Այս էջը հաստատված է

Արգելավայրեր

Արգելավայրերը մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածքներն են, որտեղ ապահովվում են էտալոնային, գիտ․, պատմամշակութ․, տնտ․ արժեք ներկայացնող բնական համալիրների և նրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը։ Ներկայումս հանրապետությունում ստեղծված են 25 արգելավայրեր.

Արջատխլենու (պահպանվում են ռելիկտային արջատխլենու և կենու պուրակներ), Ախնաբաթի կենու (300-400 տարեկան ռելիկտային կենու եզակի պուրակ), Արագածի ալպյան (Քարի լիճը և շրջակա ալպյան բուսականությունը), Արզական-Մեղրաձորի (հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ՝ այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ), Բանքսի սոճու (եզակի տնկարկային պուրակ), Բողաքարի (արաքսյան կաղնի, սագասոխուկ, Թախտաճյանի խլածաղիկ), Գանձաքարի, Գետիկի (լեռն․ անտառներ, այծյամ, գորշ արջ, մարեհավ), Գիհու նոսրանտառային (եզակի և ռելիկտային ծառակերպ գիհու նոսր անտառներ ու նրանց բնորոշ բուս․ և կենդ․ համակեցություններ), Գորիսի (տարածաշրջանի եզակի բուս․ և կենդ․ աշխարհներ՝ այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ), Գոռավանի ավազուտներ (մնացորդային սորուն ավազների եզակի բուս․ և կենդ․ տեսակներ՝ մատիտեղանման գեղածնկիկ, նեղատերև հազարատերևուկ, Մարշալի իշակաթնուկ և այլն), Գյուլագարակի (եզակի ռելիկտային սոճու անտառներ), Եղեգնաձորի (հազվագյուտ և անհետացող կենդանիներ՝ բեզոարյան այծ, մուֆլոն, հովազ, ցորենի վայրի ցեղակիցների բազմազանություն), Իջևանի (այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ), Հանքավանի ջրաբանական («Հանքավան» հանք․ ջուր), Հերհերի նոսրանտառային (ռելիկտային ծառակերպ գիհու նոսր անտառներ և տանձի մնացորդային այգի և տրագականտային աստրագալներ), Կովկասյան մրտավարդենու (Կովկասյան մրտավարդենի), Մարգահովիտի (անտառային կենդանիներ՝ այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ), Որդան կարմիր (որդան կարմիր և որդնախոտի եզակի բուս․ համակեցություն), Ջերմուկի անտառային (լեռն․ անտառներ, հազվագյուտ կենդանիներ՝ հայկ․ մուֆլոն, բեզոարյան այծ, վարազ, արջ և այլն), Ջերմուկի ջրաբանական («Ջերմուկ» հանք․ ջուր), Սոսու պուրակ (սոսու բնական պուրակ), Սև լիճ (բարձրլեռն. հրաբխային ծագման եզակի ջրավազան և նրա հարակից բնատարածքներ, 102 տեսակի անոթավոր բույսեր, ալպյան գոտու բուս․ և կենդ․ համակեցություններ), Խոր վիրապ (ջրաճահճային էկոհամակարգեր և բնորոշ բույսերի և կենդանիների տեսակներ), Գիլան (լ-անտառային էկոհամակարգեր)։

Բնության հուշարձաններ

Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ գիտ․, պատմամշակութ. և գեղագիտ․ հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է։ Ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը։ Բնության հուշարձանի (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արլ. սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գ-ի մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Սեղրու նախալեռն. շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև ու ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լ-վահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռն. լճակներ, հանք․ աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկանի, Ջերմուկի, Շաքիի) և այլն։