Այս էջը հաստատված է

տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 հազար) տեղափոխումը Արևելյան Հայաստան։

Մինչդեռ Օսմ. կայսրությունում ավելի էր խստացել հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագր. շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք, 1894-96-ին, կազմակերպել են շուրջ 300 հազար հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը բնօրրանից, այս անգամ՝ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։

Հայերի շարունակ. արտագաղթը կանխորոշել է նրանց աշխարհընկալման և կենսափի-լյան այնպիսի առանձնահատկությունների ձևավորումը, երբ այլ երկրներում ապրելն սկսել է դիտվել որպես ճակատագրով նախասահմանված անխուսափելի երևույթ։ Դրա հետ մեկտեղ, շարունակ ապրելով օտար երկրներում, նրանց մեջ ձևավորվել են ինչպես այլ հասարակություններին և մշակույթներին հարմարվելու, այնպես էլ իրենց ազգամշակութային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ունակություններ։

Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) նախօրեին տարբեր Երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՍՆ և այլն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվել ու կարգավորվել է համայնքային հաստատությունների համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործ., կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Ստամբուլը (Կ. Պոլիս) և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանս․ կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Իզմիրը (Ձմյուռնիա), Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։

Այդ ժամանակաշրջանում, չնայած հայրենիքից հայերի մշտ. արտագաղթին, ա. նրանց բացարձակ մեծամասնությունն ապրել է իր ազգային տարածքներում՝ Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և Արևելյան Հայաստանում, բ. արտագաղթածները և նրանց հետնորդները գործնականում գրեթե միշտ հնարավորություն են ունեցել վերադառնալու հայրենիք։

Առաջին համաշխ. պատերազմի տարիներին օսմանյան. կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգ-ազատագր. պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում 1915-23-ին նրանց իրականացրած հայերի տեղահանության, բռնագաղթի և ցեղասպանության հետևանքով սպանվել է շուրջ 1,5 մլն հայ։

Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո բռնագաղթը վերապրած հայությունն սկսել է վերադառնալ հայրենիք, նախ և առաջ՝ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921-ի վերջին Ֆրանսիան, իր զորքերը դուրս հանելով Կիլիկիայից, այն հանձնել է Թուրքիային, հայերը հարկադրված վերջնականապես հեռացել են այնտեղից։

1915-23-ի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ՝ ա. հայոց ազգային տարածքների հիմն, հատվածում՝ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Հայկական Կիլիկիայում հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ, բ. փրկված հայերի զգալի հատվածն սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և հաջորդաբար ստեղծվեցին Հայաստանի 3 հանրապետությունները) սահմաններից դուրս, գ. ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր զրկված են բնօրրան վերադառնալու հնարավորությունից։

Գիտակցելով կատարվածի ճակատագր. նշանակությունը՝ 1920-ականների վերջից որակապես այդ նոր գաղթաշխարհը հայերը աստիճանաբար սկսել են անվանել «սփյուռք», որը համապատասխանում է հուն, «դիասպորային»։ Մինչ այդ հայ-ում այդ բառը երբեք չէր կիրառվել որպես հայ գաղթաշխարհի անվանում, քանի որ հայ ժողովուրդը սփռված չէր. նրա բացարձակ մեծամասնությունն ապրում էր հայրենիքում։