Այս էջը հաստատված է

Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և ևն։

Այդ առումով որոշակիորեն առանձնահատուկ են հետխորհրդային տարածքի նորանկախ պետությունների հայկական համայնքները, որովհետև նշված համասփյուռքյան կազմակերպությունները տեղական մասնաճյուղեր չունեն այնտեղ։ Միայն վերջերս են Մոսկվայում մասնաճյուղեր բացել ՀՕՄ-ը և Հայ դատի հանձնախումբը։ Այդ կազմակերպություններն ստեղծվել են կա՛մ մինչև Առաջին համաշխ. պատերազմը (ՀԲԸՄ, ՀՕՄ), կա՛մ հենց սփյուռքահայերի կողմից՝ 1920-40-ական թթ-ին արևմտահայությանն օժանդակելու նպատակով։ Ազգ․ փոքրամասնությունների նկատմամբ Խորհրդային Միության վարած քաղաքականության պատճառով տեղի հայությունը մշակում և գործադրում է համայնքային կառույցների ուրույն ձևեր ու տեսակներ։

Սփյուռքի բոլոր համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից զատ, գոյություն ունեն նաև բազմաթիվ մշակութային, կրթական, երիտասարդ-մարզ., կանանց, մասնագիտական և այլ միություններ, որոնց գործունեության դաշտը սահմանափակված է մեկ երկրով կամ նույնիսկ մեկ քաղաքով (Ռուսաստանի հայերի միություն, Ֆրանսահայ բժիշկների միություն, Կանադայի հայ առևտրականների միություն և այլն)։

Սփյուռքում տակավին չեն ստեղծվել ընտրովի ներկայացուցչական մարմիններ, որոնք իրավասու կլինեն հանդես գալու ողջ սփյուռքահայության, տվյալ երկրի կամ նույնիսկ տվյալ քաղաքի հայության անունից։ Նման մարմիններ ստեղծելու, սփյուռքահայերի ազգային գործունեությունը համադրելու փորձերը դեռևս ակնկալվող արդյունքը չեն տվել։

Հայկ․ հարցի լուծման նպատակով 1960-ական թթ-ից հիմնվել են նաև կազմակերպություններ, որոնցից ամենաազդեցիկներն են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը։ Այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստել է մի շարք երկրների և միջազգային որոշ կազմակերպությունների կողմից օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը կամ դատապարտմանը։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Սփյուռքի կենսունակության գրավականը նրա մշտ. և բազմաբնույթ հարաբերություններն են Հայաստանի հետ։ Դեռևս Առաջին համաշխ. պատերազմի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 350 հազար հայ Արևմտյան Հայաստանից գաղթել է Արևելյան Հայաստան և Ռուսական կայսրության այլ վայրեր։

Հայկ․ պետականության վերականգնումը՝ ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության (1918-ի մայիս - 1920-ի դեկտ.), մեծ ոգևորությամբ է ընդունել արտասահմանի հայությունը։ Մի շարք երկրներից Հայաստան են եկել գիտնականներ, բարձրորակ մասնագետներ, ռուս․ բանակի հայազգի սպաներ՝ հայրենիքի վերաշինմանը մասնակցելու նպատակով։

Խորհրդ․ կարգերի (1920-91) օրոք Հայաստանի բոլոր տեսակի շփումները Սփյուռքի հետ ծրագրավորել և վերահսկել են ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները և ծառայեցրել երկրի պետական ու քաղաքական շահերին։ ԽՍՀՄ-ը, իր արտաքին քաղաքականության հիմքում դնելով դասակարգային պայքարի և համաշխ. հեղափոխության գաղափարներ, նույնպիսի քաղաքականություն է պարտադրել նաև Հայաստանի իշխանություններին Սփյուռքի հանդեպ։ Այդ քաղաքականության հիմն․ կետերից էին բռնագաղթած հայերի հայրենիք վերադարձի իրավունքների լրիվ անտեսումը, բուրժ. շահագործողների դեմ պայքարում թուրք աշխատավորների հետ համերաշխության կոչերը, սփյուռքահայերին իրենց երկրների հեղափոխական շարժումների մեջ ներքաշելու փորձերը, հայկական համայնքներում սոցիալ-դասակարգային պայքարի հրահրումը և այլն։ Միևնույն ժամանակ սփյուռքահայ կազմակերպությունները