Այս էջը հաստատված է
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Ինչպես այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել 3 հիմն․ գործոններով՝ տնտ․, կրոն․ և քաղ․, որոնք, հատկապես ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտար իշխանությունների բռնաճնշումներով ու հալածանքներով։

Դեռևս III-IV դդ-ում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի են ունեցել հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Պարսկաստան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը. IV-XIII դդ-ում հայերը պարտադրված գաղթել են կայսրության արմ. շրջաններ՝ Թրակիա, Մակեդոնիա ևն։ Հայ ազնվականության և զինվորականության՝ տեղի հասարակության մեջ հաջողությամբ ինտեգրվելու արդյունքում նրանք հայտնվել են նաև բյուզ. պետական կառույցների ամենաբարձր օղակներում, անգամ հիմնադրել են Մակեդոն. կամ Հայկ․ հարստությունը (867-1057)։

Հայերի արտագաղթը բնօրրանից մեծ չափերի է հասել VII-XIV դդ-ում, երբ տարբեր քոչվոր ցեղերի (արաբ, սելջուկ, մոնղոլ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված գաղթել են Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ։

Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց (301) հետո Հայ առաքել․ եկեղեցին դարձել է հայ ժողովրդի ինքնապահպանման և ինքնակազմակերպման ամենաազդու միջոցը նախ՝ Պարսկաստանի, իսկ 554-ի Դվինի եկեղեց. ժողովից հետո՝ նաև Բյուզանդիայի մշակութային և քաղաքական հարձակող. քաղաքականության դեմ։ Իր ազգապաշտպան այդ դերը Հայ եկեղեցին շարունակել է կատարել նաև հետագա ժամանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետականության բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, հանդիսանալով ազգը համախմբող հիմն․ միջոց, իր հերթին, անհրաժեշտության դեպքում դիմել է ամենակոշտ միջոցների՝ կրոն․ հողի վրա ժողովրդի պառակտումը կանխելու համար։ Դրա օրինակներից են Հայաստանում առաջացած և եկեղեցու պաշտոն․ վարդապետությանը հակադրվող Պավլիկյան, ապա նաև Թոնդրակյան աղանդավոր. շարժումների հետևորդների հետապնդումներն ու վտարումը երկրից VIII-XI դդ-ում։

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր է ընդունել X-XI դդ-ում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա են տեղափոխվել նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխան․ տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք են գրավել տարբեր ասպարեզներում, այլև հիմնել են նախ՝ իշխանություն, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս է տեղափոխվել (մինչև 1441-ը) նաև Հայ առաքել․ եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթել են Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվել է հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921-ի վերջը), և Կիլիկիան հայերի համար դարձել է իրենց հայրենիքի բաղկացուցիչ մասը։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագր. է եղել սելջուկ թուրքերի և քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ են եղել սեփական պետության ստեղծմանը։ Եվրոպայում և Ասիայում օսմանյան կայսրության գրավված ընդարձակ տարածքներում թուրքերը հետևողականորեն իրականացրել են տեղի բնիկ քրիստոնյա ժողովուրդների (հայ, հույն, բուլղար և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված արտագաղթել են ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին։ 1475-ին թուրքերի՝ Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ XVI-XVII դդ-ում Պարսից արքաները, հատկապես՝ Շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնադրել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

Միջին դարերում տարբեր երկրներում հայերի տարածմանը մեծապես նպաստել է նաև այն, որ XVI դ-ից հայ վաճառականներն Արևելքի և Արևմուտքի միջև տեղի ունեցող առևտրի հիմն․ կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվել է Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանի հվ. շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկ. առևտր. հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառական․ ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

1826-29-ին Պարսկաստանի և օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթ․ պատերազմներից հետո սկսվել է հայերի գաղթը Արևելյան Հայաստան։ Ռուսաստանին միացված Երևանի և Նախիջևանի խանությունները զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրք․ և պարսկ. տիրապետության