Այս էջը հաստատված է

մարզի գյուղ Վերին Դվին), «Հայաստանի Հրեական կրոնական համայնքը» (կենտրոնը՝ Երևան) և այլն։

ՀՀ-ում գրանցված են նաև «Նորառաքելոց եկեղեցու Հայաստանի համայնք», «Նոր սերունդ եկեղեցի», «Արորդիների Ուխտ, կրոնական համայնք» (հեթանոս․ պաշտամունքի) և այլ կրոն․ կազմակերպություններ, ինչպես նաև մունականների, կրիշնայականության ու յոգայի, սատանայապաշտների զանազան խմբեր։

Գործում են նաև ազգային եկեղեցու դրույթներին ու ծեսերին հակադրվող աղանդավոր․ կազմակերպություններ։ Աղանդների հետևորդները քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը և ապրում դրանցով։ Նրանց համոզմունքների հիմքում իրենց առաջնորդի կարծեցյալ առավելություններն ու հեղինակությունն են և նրա աստվածացումը, որը հանգեցնում է քրիստ. ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման։ Հետևաբար մեծամասնության համար աղանդները կեղծ, վնասակար և վտանգավոր են։

Աղանդները դեմ են ոչ միայն ազգային եկեղեցուն, այլև հաճախ պետությանն ու պետական կառույցներին։ Նրանց հետևորդները խուսափում են ազգային, քաղաքաց., հասարակական, բարոյական պարտականություններից։

Հայաստանում առավել տարածված աղանդներից են՝

Եհովայի վկաներ (Եհովականներ). պաշտոնապես կոչվում է Դիտաշտարակի կամ Դիտարանի ընկերություն։ Հիմնադրել է Չառլզ Թեյզ Ռասելը 1872-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Պիտսբուրգ քաղաքում։ Ողջ աշխարհն ընդգրկող նրանց գործառնությունները կառավարում է «Ղեկավար մարմինը»՝ Նյու Յորքի Բրուկլինի շրջանի կենտրոնակայանից։ Եհովականները ծավալել են եռանդուն գրահրատարակչական ու գրատարածման գործունեություն. «Դիտարան» և «Արթնացեք» հանդեսների տպաքանակը 6 հազարից հասել է 55 մլն-ի՝ 130 լեզվով։ Կազմակերպությունն ունի 60 հազար ժողով և 4 մլն-ից ավելի աշխատակիցներ ու կամավոր օգնականներ։ ՀՀ-ում ամենաբազմանդամ (մոտ 11 հազար) աղանդն է. Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակության նրանց Ընթրիքին 2011-ին ներկա է եղել 24 հազար մարդ։ Պաշտոնապես գրանցվել է 2004-ին, կազմակերպության (կենտրոնը՝ Երևան) խորհրդի նախագահը Հրաչ Քեշիշյանն է։

Եհովայի վկաներ աղանդն ընդունում է մեկ միասնական Աստծուն՝ Եհովային, իսկ Քրիստոսին համարում է նրանից ծնված և նրա կամքը կատարող։ Եհովականները չեն ընդունում Սբ Հոգու աստվածությունը, մերժում են Սբ Խաչը, մկրտությունը և այլն։ Ըստ նրանց՝ սատանայի թագավորությունը երկրի վրա է, իսկ Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և Երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը։

Աղանդն իր շարքերը համալրում է զանազան մշակույթների, կրոնների ու ազգությունների հաշվին։

Մորմոնների եկեղեցի («Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»), հիմնադրել է Ջոզեֆ Սմիթ Կրտսերը 1830-ին ԱՄՆ-ում։ Բարգավաճող աղանդներից է. ունի 40 հազար հաստիքային քարոզիչ։ Մորմոնները չեն ընդունում քրիստ. խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը։ Նրանք պնդում են, թե իրենք իբր վերականգնում են Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ ՀՀ-ում մորմոնների կրոն․ համայնքի (կենտրոնը՝ Երևան) ղեկավարը Ռոլանդ Դանն է։

Ադվենտիստներ կամ գալստականներ. առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թթ-ին։ Բողոքականության հետևորդների տարատեսակներից է։ Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը։ «Հայաստանի Շաբաթապահ-գալստական (ադվենտիստական) եկեղեցին» (կենտրոնը՝ Երևան) պաշտոնապես գրանցվել է 2006-ին, ունի 800 անդամ, ղեկավարը Դուգլաս Հարդթն է։

Հիսունականներ կամ հոգեգալստականներ. առաջացել է ԱՄՆ-ում XIX դ-ի վերջին - XX դ-ի սկզբին։ Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք կարողացել են քարոզել օտարալեզու ժողովուրդների մեջ։ ՀՀ-ում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ «Կյանքի խոսք», «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» և այլն։ Հիսունականները չեն ընդունում քրիստ. եկեղեցու պաշտոն․ ծեսերը, սրբապատկերները, խաչը։

Սահակ Սահակյան, Էսթեր Խանիկյան