ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Մարզը ներառում է ՀՀ Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի հիմն. մասը, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ գավառն էր։ 1918-20-ին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920-91-ին՝ Խորհրդային Հայաստանի, 1991-ից՝ ՀՀ կազմի մեջ։ Գտնվում է ՀՀ-ի հարավում։ ՀՀ ամենափոքր տարածք ու քիչ բնակչություն ունեցող մարզն է։ Բնակչության զգալի մասի նախնիները 1828-29-ին եկել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Հյուսիսում սահմանակից է Գեղարքունիքի, արևելքում՝ Սյունիքի, արևմուտքում՝ Արարատի մարզերին, հյուսիս-արևելքում՝ ԼՂՀ Շահումյանի շրջանին, հարավում պետական սահմանով՝ Նախիջևանի ԻՀ-ին։ Եզրավորված է Սյունիքի բարձրավանդակով, Զանգեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով։ Սևանի ավազանին կապվում է Սելիմի (Սուլեմա, 2410 մ), Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լ-անցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով։
Կարևոր լեռնագր. միավորներն են Վայքի, Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթաները, Գոգի (3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ) լեռների հրաբխային կոները։ Կան բազմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան), շինանյութերի (տուֆ, բազալտ, գրանիտ և այլն) հանքավայրեր և անուշահամ ու հանք. (Ջերմուկ և այլն) ջրերի ելքեր։
Տարածքով հոսում է Արփա գետը՝ Դարբ, Կապույտք, Գևիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին վտակներով, գործում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարը։
Մարզին բնորոշ է վերընթաց գոտիականությունը։ Լանդշաֆտը կիսաանապատային է, չոր տափաստանային, լ-տափաստանային, լ-անտառային և մարգագետնատափաստանային, մերձալպյան և ալպյան։
Տարածքի 5,7 %-ը (13.240,1 հա) ծածկված է բնական անտառներով։ Բնական հուշարձաններից կան բուրգեր, քարանձավներ, ջրվեժներ (Ջերմուկի, Հերհերի)։
Մարզն աչքի է ընկնում բնական պայմանների խիստ հակադրություններով։ Հաճախակի են երկրաշարժերը։ «Քառասուն օր երկիրն օրորվում էր»,- վկայում է Կիրակոս Գանձակեցին՝ 735-ի ահեղ երկրաշարժի մասին, որը կործանել է Մոզ ավանը և այլ բնակավայրեր։ Պատմիչի կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ գավառն անվանվել է «Վայոց ձոր», որը նշանակում է «ողբերի ձոր»։
Տնտեսության գերակշռող ճյուղը գյուղատնտեսությունն է։ 2010-ին մարզի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 0,8 %, գյուղատնտեսությունը՝ 2,2 %, շին-ը՝ 0,9 %, մանրածախ առևտուրը՝ 0,4 %, ծառայությունները՝ 0,4 %։ Գյուղաց. տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի 63 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը։ Վերջին տարիներին Եղեգնաձորի տարածաշրջանում ստեղծվել են կաթնատու այծաբուծ. ֆերմաներ։ 2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 209260 հազար հա, որից վարելահող՝ 16217,8 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 2124 հա, խաղողի այգիները՝ 895 հա։ Մարզն ուներ 16,3 հազար խոշոր եղջերավորներ (7,9 հազար կով), 17,1 հազար ոչխար և այծ, 1,94 հազար