1917-ին, Երբ Երուսաղեմն անցել է բրիտ. հովանավորության ներքո, պաշտոնապես հաստատվել են Երուսաղեմի Սբ Հարություն տաճարի, Գեթսեմանիի պարտեզի և Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարի 3 իրավատերեր։ Սահմանվել են յուրաքանչյուրի իրավունքները, բաժինները, պաշտամունքի օրերը և ժամերը, յուրաքանչյուր տեղի սրբազան իրերի քանակը, Սբ Տեղիների պատասխանատվությունը։ Հայերը կաթոլիկ և ուղղափառ պատրիարքությունների հետ պահպանել են համահավասար իրավունքներ։
1929-ին Երուսաղեմի բրիտ. ներկայացուցիչը և Երուսաղեմի կառավարիչը բրիտ. կառավարությանն են ներկայացրել «Սրբատեղիների իրավական վիճակը» վավերաթուղթը, որտեղ ամփոփված են յուրաքանչյուր քրիստոնյա համայնքի իրավունքները։ Մինչև օրս պահպանվում է իրավ․ այդ վիճակը։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծաղկել է Եղիշե արք. Դուրյան և բանասեր, մատենագետ Թորգոմ արք. Գուշակյան (1931-38) պատրիարքների օրոք։ Վերաբացվել է ժառանգավորաց վարժարանը, մեծ ուշադրություն դարձվել տպարանին, որտեղ լույս են ընծայվել հայագիտական, կրոն., պատմ. և այլ բնույթի մեծարժեք գրքեր։ Պատրիարքությանը կից բացվել է Աստվածաբան. սեմինարիա, որտեղ պատրաստվում են հոգևորականներ։ Սբ Հակոբյանց վանքում է Երուսաղեմի ձեռագրատունը, որտեղ պահվում է հայերեն ձեռագրերի (շուրջ 4 հազար) աշխարհում 2-րդ խոշոր հավաքածուն (Մատենադարանից հետո)։ Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման թվականից՝ ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է XII-XIII դդ-ում։ 1866-ից լույս է տեսնում Երուսաղեմի հայոց պատրիարքության «Սիոն» պաշտոնական ամսագիրը (1877-1927-ին ընդհատվել է)։
1929-ին Ամենայն հայոց կաթողիկոսության համաձայնությամբ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն է զիջել Դամասկոսի, Լիբանանի և Կիպրոսի թեմերը։ Ներկայումս Երուսաղեմի հայոց պատրիարքության իրավասության տակ են միայն Պաղեստինի ու Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը։
Պատրիարքը Սբ Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը։ Նրան ընտրում է Երուսաղեմի Սբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է։ Ընտրությունը հաստատում են Ամենայն հայոց կաթողիկոսը և այն պետության ղեկավարը, որի իրավասության տակ է Երուսաղեմը։
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը (Պատրիարքություն հայոց Թուրքիո) Հայաստանյայց առաքել․ սբ եկեղեցու նվիրապետ․ աթոռներից է, հիմնադրվել է 1461-ին։ Աթոռանիստը Գում Գափուի Սբ Աստվածածին Մայր եկեղեցին է (Ստամբուլ)։ 1998-ից Կ. Պոլսի հայոց պատրիարքը Մեսրոպ արք. Մութաֆյանն է, 2012-ին տեղապահ է ընտրվել Արամ արք. Աթեշյանը։
Մինչև պատրիարքության հաստատումը օսմանյան տերության հայ համայնքներն ընդգրկված են եղել 3 թեմում. Սվազի (Սեբաստիա), կենտրոնը՝ Սբ Նշան վանք, Էնկյուրիի (Անկարա), կենտրոնը՝ Սբ Աստվածածին կամ Կարմիր վանք, Բուրսա (Պրուսա)-Քոթահիա (Կուտինա)-Գարամանի, կենտրոնը՝ Բուրսա։ Վերջինիս առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսը (Պրուսացի) դարձել է Կ. Պոլսի առաջին պատրիարքը (1461-78), որի աթոռանիստը Սամաթիո հայաշատ թաղամասի Սբ Գևորգ եկեղեցին էր։ 1641-ից պատրիարքարանը տեղափոխվել է Գում Գափու (այնտեղ է ցայսօր)։ Կ. Պոլսի հայոց պատրիարքներն օժտված էին կրոնական ընդարձակ և աշխարհական մասնակի իրավունքներով։ Նրանք տնօրինել են Թուրքիայի վարչական իրավասության ներքո գտնվող հայության կրթությունն ու լուսավորությունը, տպագրության գործը, բարեգործական և մշակութային հաստատությունները, պետության ու համայնքի օգտին հավաքել մասնակի հարկեր։ Օսմանյան կայսրության սահմանների ընդարձակմանն ու զորացմանը զուգընթաց ընդարձակվել են նաև պատրիարքության իրավասության աշխարհագր. սահմանները, բարձրացել