Գործում են 2 հանրակրթական, արվ-ի, մարզ․ դպրոցներ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, արհեստագործ․ ուսումնարան, մարզադաշտ և այլն։
Եղվարդը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 18 կմ հյուսիս-արմ.՝ Եղվարդի սարավանդում՝ Արա լեռան հվ. ստորոտում։ Տարածքը 6,7 կմ² է, բն.՝ 12,5 հազար (2012)։
Եղվարդը հին բնակավայր է։ Առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 603-ի հայ-պարսկ. պատերազմին և Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Բ Եղվարդեցու (ծ. թ. անհտ-604) գործունեությանը։
Տնտեսության մեջ առանձնանում են սննդամթերքի (կաթնամթերք, ալյուր) ու ըմպելիքի [թորած ալկոհոլային խմիչքներ (կոնյակ, գինի)], ինչպես նաև կաշվե արտադրատեսակների, կոշկեղենի (հայտնի է մարզ․ կոշիկների ձեռնարկությունը) ու մետաղե իրերի արտադրությունները։ Զարգացած է նաև գյուղատնտեսությունը. հիմնականը հացահատիկային բույսերի մշակությունն է։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ։ Եղվարդով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, իսկ հարող տարածքով՝ Մասիս-Նուռնուս երկաթուղին։
Գործում են 3 նախադպրոց․ հաստատություններ, 3 հանրակրթական, 1 ավագ, 2 արվ-ի, մանկապատանեկան մարզ․ դպրոցներ, 3 գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն։
Միջնադարյան ճարտ. հուշարձաններից արժեքավոր են V դ-ի դահլիճ տիպի եկեղեցին (ստորին մասը մասամբ պահպանվել է), Կաթողիկե եռանավ բազիլիկը (V դ.), քաղաքի կենտրոնում՝ Սբ Աստվածածին երկհարկ (1301, ճարտ.՝ Շահիկ վարպետ) եկեղեցիները, քաղաքից 3 կմ հյուսիս-արլ.՝ Սբ Թեոդորոս (Զորավար, VII դ.) վանքը։ Գերեզմանատան տարածքում կա XI-XII դդ-ի 14 խաչքար։
Քաղաքում կանգնեցված են Հայրեն․ մեծ (1941-45) և Արցախյան (1991-94) պատերազմներում զոհված եղվարդցիների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողն ու հուշաքարը։
Ծաղկաձորը (ք.՝ 1984-ից) գտնվում է Երևանից 55 կմ հս.՝ Թեղենիս լեռան արլ. լանջին՝ 1825 մ բարձր․ վրա։ Տարածքը 1,5 կմ² է, բն.՝ 1,6 հազար (2012)։ Լեռնակլիմ. առողջարանային և զբոսաշրջային քաղաք է։ Որպես բնակավայր հայտնի է դեռևս III-V դդ-ից և կոչվել է Ծաղկունյաց ձոր (Մեծ Հայքի Վարաժնունիք գավառ)։ Եղել է հայոց Արշակունի թագավորների ամառանոցը։ IX դ-ից պատկանել է Պահլավունի տոհմին, Զաքարյանների ժամանակ՝ Պռոշյաններին։ Միջնադարում կոչվել է նաև Կեչառիս կամ Կեչառուք (XI-XVIII դդ-ում այստեղ կառուցված Կեչառիս վանքի անունով)։ 1828-29-ին Ծաղկաձորում բնակություն են հաստատել նաև Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից տեղափոխված հայեր։ Խորհրդային տարիներին Ծաղկաձորը պիոներ-դպրոցականների և նախադպրոց. երեխաների ամառանոցներից էր և առողջավայր։ ՀՀ անկախացումից հետո դարձել է միջազգ. զբոսաշրջության և մարզ․ կենտրոն։ Բարեկարգվել է Երևան-Ծաղկաձոր ճանապարհը, նորոգվել են նախկինում գործող հանգստյան տները, կառուցվել ժամանակակից բարձրակարգ հյուրանոցներ։ Զարգացած են զբոսաշրջության ենթակառուցվածքները, միջազգ. չափանիշներին համապատասխանող ծառայությունները և անվտանգության համակարգը։ Կապեր են հաստատվել ֆրանս. «Ֆոնտ-Ռոմեո» և շվեյցար. «Վերբե» լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցել է լեռնադահուկային ինդուստրիայի առաջատար SKI-EXPO միջազգ. ցուցահանդեսին (Մոսկվա)։ 2004-08-ին լրակառուցվել է Թեղենիսի ճոպանուղին՝ 5 կայանով (1-ին գիծը՝ 1972-ին)։ Դահուկորդների համար ստեղծվել են 30 կմ ընդհանուր երկարությամբ սահուղիներ։
Գործում են 3 հանրակրթական դպրոցներ, «Ծաղկաձոր» օլիմպ․ մարզ․ համալիրը, ՀԳՄ ստեղծագործ․ տունը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը և այլն։
Ծաղկաձորում է Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII դդ.)՝ Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ (1033), Սբ Նշան (XI դ.), Կաթողիկե