Այս էջը հաստատված է

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Մարզը ներառում է Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի, Անիի, Աշոցքի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ, մասամբ՝ Աշոցք գավառների մասը։ 1828-ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո եղել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում։

Հս-արլ-ում սահմանակից է Լոռու, հվ-ում՝ Արագածոտնի մարզերին, արևմուտքում՝ պետական սահմանով՝ Թուրքիային, հյուսիսում՝ Վրաստանին։ Թուրքիայի հետ պետական սահմանից այն կողմ պատմ. Անի մայրաքաղաքն է։ Առավելագույն ձգվածությունը հս-ից հվ. 75 կմ է, արևմուտքից (Սառնաղբյուր) արմ. (Արագած լ-վահանի գագաթ)՝ 50 կմ։ Գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում (1988-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալլի)՝ 1500-2000 մ բարձր-ների վրա (առավելագույն բարձրություն՝ 4090 մ, Արագած լ.), ամենացածրը՝ 1400 մ (Խարկով գյուղի մոտ՝ Ախուրյանի հովիտը)։ Ընդգրկում է Ախուրյանի վերին ու միջին հոսանքների ձախափնյա ավազանը։ Եզրավորված է Եղնախաղի, Ջավախքի, Բազումի, Փամբակի լեռնաշղթաներով, Շարայի, Արագածի լ-զանգվածներով և Կարսի սարահարթով։

Մարզի հարավում են Շիրակի դաշտը և Թալինի սարավանդը, հյուսիսում՝ Աշոցքի սարահարթը։ Ջաջուռի (1952 մ) և Քարախաչի (2273 մ) լ-անցքներով կապված է Լոռու մարզին։

Մարզը հարուստ է տուֆի, բազալտի, պեմզայի, պեռլիտի և այլ շինանյութերի պաշարներով։ Կան նաև գորշ ածխի, զառիկի, քրոմի, այրվող թերթաքարերի հանքավայրեր, հանք․ և անուշահամ ջրերի պաշարներ։ Լանդշաֆտը լ-տափաստանային և լ-մարգագետնային է։ Այստեղ է Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռը» (-46 °C, Ամասիայի շրջան, Պաղակն)։

Տարածքով է հոսում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով, մարզում են Արփի լիճը (1950-ից վերածվել է ջրամբարի), Ախուրյանի (ամենամեծն է ՀՀ-ում, ջրատարողությունը՝ 526 մլն մ³, օգտակարը՝ 510 մլն մ³, ջրերն օգտագործում են ՀՀ-ն և Թուրքիան՝ հավասար իրավունքով, ՀՀ-ում ոռոգում է 30 հազար հա տարածք), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի և այլ ջրամբարներ, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները։

Տնտեսությունը։ Գյուղատնտ-արդ. շրջան է։ 2010-ին մարզի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 3,1 %, գյուղատնտեսությունը՝ 11,2 %, շին-ը՝ 5 %, մանրածախ առևտուրը՝ 2,6 %, ծառայությունները՝ 2,1 %։ Արդ-յան առաջատար ճյուղերն են սննդամթերքի, ներառյալ խմիչքների, մանածագործ․ արտադրությունները և ոչ մետաղահանք․ արտադրատեսակների արդ-ը։ Հայտնի են Արթիկի և Անիի տուֆն ու պեմզան։

Մարզը ՀՀ կարևոր երկրագործ․ շրջաններից է։ Արտադրում է հանրապետության կարտոֆիլի (89,739 տ), հացահատիկի (74,648 տ) զգալի մասը (2009)։ Բարձրադիր գոտու արոտավայրերն ու բնական խոտհարքները նպաստավոր են կաթնամսատու անասնապահության զարգացման համար։ Մշակում են նաև բանջարանոցային, կերային բույսեր, կաղամբ, զբաղվում մեղվաբուծությամբ և պտղաբուծությամբ։ 2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 229,636 հա, որից վարելահող՝ 89,110 հա (ներառյալ տնամերձերը), կարտոֆիլի ցանքատարածությունը՝ 3362 հա է, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ 34413 հա, բանջարեղենինը՝ 1283 հա, պտղինը՝ 446 հա։ Մարզն ուներ 96,7 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (45,54 հազար կով), 69,14 հազար ոչխար և այծ, 13,52 հազար