կազմակերպվել են հայ ունիթոր․ համայնքներ (կենտրոնը՝ Ապրակունիսի Սբ Կարապետ վանք)։ XV-XVII դդ-ում կաթոլիկությունը տարածվել է Արևմտյան Հայաստանում և օսմանյան կայսրության Ախալցխայի փաշայության գավառներում, նաև հայկական գաղթավայրերում։ Մինչև XVIII դ. կաթոլիկացվել են Հունգարիայի ու Լեհաստանի հայկական գաղութները, որի հետևանքով ուծացվել է գաղութահայությունը։ 1829-ի սեպտ. 14-ին օսմանյան կայսրությունը հայ կաթոլիկներին ճանաչել է որպես Կ. Պոլսի հայոց պատրիարքությունից անկախ և առանձին կրոն․ համայնք (միլլեթ)։ Արևելյան Հայաստանում հայ կաթոլիկ համայնքները հիմնականում ստեղծվել են Ադրիանապոլսի դաշնագրից (1829, սեպտ.) հետո, երբ Կարինից (Էրզրում), Ալաշկերտից, Մուշից ու այլ վայրերից տեղափոխված հայեր, այդ թվում և կաթոլիկ, անցել են Ռուսական կայսրություն, բնակություն հաստատել Շիրակում, Տաշիրում, Լոռիում, Ջավախքում, որտեղ կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Արևելյան Հայաստանի և Ջավախքի հայ կաթոլիկ գյուղերի ու գավառների համար Հռոմի աթոռը XIX դ-ի կեսից ստեղծել է եկեղեց. կազմակերպություն, իսկ 1909-ին ողջ Կովկասի համար առաքել․ կառավարիչ է նշանակել Սարգիս ծ. վրդ.
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍ ԺԹ ԹԱՐՄՈՒՆԻ (ծ. 1940, Կահիրե), Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս-պատրիարք (1999-ից)։ Ավարտել է Հռոմի Լևոնյան քահանայապետական հայոց դպրեվանքը, Գրիգորյան համալսարանում ուսանել փիլ. և աստվածաբանություն։ 1965-ին Կահիրեում ձեռնադրվել է քահանա, 1990-ին՝ եպիսկոպոս, գլխավորել է Ալեքսանդրիայի Հայ կաթողիկե թեմը։ 1992-97-ին վարել է Եգիպտոսի կաթողիկե եկեղեցիների հովվական խորհրդի ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ Մասնակցել է Հովհաննես Պողոս II-ի այցելություններին՝ Եգիպտոս, Հորդանան (2000, փետր.), Սիրիա (մայիս) և Հայաստան (2001, սեպտ.)։ Նպաստել է կրթության զարգացմանը, վերահրատարակել պատրիարք․ թեմի «Մասիս» ամսաթերթը։ 2005-ի հունվարին նրա խնդրանքով և Հովհաննես Պողոս II-ի օրհնությամբ Վատիկանի Սբ Պետրոս եկեղեցու որմնախորշում տեղադրվել է Սբ Գրիգոր Լուսավորչի արձանը։ Նույն ամսին Ներսես Պետրոս ԺԹ-ն Հռոմում կազմակերպել է գիտաժողով՝ Սբ Գրիգոր Նարեկացու մահվան հազարամյակի կապակցությամբ։ 2006-ի հուլիսին այցելել է ԼՂՀ։ 2008-ի փետր-ին Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու նախաձեռնությամբ Բենեդիկտոս XVI-ը Հռոմում բացել և օրհնել է Սբ Գրիգոր Լուսավորչի հրապարակը։
ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ [Աղաջանյան Ղազարոս Հարությունի (1895, Ախալցխա-1971, Վատիկան)], Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-62), Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործիչ, կարդինալ (ծիրանավոր, 1946-ից)։ 1906-ին մեկնել է Հռոմ, որտեղ 12-ամյա ուսումնառությունից հետո ստացել է աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է վարդապետ՝ Ֆրանցիսկոս անվամբ։ 1919-21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդ։ Վրաստանի խորհրդայնացումից (1921-ի փետր.) հետո մեկնել է Հռոմ, նշանակվել տեղի հայ կաթոլիկ Լևոնյան քահանայական վարժարանի փոխմեծավոր, 1923-ից՝ մեծավոր։ 1921-37-ին դասավանդել է Հռոմի Ուրբանյան քոլեջի փիլ-յան, ապա՝ աստվածաբանության ամբիոններում։ 1935-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։
Երկրորդ համաշխ. պատերազմից (1939-45) հետո մեծ դեր է խաղացել Վատիկանի միջոցով նորանկախ արաբ․ պետությունների շահերն Արևմուտքի երկրներում պաշտպանելու, նրանց հետ դիվանագիտական կապեր հաստատելու և ամրապնդելու գործում։ 32 նորընտիր կարդինալների շարքում առաջինը նրան է պատիվ տրվել 1946-ի մարտի 12-ին հայածես Պատարագ մատուցելու Սիքստինյան կապելլայում՝ Հռոմի Պիոս XII պապի գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ։ 1952-ին օծել է Ամմանի (Հորդանան) հայ կաթոլիկ նորակառույց եկեղեցին, 1954-ին՝ Թեհրանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1959-ին՝ Բեյրութի Սբ Եղիա-Սբ Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցին և այլն։ 1952-ին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։
1955-ին նշանակվել է Արևելյան եկեղեցիների կանոնագրի պատրաստման Կարդինալների հանձնախմբի նախագահ, 1960-ին՝ Վատիկանի 2-րդ ժողովը նախապատրաստող Առաքելությունների հարցերի քննիչ հանձնախմբի պատասխանատու, 1958-ին՝ Հավատի տարածման (քարոզչության) Սբ ժողովի փոխնախագահ, 1960-70-ին՝ նախագահ։ Ելնելով Հռոմում մշտ. ներկայության անհրաժեշտությունից՝ 1962-ի օգոստ-ին հրաժարվել է կաթողիկոս-պատրիարքի պաշտոնից։ Հռոմի Հովհաննես XXIII պապի վախճանվելուց հետո համարվել է Հռոմի պապի ամենահավանական թեկնածուն, մասնակցել է պապի ընտրությանը, սակայն քաղաքական հանգամանքների բերումով կարդինալների դռնփակ ժողովը՝ կոնկլավը (1963-ի հունիսի 19), պապ է հռչակել Պողոս VI-ին։ 1966-ին նշանակվել է Վատիկանի 2-րդ ժողովի վճիռների գործադիր հանձնախմբի անդամ։ Աճյունն ամփոփված է Հռոմի Սբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում։