Այս էջը հաստատված է

խոզ։ Արտադրվել է 4,7 հազար տ միս (կենդանի զանգվածով), 19,9 հազար տ կաթ, 17,6 մլն ձու, 24,0 տ բուրդ։

Արդ-յան ոլորտում հայտնի են «Ջերմուկ» հանք․ ջրի և «Արենի», «Գինեթաս» խաղողի գինու արտադրական ձեռնարկությունները, որոնց տեսակարար կշիռները 2009-ին հանրապետության հանք․ ջրերի և խաղողի գինու արտադրությունների ընդհանուր ծավալում համապատասխանաբար կազմել են 59,5 % և 9,4 %։

Մարզն ունի ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման հեռանկար։ Լայնորեն ճանաչված է «Ջերմուկ» բալնեոլոգ. առողջարանը։

Տարածքով անցնում են Երևան-Գորիս-Ստեփանակերտ և ՀՀ-ն Իրանի հետ կապող (Մեղրիով) ավտոմայրուղիները։ Միջնադարում Վայոց ձորով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը, Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին պահպանվել է Սելիմի կարավանատունը (XIII դ.)։

Կրթամշակութային հաստատությունները։ Մարզում գործում են 6 նախադպրոց․ հաստատություններ, 51 հանրակրթական, 8 երաժշտ., գեղարվ-ի դպրոցներ, 7 մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, 1 պետական և 2 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություններ, պետական բուհերի 2 մասնաճյուղ, ոչ պետական բուհ, 9 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (110 բժիշկ և 287 միջին բուժաշխատող)։ Աղբերեց վանքում է գործել միջնադարյան Հայաստանի նշանավոր Գլաձորի համալսարանը։

Տարածքը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Վայոց ձորի թեմի մեջ, առաջնորդանիստը Եղեգնաձորի Սբ Աստվածածին եկեղեցին է։

Պատմաճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Թանադեի վանքը, Սբ Սիոնի մենաստանը (երկուսն էլ՝ VIII դ.), Նորավանքը (IX-XIV դդ.), Ցաղաց քարի, Արատեսի, Շատինի, Խոտակերաց, Մարտիրոսի Սբ Աստվածածին վանքերը, Գնդեվանքը (բոլորը՝ X-XIII դդ.), Եղեգիսի Սբ Նշան եկեղեցին, Գումուրի խաչքար-մատուռը (երկուսն էլ՝ XIII դ.), Սբ Զորաց (1303), Արենիի Սբ Աստվածածին (1321) եկեղեցիները, Կարմրաշենի խաչքարերը (X-XVI դդ.) և այլն։ Արենիի թռչունների քարանձավում 2008-ին հայտնաբերվել է 5500 տարվա հնության կոշիկ և գինու 6000-ամյա արտադրամասի հետքեր։

Նորավանքը միջնադարյան վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն՝ Ամաղու գ-ից 3 կմ հյուսիս-արլ.։ Պարսպապատ է, ունի 2 կից եկեղեցիներ, գավիթ, տապանատուն, արլ. կողմում՝ երկհարկ եկեղեցի, պարսպից դուրս՝ հուշարձանախմբի հվ. կողմում՝ 2 մատուռ։ Հնագույն՝ Սբ Կարապետ (IX-X դդ.) եկեղեցին հիմն․ հուշարձանախմբի հարավում է (բացվել է 1982-83-ի պեղումներով), վանական համալիրի կենտրոնում է գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա (1216-21) եկեղեցին, արևելքում՝ Սբ Աստվածածինը (երկհարկ, 1339, ճարտ.՝ Մոմիկ)։

Բակում և գավիթում կան մեծարժեք խաչքարեր, ուշագրավ են Մոմիկի, Տարսայիճ իշխանի, Ստեփանոս Օրբելյանի, Բուրթելի և նրա որդի Իվանեի հիշատակներին կանգնեցված խաչքարերը։