Այս էջը հաստատված է

լանջից սկիզբ է առնում Աղստև գետը։ Կան նաև հանք․ ջրերի ելքեր։

Տնտեսությունը։ Արդ-գյուղատնտեսական շրջան է։ 2010-ին տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 7,3 %, գյուղատնտեսությունը՝ 6,6 %, շին-ը՝ 3,5 %, մանրածախ առևտուրը՝ 2,0 %, ծառայությունները՝ 1,8 %։ Արդ-յան հիմն․ ուղղությունը մշակող արդ-ն է, Լոռու մարզի զինանշանը մասնավորապես՝ մետաղագործ. (85,5 %) և սննդամթերքի (5,7 %) արտադրության ճյուղերը։ Հայտնի են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Տաշիրի պանրի գործարանը, Վանաձորի քիմիական համալիրի առանձին արտադրամասեր։ Գործում է Ձորագետի ջրէկը։ Գյուղատնտեսական ոլորտում առանձնանում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և անասնապահ․ մթերքների արտադրությունները։ 2012-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 251,198 հա, որից վարելահողը՝ 41.120 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 2433 հա, կարտոֆիլի ցանքատարածությունը՝ 3847 հա։ Մարզն ուներ 69,7 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (33,7 հազար կով), 28,8 հազար ոչխար և այծ։ Արտադրվել է 14,6 հազար տ միս (կենդանի զանգվածով), 77,1 հազար տ կաթ, 39,7 մլն ձու, 66,5 տ բուրդ։

Մարզի տարածքով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին ու ավտոմայրուղին, Վանաձոր-Իջևան ավտոմայրուղին։

Կրթամշակութային հաստատությունները։ Մարզում գործում են 168 հանրակրթական, 22 երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի, մարզ․ դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, 1 պետական և 2 ոչ պետական բուհեր, պետական 2 բուհ-ի մասնաճյուղ, 9 պետական և 2 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական, 57 նախադպրոց․ հաստատություններ, 45 ամբուլատոր-կլինիկ. հիմնարկներ (516 բժիշկ և 1209 միջին բուժաշխատող)։

Դսեղում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը. գործում է 1939-ից։ Բակում թաղված է բանաստեղծի սիրտը, տեղադրվել է կիսանդրին, գյուղամիջի հրապարակում՝ հուշարձանը։ Շամուտ գյուղում կանգնեցվել է Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը (2011)։

1996-ից լույս է տեսնում «Լոռու մարզ» շաբաթաթերթը։

Մարզի տարածքը ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, առաջնորդանիստը Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին է։