Այս էջը հաստատված է

նաև թվաքանակի ու համահավաք բնակվելու հանգամանքի շնորհիվ որոշ արտոնություններ են ստացել ազգ-մշակութ. ոլորտում։

ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներն առանձին հանրապետություններում ապրող հայության համար նշանավորվել են ողբերգ. իրադարձություններով։ 1988-1992-ին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած զանգվածային սպանությունների ու հալածանքների հետևանքով տեղի հայ բնակչության հիմն․ մասը (շուրջ 350-400 հազար) ինչպես Բաքվից և Կուրից հս. ընկած հայկական բնիկ շրջաններից (Շամախի, Շաքի, Վարդաշեն, Իսմայիլլի, Մինգեչաուր և այլն), այնպես էլ պատմ. Հայաստանի Գարդման աշխարհի որոշ տարածքներից [Կիրովաբադ (Գանձակ)], Շամխոր, Դաշքեսան, Խանլար, Շահումյան) հարկադրաբար գաղթել է Հայաստան, Ռուսաստան և այլուր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջինասիական նորանկախ պետություններում (Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան և այլն) տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակի պատճառով տեղի հայերի մի մասը նույնպես տեղափոխվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ։

1990-ական թթ-ին ՀՀ ծանր սոցիալ-տնտ. վիճակի հետևանքով սկիզբ առած և իր չափերով աննախադեպ զանգվածային արտագաղթը նպաստել է ՌԴ տարածքում հայ բնակչության թվի զգալի աճին։ Շուրջ 1 մլն արտագաղթածների մեծ մասը բնակություն է հաստատել ՌԴ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում և այլ շրջաններում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ պետությունները որդեգրել են նոր քաղաքականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Հայկական համայնքներ են ձևավորվել բոլոր հայաբնակ վայրերում, վերաբացվել կամ հիմնվել են հայկական եկեղեցիներ, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ, սկսել են հրատարակվել պարբ-ներ՝ հիմնականում տեղական լեզուներով։ Ինչպես Արևելքի երկրներից Արևմուտք տեղափոխված, այնպես էլ Հայաստանից Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր հաստատված հայերը նպաստել են ազգային կյանքի աշխուժացմանը և նոր համայնքներ հիմնել այդ երկրների այլ շրջաններում։

Հայերը Խորհրդային Միությունում զգալի դեր են խաղացել երկրի քաղաքական, մտավոր և հոգևոր կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Այդ ավանդույթը ներկայումս հաջողությամբ շարունակում է նորանկախ երկրների հայությունը։

Սփյուռքահայ կազմակերպություններ։ Սփյուռքահայության հավաք․ և նպատակաուղղված ազգային գործունեությունն իրականացվում է բազմաթիվ և բազմապիսի կազմակերպությունների միջոցով, որտեղ առանձնանում են համասփյուռքյան (գրեթե բոլոր համայնքներում գործող), տարածաշրջ. և զուտ տեղական բնույթի կազմակերպություններ։

Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է Հայ առաքել. եկեղեցու դերը, որի հավատավորն է սփյուռքահայերի գերակշիռ մեծամասնությունը։ «Սառը պատերազմի» տարիներին, երբ քաղ-գաղափարաբան. առճակատման մեջ էր ներքաշվել նաև Հայ առաքել․ եկեղեցին, Սփյուռքի որոշ թեմեր Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուս-յան հորդորով դադարել են ճանաչել Սբ Էջմիածնի վարչական գերագույն իշխանությունը և անցել են Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) կաթողիկոսության ենթակայության տակ։ Սփյուռքահայ համայնքների մեծ մասում գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարան․ եկեղեցիներ։

Համասփյուռքյան կազմակերպություններից են Սոցիալ-դեմոկրատ. հնչակյան (ՍԴՀԿ), ՀՅԴ, Ռամկավար-ազատական (ՌԱԿ) ազգային քաղաքական կուս-ները, Նոր սերունդ, Համազգային և Թեքեյան մշակութային միությունները, Հայ երիտասարդաց ընկերակցություն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Հայ մարմնամարզ. միություն (ՀՄՄ) երիտասարդ․ կազմակերպությունները։ Տասնամյակներ շարունակ նշանակալի էր նաև հայրենակցական միությունների գործունեությունը։ Սփյուռքի պայմաններում կենս․ մեծ նշանակություն ունեն բարեգործ․ կազմակերպություններն ու հիմնադրամները՝ Հայկական բարեգործ․ ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Հովարդ Կարագյոզյան հաստատությունը,