Այս էջը հաստատված է

գործարանը հիմնադրվել 1928-ին։ ՀԽՍՀ-ում առաջին ՄՏԿ-ն ստեղծվել է Արմավիրում։ Խորհրդային տարիներին քաղաքում գործել են 19 արդյունաբերական ձեռնարկություններ՝ գինու, կոնյակի (2-րդ-ը՝ ՀԽՍՀ-ում), հացի, կաթի, հաստոցաշին., ֆուրնիտուրայի և այլ գործարաններ (2175 աշխատող)։ Ամենախոշոր ձեռնարկությունը պահածոների գործարանն էր (խոշորագույններից՝ ԽՍՀՄ-ում)։

Ներկայումս Արմավիրում գործում են պահածոների, կաթի ու կաթնամթերքի, գազասարքավորման, մոլիբդենի խտանյութի հարստացման, շինանյութերի, կահույքի և 2 տասնյակից ավելի այլ ձեռնարկություններ։ Քաղաքով անցնում են Երևան-Վաղարշապատ-Գյումրի ավտոմայրուղին և Երևան-Թբիլիսի երկաթուղին։

Գործում են 12 պետական նախադպրոց., 10 հանրակրթական, 3 մարզ., արվ-ի ու երաժշտ., գեղարվ-ի, գիշերօթիկ դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ, հաստատություններ, ռազմամարզ. վարժարան, 2 ոչ պետական բուհեր, բժշկ. կենտրոն, 2 հեռուստաընկերություն, «Հոբելյանական» մարզադաշտը, կենդանա-բուսաբ. այգի, որտեղ պահպանվում ու բազմացվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված և անհետացող վայրի բուսական (80) ու կենդ. (40) աշխարհների ներկայացուցիչներ։

Արմավիրի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1930-ին՝ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ, ապա՝ 1940-ին (ճարտ.՝ Պ. Խոյեցյան), 1955-ին (ճարտ.՝ Ռ. Գրիգորյան), 1976-ին (ճարտ-ներ՝ Լ. Էյվազովա, Ռ. Մելքոնյան, Է. Տաշյան, Մ. Հովհաննիսյան)։ Քաղաքի լավագույն կառույցներից են մշակույթի տունը, մարզպետարանի շենքը, հյուրանոցը, մարզադաշտը։

Արմավիրը բարեկամության և համագործակցության պայմանագրեր ունի ՌԴ Կրասնոդարի երկրամասի համանուն և Ֆրանսիայի Ալո քաղաքների հետ։

Մեծամորը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արլ.՝ 800-900 մ բարձր-ների վրա։ Տարածքը 3 կմ² է, բն.՝ 10,6 հազար (2012)։ Հիմնադրվել է 1969-ին՝ պատմ. Մեծամոր հնավայրից ոչ հեռու՝ որպես ՀԱԷԿ-ի բնակելի ավան։ Կան հացի փռեր և տարբեր ծառայությունների ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ Մեծամորում է ՀԱԷԿ-ը։

Գործում են 2 հանրակրթական և արվ-ի դպրոցներ, մարզ․ համալիր, հիվանդանոց, 2001-ից՝ Սբ Ղազարոս եկեղեցին։

1966-ին պեղումներով բացվել են Մեծամորի դամբարանադաշտը, արքունի քաղաքի աստղադիտարանն ու 7 սրբարաններից կազմված տաճար-համալիրը։

Վաղարշապատը (1945-95-ին՝ Էջմիածին, ք.՝ 1965-ից) մարզի ամենախոշոր քաղաքն է։ Գտնվում է Երևանից 20 կմ արմ.։ Տարածքը 15 կմ² է, բն.՝ 57,8 հազար (2012)։

Հիմնադրվել է մ. թ. ա. VI դ-ում. Հայոց Երվանդ Ա Սակավակյաց թագավորի փեսա Վարդգես-Մանուկը Վաղարշապատի տեղում (Շրեշ բլրի և Արտեմիդ ք-ի մոտ) կառուցել է Վարդգեսավանը։ Հայոց Վաղարշ Ա Արշակունի թագավորը (116-144) վերակառուցել, պարսպապատել և իր անունով վերանվանել է Վաղարշապատ ու դարձրել 2-րդ գահանիստը։ IV դ-ի սկզբից եղել է (ընդհատումներով) Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռանիստը։ Կոչվել է նաև Նոր քաղաք (Կայնեպոլիս), Քաղաքամայր և այլն։ 301-302-ին այստեղ հիմնադրվել է Կաթողիկե եկեղեցին՝ Հայաստանի առաջին քրիստ. Մայր տաճարը, V դ-ի սկզբին՝ դպրոց, 1771-ին՝ տպարան (առաջինը՝ Արևելյան Հայաստանում)։