պարբ-ների գոյությունն ստեղծել է ուրույն հայկական մթնոլորտ՝ Հալեպի, Բեյրութի գրեթե ամբողջովին հայերով բնակեցված առանձին թաղամասերում։ Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական համայնքերը մինչև 1980-ական թթ. հայկական Սփյուռքի մշակութային և քաղաքական կենտրոններն էին։ Այստեղ է մեծացել ու կրթություն ստացել նաև այլ երկրների համայնքային առաջնորդների զգալի մասը։ Արևելքի երկրների համայնքների մշակութային և կրթական առաջընթացին մեծապես նպաստել է նաև Արևմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ-ի հայության մշտ. ֆինանս․ օժանդակությունը, որի շնորհիվ հիմնադրվել են դպրոցներ, երիտասարդ․ կենտրոններ, հիվանդանոցներ, տրամադրվել են կրթաթոշակներ և այլն։
1950-ական թթ-ի վերջից այս տարածաշրջանի հայկական համայնքների բնականոն զարգացումն ընդհատվել է։ Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և Արևելքի այլ երկրներում ազգայնական տրամադրությունների աշխուժացումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ու գործունեության սահմանափակումները, քաղաքական անկայունությունը (քաղաքական պատերազմը Լիբանանում՝ 1975-90, Իսլամ․ հեղափոխությունը Իրանում՝ 1979, Իրանաիրաքյան պատերազմը՝ 1980-88, Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալման ռազմագործողությունները՝ 2003, և այլն), ցածր կենսամակարդակը պատճառ են դարձել տեղի հայության արտագաղթի։ Ներսփյուռքյան այս պարտադրված տեղաշարժը, որն աննախադեպ էր իր ծավալով ու տևողությամբ, բացասաբար է անդրադառնում Արևելքի համայնքների կենսունակության վրա։ Արտագաղթող հայերի բացարձակ մեծամասնությունը նախընտրել է Արևմուտքի զարգացած երկրների ժողովրդավար․ հասարակարգն ու քաղաքական կայունությունը՝ գիտակցելով հանդերձ այդ երկրներում սոցիալ-տնտեսական ինքնահաստատման, ազգմշակութ. ինքնության պահպանման հետ կապված դժվարությունները։
Հայկական համայնքներն Արևմուտքի երկրներում։ Սկզբնական շրջանում առավել ծանր էր հայ գաղթականների վիճակն Արևմուտքի արագ զարգացող արդյունաբերական երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա և այլն)։ Չունենալով բավարար մասնագիտական հմտություններ, որպես կանոն՝ չտիրապետելով տեղի լեզուներին՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Ներգաղթած հայերն իրական պատկերացում չունեին այդ ժողովուրդների ապրելակերպի, բարոյական ու մշակութային նորմերի մասին, որոնք հաճախ խորթ և անընդունելի էին իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, հիմնականում անծանոթ լինելով հայերին, նրանց ընկալում էին «ասիացիների» մասին ունեցած իրենց բացաս. պատկերացումներով։ Դրա դրսևորումներից էր, օրինակ, 1920-ական թթ-ին հայերի բնակության վայրի և աշխատանքի ընտրության, հասարակական փոխադրամիջոցներից օգտվելու և քաղաքական այլ իրավունքների խիստ սահմանափակումները ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում։ Միայն տարիներ անց հայերն իրենց աշխատասիրության և օրինապահության շնորհիվ կարողացան դառնալ այդ երկրների լիիրավ քաղաքացիներ։ Իսկ արդեն Արևմուտքի երկրներում մեծացած ու կրթություն ստացած սփյուռքահայերն իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել սոցիալ-տնտեսական աստիճանակարգության միջին և բարձր օղակներում։ Նրանց թվում են անհատ ձեռներեցներ, պետական և այլ ծառայողներ, գիտնականներ, դասախոսներ, գիտատեխ. տարբեր ոլորտների բարձրորակ մասնագետներ, մեծաթիվ ուսանողություն և այլն։
Արևմուտքի երկրների հայերի՝ որպես հասարակության արժանապատիվ քաղաքացիների, ինքնահաստատմանը մեծապես նպաստել է նրանց գործուն մասնակցությունը Երկրորդ համաշխ. պատերազմին. ԱՄՆ-ի շուրջ 18,5 հազար և Մեծ Բրիտանիայի