Այս էջը հաստատված է

Գործում են նախադպրոց․ հաստատություն, 4 հանրակրթական, գեղարվ-ի և մարզ․ դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղը, պետական քոլեջ, պատմ. թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն և այլն։

Կիրակոս Գանձակեցին Բերդը հիշատակում է որպես վարչական կենտրոն՝ Ոլորուտ անունով։ Քաղաքի հարավ-արևելքում կան կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. I հազարամյակ) մնացորդներ, մ. թ. ա. V-IV դդ-ի դամբարանադաշտ և այլն, մերձակայքում են Նոր Վարագավանքը (XII-XIII դդ.) և Խորանաշատ (XIII դ.) վանքը։

Դիլիջանը (ք.՝ 1951-ից) գտնվում է Երևանից 96 կմ հյուսիս-արլ.՝ Աղստև գետի հովտում՝ 1100-1500 մ բարձր-ների վրա։ Քաղաքի հյուսիս-արևելքում են Բազումի, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Փամբակի, արևելքում՝ Մուրղուզի, հարավ-արևելքում՝ Արեգունի լեռները։ Տարածքը 6,9 կմ² է, բն.՝ 15,7 հազար (2012)։ Քաղաքն իր շրջակա տարածքով ներառված է «Դիլիջան» ազգային պարկի մեջ։

Դիլիջանի տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մաս։ Ենթադրվում է, որ Դիլիջանն է եղել պատմ. Հովքը, որն Արշակունի թագավորների ամառանոցն էր և արքունի որսատեղին։ Հետագա դարերում հիշատակվել է որպես ավան, երբեմն՝ գյուղաքաղաք, որի բնակիչներն զբաղվել են գյուղատնտեսությամբ և արհեստներով (կային ճկած աթոռների պատրաստման գործատներ, դարբնոց և սղոցարան)։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում «Դիլիջան» անունը հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի (1643-1713) ուղեգրություններում (1811, հ. 10)։ 1826-ի օգոստ. 30-ին գեն. Մադաթովը Ղազախի կառավարիչ Ս. Օրբելիանուն հղած գրության մեջ խնդրել է միջոցներ ձեռնարկել Դիլիջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Խորհրդային տարիներին Դիլիջանում գործել են արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Ամենախոշորն «Իմպուլս» գործարանն էր, որի արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ տարբեր շրջաններ, նաև արտահանվել է։ Ներկայումս գործում է «Դիլիջան Ֆրոլովա» հանք․ ջրերի գործարանը։

Դիլիջանը լեռնակլիմ. բալնեոլոգ. հայտնի առողջարան է, որի հիմն․ բուժիչ գործոններն են միջին և բարձրլեռն. կլիման, անտառային թարմ օդը, բարենպաստ թթվածնային ռեժիմը, լանդշաֆտային առանձնահատկությունները, ածխաթթվային հիդրոկարբոնատային-նատրիումային բուժիչ հանք․ ջուրը, որն իր բաղադրությամբ ու հատկություններով նման է Բորժոմի (Վրաստան) և Վիշիի (Ֆրանսիա) առողջարանների ջրերին։ Բնական արժեքավոր հարստություններից է անտառը (34 հազար հա)։

Դիլիջանում բուժվում են թոքերի ու ոսկրի տուբերկուլոզով և ստամոքսաղիք. համակարգի հիվանդություններով տառապողները։ Առաջին հիվանդանոցը (լազարեթ) կառուցվել է 1888-89-ին։ 1921-ին հիմնադրվել է Հայաստանում առաջին հակատուբերկուլոզային առողջարանը (այժմ՝ Ռ. Գյանջեցյանի անվան), 1927-ին՝ դիսպաներ (Գրիգոր Սաղյանի նախաձեռնությամբ, այժմ՝ Հանրապետական հակատուբերկուլոզային հիվանդանոց)։ Գործում են նաև «Դիլիջան», «Մոր և մանկան» և այլ առողջարաններ, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների ստեղծագործ․ տները, մասնավոր պանսիոնատներ, հանգստյան տներ և այլն։ Քաղաքն ունի էկոզբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ։

Դիլիջանում առաջին դպրոցը բացվել է 1868-ին։

Գործում են 6 նախադպրոց․ հաստատություններ, 5 հանրակրթական, 1 հատուկ (սոցիալապես անապահով երեխաների համար), երաժշտ. դպրոցներ, ԿԳ նախարարության Դիլիջանի պետական բժշկ., արվ-ի պետական քոլեջներ, Երևանի գեղարվ-ի պետական ակադ-ի, Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի մասնաճյուղերը, մարզահամալիրը, պետական թատրոնը (հիմն.՝ 1932), «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանը։

1961-ին կազմվել է Դիլիջանի 1-ին գլխավոր հատակագիծը (ճարտ-ներ՝ Ռ. Գրիգորյան, Ս. Ավետիսյան)։ 1988-ին հաստատվել է քաղաքի նոր գլխավոր հատակագիծը (ճարտ.՝ Լ. Էյվազովա)։ 1988-ի երկրաշարժից վնասվել է նաև Դիլիջանը։

Դիլիջանը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական ու ճարտ. հուշարձաններով (մ. թ. ա. I հազարամյակ-մ. թ. XII-XIII դդ.)։ Քաղաքամերձ տարածքում են Ռեդկին լագերի, Գոլովինոյի և Խրտանոցի դամբարանադաշտերը, Ջուխտակ վանքը (քաղաքից 3 կմ արմ., XII-XIII դդ.), Մաթոսավանքը (1205), Հաղարծնի