Այս էջը հաստատված է

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Մարզը ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրու և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մասը։ IX դ-ում եղել է Հայոց Բագրատունիների թագավորության, իսկ X դ-ի վերջին՝ Սյունիքի թագավորության կազմի մեջ։ XII-XIII դդ-ում տարածքում հաստատվել են Օրբելյան, Խաղբակյան (Պռոշյան) և այլ հայ իշխան. ընտանիքներ։ XVI դ-ում տարածքն անցել է Սեֆյան Պարսկաստանին։ 1720-ական թթ-ին Սյունիքի հայերը Դավիթ Բեկի գլխավորությամբ ապստամբել են Պարսկաստանի դեմ։ 1805-ին տարածքը Զանգեզուրի կազմում անցել է Ռուսաստանին և XIX դ-ի վերջին-XX դ-ի սկզբին կազմել է Երևանի և Ելիզավետպոլի նահանգների մաս։ 1920-ին Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հռչակվել է Ինքնավար Սյունիքը, 1921-ի ապրիլին՝ Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ Գորիս կենտրոնով։ 1921-30-ին ՀԽՍՀ Զանգեզուրի գավառն էր։

Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Վայոց ձորի մարզին, արևելքում՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությունին, հարավում՝ ԻԻՀ-ին (42 կմ)։ Տարածքն ակտիվ երկրաշարժամետ գոտում է, ընդգրկում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների և Մեղրի գետի ավազանները, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթնային մասն ու արլ. լանջերը։

Զանգեզուրի լեռնաշղթայից ճյուղավորվում և տարածքն արևմուտքից արլ. հատում են Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները։ Հարավ-արևելքում է Խուստուփ-Կատար լ-շղթան (Խուստուփ լ-գագաթ, 3202 մ), հս-արևելքում՝ Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքում՝ Կապանի գոգավորությունը։ Առավելագույն բարձրություն 3904 մ է (Կապուտջուդ), 3 հազար մ-ից բարձր են Ծղուկը (3581 մ), Մեծ Իշխանասարը (3550 մ), նվազագույնը՝ 375 մ (Մեղրու կիրճում)։ Հյուսիսում են Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ) լ-անցքները, հարավում՝ պլուտոն ներժայթուքը, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, բազալտ, կրաքար, այրվող թերթաքարեր, մարմար, գրանիտ, պեռլիտ և այլն) պաշարների բազմազանությունը։

Խոշոր գետերն են Որոտանը՝ Շաղատ, Սիսիան, Վարարակն, Խնձորեսկ, Շաքի, Ողջի վտակներով, և Մեղրին։ Լճերը՝ Կապույտ, Ալ, Սև, Ղազան և այլն, սառցադաշտային ծագման են։ Որոտանի վրա կառուցվել են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի ջրամբարները։ Կան ջրվեժներ (Շաքի և այլն)։

Մարզին բնորոշ է վերընթաց գոտիականությունը, առկա են չոր մերձարևադարձային, չոր լ-տափաստանային, լ-անտառային, լ-մարգագետնային և ձնամերձ լանդշաֆտները։ Մարզի շուրջ 20 %-ն անտառածածկ է։ Կապան ք-ից հվ.՝ Ծավ գետի կիրճում է աշխարհի ամենախոշոր՝ 120 հա տարածքով բնական սոսիների մնացորդային (ռելիկտային) պուրակը, որտեղ ծառերի տարիքը հաշվվում է հարյուրամյակներով։ Հարավում է Շիկահողի արգելոցը։

Մարզը, ունենալով ռազմավար․ և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք և բնահումքային հարուստ պաշարներ (հանք․ հանածոներով ՀՀ-ում ամենահարուստն է), արտադրական մեծ ներուժ, համեմատաբար քիչ է բնակեցված, տնտեսապես՝ թույլ յուրացված, որը մասամբ պայմանավորված է կենտրոնից մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ։

Տնտեսության հիմնական ճյուղը հանքարդ-ն է։ 2010-ին տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 18,3 %, գյուղատնտեսությունը՝ 5,7 %, շին-ը՝ 7,2 %, մանրածախ առևտուրը՝ 0,9 %, ծառայությունները՝ 1,1 %։

Բազմաճյուղ տնտեսության մեջ զգալի տեսակարար կշիռ ունեն նաև էլեկտրաէներգիայի