Մարզը ներառում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունիի, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների մասը։
Տարածքով ՀՀ-ում ամենամեծ մարզն է, որի 1/4-ն զբաղեցնում է Սևանա լիճը։ Հս-ից սահմանակից է Լոռու և Տավուշի, արմ-ից՝ Կոտայքի, հվ-արմ-ից՝ Արարատի, հվ-ից՝ Վայոց ձորի մարզերին, արլ-ից՝ պետական սահմանով՝ Ադրբեջանին։ Մարզի ամենաերկար ձգվածությունը հս-արմ-ից-հվ-արլ. 115 կմ է, արմ-ից արլ.՝ 85 կմ։ Տարածքը միջլեռն. եռանկյունաձև տեկտոն. իջվածք է՝ 1900-3000 մ բարձր-ների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ լ.), որի հատակն զբաղեցնում է Սևանա լիճը։ Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է՝ 1325 մ (Ձորավանք գյուղ)։ Եզրավորված է Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթաներով, Գեղամա լ-վահանով։ Բարձր են նաև Սպիտակասարը (3555 մ), Վարդենիսը (3522 մ), Գեղասարը (3446 մ) և այլն։ Լանդշաֆտը լ-տափաստանային, լ-մարգագետնային է, Արեգունու և Սևանի լեռնաշղթաներում՝ տեղ-տեղ լ-անտառային։ Անտառածածկ է մարզի տարածքի 24 հազար հա-ն։ Բացառիկ նշանակություն ունեն Դարանակի կաղնուտները և Ծափաթաղի գիհուտները։ Սևանա լճի ջրերից ազատված տարածքը (16 կմ2) անտառապատ է, Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լեռնաշղթայի արմ. լանջերին՝ կաղնուտներ։ Անտառածածկ է Արտանիշի թ-կղզին։ Ափամերձ գոտում լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1898-3597 մ բարձր-ներում 1978-ին հիմնադրվել է «Սևան» ազգային պարկը (տարածքը՝ 4850 կմ2, տես Բնապահպանություն բաժնում), ստեղծվել են Արտանիշի, Նորատուսի, Լիճքի և Կարճաղբյուրի արգելավայրերը։ Կան շինանյութերի, քրոմի (Շորժա), ոսկու (Սոթք), տորֆի (Մասրիկի դաշտ), հանք. (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։ Տարածքում են Արփա-Սևան ջրային համալիրի հս. մասը, Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վերին հոսանքը, Ձկնագետ, Գավառագետ (47 կմ), Արգիճի (ամենաերկար գետն է՝ 51 կմ), Ծակքար, Վարդենիս, Կարճաղբյուր, Դրախտիկ, Մասրիկ (45 կմ) և այլ գետեր, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները, Սևանա լիճը, Աժդահակի և Աղմաղանի խառնարանային լճերը (Սևանա լճի մասին տես Սևանա լճի պահպանությունը հոդվածը Բնապահպանություն բաժնում. ավազանի ընդհանուր մակերեսը շուրջ 5 հազար կմ2 է, լճի հայելու մակերեսը՝ 1,2 հզ կմ2, ծավալը՝ 35,8 մլրդ մ3)։
Սևանա լիճն աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճերից է, գտնվում է ծովի մակերևույից 1898,155 մ բարձր․ վրա։ Լիճը սնվում է 28 գետի, երկու խոշոր աղբյուրների հոսքով և 1981-ին շահագործման հանձնված Արփա-Սևան ջրատեխ. կառույցով տեղափոխվող ջրերով (տարեկան՝ 270 մլն մ3 գումարային ծավալով)։
Տնտեսությունը։ Գյուղատնտ-արդ. շրջան է։ 2010-ին տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 1,4 %, գյուղատնտեսությունը՝ 19,7 %, շին-ը՝ 2,4 %, մանրածախ առևտուրը՝