Այս էջը հաստատված է

Պատմաճարտ. հուշարձանները։ Պահպանվել են մ. թ. ա. I հազարամյակի բնակատեղիներ, դամբարաններ (Ազատամուտ, Եղեգնուտ, Լեռնապատ և այլն)։ Նշանավոր են Օձունի Սբ Աստվածածին եկեղեցին (VI դ.), Շիրակամուտի վանքը (VII դ.), Հնեվանքը (VII-XIII դդ.), Հաղպատի, Սանահինի (երկուսն էլ՝ X-XIII դդ., ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային «Արժեքների ցանկում»), Քոբայրի (XII-XIII դդ.), Ախթալայի (XIII դ.) վանքերը, միջնադարյան Լոռե քաղաք-ամրոցը։ Մարզի տարածքում կան XII-XIII դդ-ի խաչքարեր, XVII-XIX դդ-ի եկեղեցիներ, մատուռներ, բերդեր։ Հաղպատի վանքին կից գործել է միջնադարի ամենահարուստ ձեռագրատունը՝ Հաղպատի մատենադարանը (XI դ.), որտեղ պահվել են գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ։

1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժից զոհվել և խեղվել են մարզի հազարավոր բնակիչներ, տարածքում առաջացել են ռելիեֆի տեղախախտումներ, տեկտոն. խզումներ, գրեթե ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքը և մարզի բազմաթիվ գյուղեր, արտադրական օբյեկտներ, դպրոցներ, բնակելի շենքեր։ Կատարված վերականգնող․ աշխատանքների շնորհիվ ոչ լրիվ կարողությամբ գործում է դրանց որոշ մասը, կառուցվել են բազմաթիվ բնակարաններ, կրթա-մշակութային և այլ հաստատություններ։

Քաղաքները

Վանաձոր (մինչև 1935-ը՝ Մեծ Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա, 1935-92-ին՝ Կիրովական, ք.՝ 1924-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 115 կմ հյուսիս-արմ.՝ Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջլեռն. գոգավորությունում՝ Տանձուտ ու Փամբակ գետերի միախառնման վայրում՝ 1350 մ բարձր․ վրա։ Տարածքը 25,1 կմ² է, բն.՝ 104,9 հազար (2012, 1980-ին՝ 148,9 հազար)։ Փամբակի լեռնաշղթայի լանջերը անտառածածկ են, Բազումինը անտառազուրկ են և ունեն լ-տափաստանային աղքատ բուսականություն։ Քաղաքամերձ տարածքում է Մայմեխ լ-գագաթը (3094 մ)։

Պատմությունը։ Վանաձորի տարածքում և շրջակայքում (Թագավորանիստ, Քռնի, ճոթեր, Մաշտոցի ու Բազումի բլուրներ) հայտնաբերվել են բրոնզեդարյան (մ. թ. ա. IV-II հազարամյակներ) մշակութային հուշարձանների մնացորդներ։ Արժեքավոր է 1948-ին բացված դամբարանաբլուրը, որտեղ պեղվել են առյուծի պատկերներով 3 զույգ ոսկե գավաթներ, սարդիոնից ու ոսկուց մանյակ, արծաթե անոթներ, զենքեր և այլն։ Ենթադրվում է, որ Ղալաքիլիսա (սև եկեղեցի) անունը թաթարերեն է. անվանվել է XIII դ-ում՝ քաղաքի հյուսիսում սև տուֆով կառուցված Սբ Աստվածածին եկեղեցու անունից։

Տարածքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում եղել է թագավոր․ ոստանի մաս։

Վանաձորի մասին գրավոր տեղեկություններ են թողել եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը (1812) և Ռոբերտ Քեր Փորթըրը (1817)։ 1639-ից քաղաքի տարածքը մտել է Վրաստանի, 1801-ից՝ Ռուսաստանի կազմի մեջ։ 1826-ի հուլիս-օգոստ-ին Հասան Բ խանի զորքերը հիմնովին ավերել են բնակավայրը։ 1830-ին այնտեղ հաստատվել է Արևմտյան Հայաստանից տեղափոխված մի քանի հարյուր ընտանիք։ 1840-ին Մեծ Ղարաքիլիսան մտել է Փամբակ-Շորագյալ գավառի, 1849-ին՝ Երևանի նահանգի մեջ։ Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ խճուղու (1870) և Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումից (1899) հետո բնակավայրը դարձել է գյուղաքաղաք, աշխուժացել է տնտեսական և քաղաքական կյանքը։ 1918-ի մայիսին թուրք․ զորքերը գրավել են քաղաքը։ Մայիսի 24-26-ին տեղի է ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը, կոտորվել է շուրջ 5 հազար հայ։ Այդուհանդերձ, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերի շնորհիվ թուրքերը չեն կարողացել մտնել Երևան և Սևանի ավազանի շրջանները։

1919-ի հունվ. 1-ից մինչև 1921-ի փետր. 16-ը Վանաձորը եղել է Լոռու