Սփյուռքի ձևավորման շրջանում այն զգալի չափով նպաստել է տեղի՝ նույնպես քրիստոնյա ժողովուրդների կողմից հայերի մասին նպաստավոր կարծիքի ձևավորմանը, իշխող միջավայրին հայերի արագ հարմարվելուն։ Դրա հետ մեկտեղ, նույն քրիստոնյա միջավայրն զգալիորեն նվազեցրել է Հայ եկեղեցու ազգապահպան դերը, իսկ որոշ իմաստով նույնիսկ դյուրացրել հայերի ազգ-մշակութային ձուլումը։ Այդ է վկայում այլազգիների հետ հայերի ամուսնությունների թվի մշտ. աճը. Արևմուտքի և Հարավային Ամերիկայի երկրների հայության շրջանում դրանք կազմում են ամուսնությունների ընդհանուր թվի շուրջ 60 %-ը։
Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն) համայնքների կազմավորումն ու զարգացումը հիմնականում ընթացել է Արևմուտքի երկրների հայկական համայնքների նման։ Այդ համայնքների կարևոր առանձնահատկություններից է այն, որ Երկրորդ համաշխ. պատերազմից հետո չի նկատվել տեղի հայերի շոշափելի արտագաղթ։ Միևնույն ժամանակ Սփյուռքի այլ համայնքներից և Հայաստանից համեմատաբար քիչ թվով հայեր են գաղթել Հարավային Ամերիկայի երկրներ։
Հետխորհրդային տարածքի հայ համայնքները։ Արևելքի ու Արևմուտքի երկրների համեմատությամբ սկզբունքորեն այլ էր հայության վիճակը ԽՍՀՄ-ում։ Խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականությունը հիմնականում բացաս. հետևանքներ է ունեցել ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս ապրող հայության համար։ ԽՍՀՄ իշխանությունները, ազգային սկզբունքի հիման վրա ստեղծելով առանձին հանրապետություններ, միևնույն ժամանակ անտեսել են ազգային փոքրամասնությունների գրեթե բոլոր իրավունքները։ Հատկապես ճակատագր. եղավ հայկական առանձին տարածքների հանձնումը Խորհրդային Ադրբեջանին. Նախիջևանը լրիվ հայաթափվեց, իսկ Լեռն. Ղարաբաղի (Արցախի) հայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնորոշվեց, բայց ստիպված եղավ զենքով պաշտպանել ազատ և ինքնուրույն ապրելու իր իրավունքը։
Երկրորդ համաշխ. պատերազմի ժամանակ (1944-ին) Ղրիմում ապրող մի շարք ժողովուրդների (թաթար, հույն, բուլղար) հետ Ղազախստան և Ալթայի երկրամաս արտաքսվեցին նաև հազարավոր հայեր։
Հատկանշական է, որ խորհրդային իշխանության տարիներին թե՛ պաշտոն, և թե՛ գիտական հրապարակումներում, խոսելով ԽՍՀՄ տարածքում Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի մասին, երբեք չի գործածվել «սփյուռք» հասկացությունը։ Գաղափարախոս․ միտվածություն ունեցող այս մոտեցումը հիմնավորվել է նրանով, որ հայերը (այդ թվում և Խորհրդային Հայաստանում բնակվող), որպես ԽՍՀՄ լիիրավ քաղաքացիներ, «պատմական նոր հանրության»՝ խորհրդային ժողովրդի բաղկացուցիչ մասն էին։ Այդ մոտեցումն այնքան խորն էր արմատավորվել հասարակական գիտակցության մեջ, որ Հայաստանի անկախացումից հետո էլ տարբեր հրապարակումներում լայնորեն տարածվել է «ներքին սփյուռք» ոչ գիտական բնորոշումը։
Խորհրդային Միության վարած ռուսականացման քաղաքականությունը և առանձին հանրապետություններում հայկական ազգային հաստատությունների բացակայությունն անհնար են դարձրել տեղի հայության հավաք. ազգ-մշակութային գործունեությունը։ Հայերի ազգ-մշակութային ձուլմանը նպաստել են նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում նրանց ամուսնությունները (ընդհանուր թվի ավելի քան 50 %-ը) տեղացիների հետ։ Մահմեդ. բնակչություն ունեցող հանրապետություններում (Ադրբեջան, Ուզբեկստան, Տաջիկստան և այլն) տեղի մշակույթների ազդեցությունը եղել և մնում է սահմանափակ։
Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ ներկայումս ամենահայաշատ հանրապետություններից է Վրաստանը, որտեղ հայերը զանգվածաբար բնակվում են ՀՀ սահմանամերձ Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցխայի, Ծալկայի և Մառնեուլի շրջաններում (նշված տարածքները Սփյուռք դիտելը խիստ պայմանական է), նաև Թբիլիսիում, որը մինչև 1920-ական թթ. Այսրկովկասի հայության մշակութ. և քաղաքական ամենամեծ կենտրոնն էր։ Խորհրդային իշխանության օրոք վիրահայոց ազգ-մշակութային գործունեությունը նույնպես ենթարկվել է սահմանափակումների և ճնշումների։ Դրա հետ մեկտեղ, վրացահայերն իրենց բազմադարյան պատմության և Վրաստանի զարգացման մեջ ներդրած մեծ ավանդի, ինչպես