ՀԱԵ-ներ կան Բուենոս Այրեսում (Արգենտինա, 1922-ից), Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ, 1924-ից, մինչև 1944-ը գործել է 2 եկեղեցի), Սան Պաուլոյում (Բրազիլիա, 1927-ից), Բրյուսելում (1991-ից, Բելգիա), Սոֆիայում (վերականգնվել է 1990-ական թթ-ին), Վառնայում (1991-ից, երկուսն էլ՝ Բուլղարիա), Սիդնեյում (Ավստրալիա, 1973-ից)։ Այս եկեղեցիները որևէ ավետարան. միության մեջ չեն մտնում։
Արևելահայոց մեջ ավետարան․ գաղափարները տարածվել են XVIII դ-ի վերջին-XIX դ-ի սկզբին, որին նպաստել են նաև Արևելյան Հայաստանում և Վրաստանի մի շարք շրջաններում բողոքականությանը և մկրտականությանը (բապտիզմ) հարող փոքր համայնքներն ու անհատները, ինչպես նաև 1890-ական թթ-ից Կովկասում հաստատված գերմ., շվեյց. և շվեդ․ բողոքական գաղափարների ջատագովները։
Արևելահայ ավետարանականներին մինչև 1914-ը Ռուսական կայսրությունը պաշտոնապես չի ճանաչել որպես առանձին կրոն․ համայնք (Ռուս․ կայսրությունում պաշտոնապես գործել է միայն Լյութեր․ եկեղեցին)։
XIX դ-ի 2-րդ քառորդից մինչև 1890-ական թթ. Այսրկովկասում հայ ավետարանակության կենտրոնը Շամախին ու Արցախն էին։ 1823-37-ին Շուշիում գործել են Բազելի (Շվեյցարիա) Ավետարան․ քարոզչական ընկերության լյութեր. միսիոներները՝ Ֆելիցիան Զարեմբայի և Ավգուստ Դիտրիխի գլխավորությամբ։ Վերջինս, ըստ Հայրապետ Ղուկասյանցի, Մոսկվայում Միքայել Սալլանթյան վարդապետի մոտ սովորել է գրաբար։ 1827-ին Շուշիում բացվել են նրանց ուսումնարանն ու տպարանը, որտեղ աշխարհաբար արևելահայ-ով հրատարակվել են հանրամատչելի կրոն․ գրքեր։ Դպրոցներ են բացվել նաև Արցախի մի շարք գյուղերում։ Քարոզիչների բուռն գործունեության շնորհիվ ստեղծվել է Շամախիի լյութեր. միաբանությունը։ 1842-ին շամախեցի վարժապետ Սարգիս Համբարձումյանի հիմնած ուսումնարանը գործել է ավելի քան 20 տարի։ 1861-ի ապրիլի 25-ին Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին կոնդակով բանադրել է նաև արևելահայ բողոքականներին։ 1866-ի օգոստ. 22-ին ցար. հրովարտակով Շամախիի հայ բողոքականները պաշտոնապես ճանաչվել են առանձին կրոն․ համայնք՝ Մոսկվայի ավետարան-լյութեր. եկեղեցու հովանու ներքո։
XIX դ-ի կեսերին հայ ավետարան․ համայնքներ են եղել Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում և նրանց մերձակա գյուղերում։ Երևանում առաջին ավետարանականները հիշատակվում են 1867-ից, իսկ դարավերջից Երևանի ՀԱԵ-ն դարձել է ամենազորեղը Կովկասի ՀԱԵ-ների մեջ։ ՀԱԵ-ներ կային Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում, Սուխումում։ 1914-ին ստեղծվել է հայ ավետարանականների Արարատյան միությունը, որը նույն թվականին պաշտոնապես ճանաչել է ռուս․ կառավարությունը։ Միությունը (կենտրոնը՝ Երևան) գործել է մինչև 1928-ը. անփոփոխ նախագահն էր վերապատվելի Վահան Միքայելյանը։ 1923-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայ ավետարանականների Արարատյան միությունը։ 1918-30-ին հայ ավետարանականների թիվը ՀՍԽՀ-ում եղել է 2500-3000, իսկ ողջ Այսրկովկասում՝ 3500-4000։ Գրեթե բոլոր համայնքներն ունեցել են եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ։ ԽՍՀՄ-ում 1930-ից, ի թիվս կրոն․ այլ կազմակերպությունների, արգելվել է նաև ավետարան․ եկեղեցիների գործունեությունը։ 1944-ի հոկտ-ին թույլատրվել է մկրտականների (բապտիստներ) և ավետարանականների պաշտոն. գործունեությունը մեկ ընդհանուր միության մեջ, և ստեղծվել է Ավետարան․ քրիստոնյա-բապտիստների եկեղեցին, որն ընդգրկել է նաև ՀԽՍՀ ավետարան․ և մկրտական եկեղեցիները։
Հայաստանում ևս 1945-ի հոկտ-ից թույլատրվել է ավետարանականների և մկրտականների միավորումը մեկ միության մեջ։ 1946-ի փետր-ին հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Երևանի Հայ ավետարան․ քրիստոնյա-բապտիստների եկեղեցին, որի մասն է կազմել նաև Լենինականի