ու Ֆրանսիայի շուրջ 10 հազար հայազգի քաղաքացիներ այդ երկրների զինված ուժերում մարտնչել են ֆաշիստ. Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ։ Իսկ վերջինների կողմից գրավված Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում տեղի հայությունը մասնակցել է նաև Դիմադրության շարժմանը։ Այդ տարիներին սփյուռքահայությունը կազմակերպել է նաև հատուկ հանգանակություններ Խորհրդային Միության օգտին. նրանց միջոցներով ստեղծվել են «Սասունցի Դավիթ», ապա՝ «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուներ։
Արևմուտքի երկրների մշակույթի մշտ. և ուժեղ ներգործության պայմաններում հայերի համար ամենաբարդ և դժվար խնդիրներից է ազգ. ինքնության պահպանումը։ Հայերը, հատկապես նրանց առաջին սերունդները, ցանկանալով արագ ներգրավվել ընդունող հասարակություններում, ձգտել են առավելագույնս հարմարվել տեղի կենսակերպին ու սոցիալ-մշակութային արժեքներին՝ մասամբ սահմանափակելով իրենց ազգային, ավանդ․ մշակույթի դրսևորումնրը։ Այդ երկրներում երկար ժամանակ գոյություն են ունեցել միայն մեկօրյա հայկական դպրոցներ, որոնք չէին կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։
Արևմուտքի երկրների հայության ազգային գործունեությունն զգալիորեն աշխուժացել է, երբ 1960-ական թթ-ին սկսվել է հայերի ներհոսքը Արևելքի երկրներից, իսկ 80-ական թթ-ի վերջից՝ նաև Հայաստանից։ Եթե ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում նրանք համալրել են տեղի հայկական համայնքները, ապա Իսպանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլ երկրներում հիմնել են նոր համայնքներ կամ վերակենդանացրել եղածները։ Առավել արդյունավետությամբ են սկսել գործել համայնքային հիմնարկները, հիմնվել են կրթական և մշակութային նոր հաստատություններ, թերթեր, գեղարվեստական խմբեր և այլն։ Գլխավորապես նրանց ջանքերով 1960-ական թթ-ի կեսերին ԱՄՆ-ում հիմնադրվել են առաջին ամենօրյա հայկական դպրոցները։ Գրեթե բոլոր երկրներում գործող հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետական դպրոցների, վճարովի։ Ուսուցումն այդ դպրոցներում ընթանում է տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրերին համապատասխան և տեղական լեզուներով, որը պարտադիր պայման է ավարտ․ վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ, հիմն․ ծրագրից բացի, երեխաներն ուսանում են նաև հայոց լեզու ու գրականություն, հայ ժողովրդի (նաև եկեղեցու) պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված ազգային մթնոլորտը, որի շնորհիվ էլ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցությունը։
Այդուհանդերձ, Արևմուտքի երկրների սակավաթիվ հայկական միջնակարգ դպրոցներում սովորում է հայազգի երեխաների փոքր մասը։ Որպես հետևանք՝ տեղի հայերի, հատկապես երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում իմանում է հայերեն խոսակցական լեզուն։ Դա իր հերթին անդրադառնում է հայկական մամուլի վրա. ավելանում է տեղական լեզուներով հրատ-ների թիվը, իսկ հայալեզու պարբ-ները, որպես կանոն, ունեն օտարալեզու հատուկ ենթաբաժիններ կամ հավելվածներ։ Ի տարբերություն Արևելքի երկրների՝ տեղի հայկական համայնքներում ձևավորված մշակութային մթնոլորտը նպաստում է ոչ թե հայալեզու գրակ-յան զարգացմանը, այլ օտարագիր հայազգի գրողների ի հայտ գալուն։ Արևմուտքի երկրներում հայկական հիմնարկների արդյունավետ գործունեությանը, դրանց մեջ մեծ թվով հայերի ներգրավմանը մեծապես խանգարում է նաև խոշոր քաղաքներում հայերի ցրված բնակությունը։
Այդ երկրներում յուրահատուկ դեր է վերապահված հայերի կրոն․ պատկանելությանը։