռչնաբուծությունը և խոզաբուծությունը։

2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 96976,1 հա, որից վարելահող՝ 41980,3 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 8207 հա, խաղողի տնկարկները՝ 7379, բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը՝ 2781 հա, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 8172 հա։ Մարզն ուներ 42,1 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (16,5 հազար կով), 61,3 հազար ոչխար և այծ, 15,6 հազար խոզ։ Արտադրվել է 10,0 հազար տ միս (կենդանի զանգվածով), 36,1 հազար տ կաթ, 126,3 մլն ձու։

Արդ-յան հիմն. ճյուղերը էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքի արտադրություններն են և հանք. շինանյութերի արդյունահանումը։ Զարգացած է ջրամբարային ձկնաբուծությունը։ Տնտեսության մեջ էական կշիռ ունեն «ՄԱՊ» (գինու և կոնյակի), «Արմավիր Ֆերմեր» (ունի 350 հա լճակային մակերեսով ձկնաբուծարան) և «Միլաքս Գրուպ» (կահույքի արտադրություն ու կապիտալ շին.), «Հոկտեմբերյանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ները, «Ալֆա Վին» ՍՊԸ-ն, Արմավիրի, Ջրառատի և «Արաքս», թռչնաբուծ. ֆաբրիկաները ևն։

Մարզում են ՀԱԷԿ-ը (տարածաշրջանում միակը) և «Զվարթնոց» օդանավակայանը։

Տարածքով են անցնում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոխճուղին, Երևան-Թբիլիսի երկաթուղին։