Խնդիրը լուծվել է Որոտան-Արփա-Սևան ստորգետնյա ջրատարի (լճի ջրի պաշարն ավելացել է 415 մլն մ3-ով), Արարատյան արտեզյան ավազանից սնվող Արևշատի, Մխչյանի և Ռանչպարի ջրհան կայանների ու մի շարք գետերի վրա կարգավորիչ ջրամբարների կառուցումով և Սևանի ջրերը միայն ոռոգման նպատակով օգտագործելու միջոցով։ 2009-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 38 սմ-ով՝ հասնելով 1899 մ նիշի։ Նախատեսվում է մինչև 2031-ը Սևանի մակարդակը հասցնել 1903 մ նիշի։ Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հարցերը կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001)։
Հողերի պահպանություն
Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով՝ էրոզիայի, աղակալման, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների, շին. օբյեկտների սխալ պլանավորման, հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով։
ՀՀ-ում հողերի պահպանության հիմն․ ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելու համար։ Հողատարման երևույթների զարգացմանը նպաստում են վերընթաց գոտիականությունը, ռելիեֆի մասնատվածությունը, բարձրությունների տատանումները՝ լանջերի թեքությունները, արոտավայրերի գերշահագործումը, սխալ անտառհատումները, հողի ոչ ճիշտ մշակումը, մակերևութային հոսքի չկարգավորվածությունը և այլն։
ՀՀ-ում տարբեր աստիճանների էրոզացված են հողերի ընդհանուր տարածքի 47 %-ը, մշակելի հողերի՝ 26 %-ը, որի հետևանքով կորսվում է հողի սննդարար շերտի 25 %-ը։ Հողատարման երևույթներն առավել ուժեղ են Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, համեմատաբար նվազ՝ անտառային գոտում ու Շիրակի մարզում։
Հողերի պահպանության կարևոր միջոցառում է հողբարելավումը, որի տարածված եղանակներից են հողածածկումը, ոռոգումը, աղակալած հողերի քիմիական լվացումը և այլն։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում հողբարելավման միջոցով հնարավոր է պայքարել հողերի վատթարացման պատճառների, հաճախ նաև հետևանքների դեմ։
ՀՀ-ում և ԼՂՀ-ում հողերի պահպանությունն իրականացվում է պետական և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ և ԼՂՀ Հողային օրենսգրքերով։ Քաջարանի բացհանքերում
Թափոններ
ՀՀ-ում դեռևս չեն լուծվել թափոնների առավելագույն օգտագործման և դրանց քանակի նվազեցման տնտեսական, սոցիալական և իրավ․ պայմանների ապահովման, երկրորդային օգտագործման ընդլայնման ու դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման կամ ոչնչացման հարցերը։ Չկան արդյունաբերական թափոնների վնասազերծման և թաղման առանձնացված տեղեր (պոլիգոն)։ Բոլոր տեսակի թափոններն առանց տեսակավորման տեղափոխվում են քաղաքային և գյուղ, աղբավայրեր։ Արդիական է նաև կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի քիմիական նյութերի, պեստիցիդների, դեղերի, կայուն օրգ. աղտոտիչներ պարունակող թափոնների անվտանգ ոչնչացման կամ վերամշակման հիմնախնդիրը։
ՀԱԷԿ-ում օգտագործված միջուկային վառելիքի թափոնները պահվում են տեղում սարքավորված պահեստարանում։
Թափոնների մշակման ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով (2004)։