Առաջին գահակալը սբ Գրիգոր Ա Լուսավորիչն է, ներկայիս 132-րդը՝ Գարեգին Բ Ներսիսյանը (1999-ից)։
Իր հոգևոր առաքելությունն իրականացնելիս Հայոց եկեղեցին դարեր շարունակ մասնակցել է նաև պետության ազգային, մշակութային, իրավական, տնտեսական ու քաղաքական կյանքին, իսկ պետականության բացակայության և օտար տիրապետության պայմաններում ստանձնել է նաև պետական գործառույթներ, ներկայացրել ազգն ու պաշտպանել նրա շահերը։ Մեծ դեր է կատարել սփյուռքահայ համայնքների կազմակերպման և զարգացման բոլոր փուլերում, գաղթաշխարհում եղել է հայապահպանության և ազգային ինքնագիտակցության բարձրացման գլխավոր գործոն։ Նրա հովանու տակ են ստեղծվել կամ նրա շուրջն են համախմբվել բազմաթիվ համայնքային կառույցներ։ Հայահոծ համայնքներ ունեցող գրեթե բոլոր երկրներում տեղական իշխանություններն հենց եկեղեցին են ճանաչել իբրև հայ ազգային փոքրամասնությունը ներկայացնող և նրա շահերը պաշտպանող հաստատություն։ Որոշ երկրներում հայոց թեմերի առաջնորդարաններն իրականացնում են նաև քաղաքաց. գործառույթներ։ Եթե ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որտեղ ազգային և պետական կառույցներ կան, եկեղեցու հիմն․ դերը քրիստ. հավատքի ու գիտակցության ամրապնդումն է, ապա Սփյուռքում եկեղեցին հոգևոր հայրենիք է՝ համայնքների կրթական և մշակութային կյանքն աշխուժացնելու, աշխարհացրիվ հայերին համախմբելու առաքելությամբ։
Հայ եկեղեցին առանձնահատուկ դեր է կատարում Հայրենիք-Սփյուռք հոգևոր-մշակութային կապերը սերտացնելու, հայկական պետությունների զարգացման գործին սփյուռքահայությանը ներգրավելու ասպարեզում։
Այդուհանդերձ, XXI դ-ի 1-ին տասնամյակներում Հայ առաքել․ եկեղեցին ստիպված է դիմագրավելու արտաքին ու ներքին մարտահրավերների, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր ունեն։ Օրախնդիր է դարձել կայուն եկեղեց. համակարգ և կրթյալ հոգևորականություն ունենալը, որը միակ և ընդունելի ճանապարհն է այլընտրանքային կրոն․ գաղափարախոսություններին դիմադարձ կանգնելու և հայ եկեղեց. կառույցի հզորությունը պահպանելու համար։
Հայաստանյայց առաքելական սբ եկեղեցու վարչական կառուցվածքը
Ընդհանրական կաթողիկոսություն Ամենայն հայոց (Սբ Էջմիածին),
Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),
Երուսաղեմի հայոց պատրիարքություն (Երուսաղեմ, Իսրայել),
Կ. Պոլսի հայոց պատրիարքություն (Ստամբուլ, Թուրքիա),
Թեմ. առաջնորդություններ,
Հայրապետական պատվիրակություններ,
Վանական միաբանություններ,
Համայնքային (ծխական) հովվություններ։
Հայաստանյայց առաքելական սբ եկեղեցու հոգևոր և վարչական իշխանության մարմինները
Ազգ-եկեղեց. ժողով, գերագույն օրենսդիր մարմինն է։
Եպիսկոպոսաց ժողով, կանոնադիր մարմինն է։
Գերագույն հոգևոր խորհուրդ (ԳՀԽ). բարձրագույն գործադիր իշխանությունն է։
Թեմ. պատգամավոր․ ժողով, թեմի բարձրագույն օրենսդիր մարմինն է։
Թեմ. խորհուրդ, թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է։
Ծխական ժողով, համայնքի կամ ծխի անդամների ընդհանուր ժողովն է։
Ծխական խորհուրդ, համայնքի կամ ծխի գործադիր վարչական մարմինն է։
Ազգ-եկեղեց. և Եպիսկոպոսաց ժողովներն ու ԳՀԽ-ն նախագահում է Ամենայն հայոց կաթողիկոսը, թեմ. մարմինները՝ թեմակալ առաջնորդները, ծխականները՝ ծխերի հոգևոր հովիվները։