Այս էջը հաստատված է

և հատկապես ազգային կուս-ները հայտարարվել են Խորհրդ. Հայաստանի և սփյուռքահայ աշխատավորության թշնամիներ։

Սակայն նման պայմաններում անգամ ԽՍՀՄ առաջնորդները, կոմունիստական գաղափարներն ազգային շահերի հետ հմտորեն համատեղելով, գրեթե անմիջապես կապեր են հաստատել արտերկրի հայության հետ։ 1921-ին ՀԽՍՀ Կառավարության որոշումով ստեղծվել է Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), իսկ 2 տարի անց՝ 1923-ին իշխանությունները թույլատրել են ՀԲԸՄ-ի գործունեությունը Հայաստանում։ Թե ՀՕԿ-ի և թե ՀԲԸՄ-ի հետ համագործակցության գլխավոր նպատակը եղել է արտասահմանի հայությանը երկրի վերաշինության գործում ներգրավելը։ Եվ, իսկապես, հետագա 16 տարում նրանք, հատկապես ՀԲԸՄ-ն, իրականացրել են մի շարք կարևոր առողջապահական, գիտակրթական և սոցիալական ծրագրեր։

Այդուհանդերձ, այդ տարիներին Սփյուռքում սկիզբ է առել քաղաքական առճակատման նոր շրջան, որի հիմքում Հայաստանի հետ հարաբերվելու գլխավոր չափանիշի ընտրության հարցն էր, այսինքն՝ ընդունել ՀԽՍՀ իշխանությունների գաղափարախոսությո՞ւնը, թե՞ Հայաստանի՝ հայերով բնակեցված ազգային միակ տարածքի գոյության փաստը։ Սփյուռքի մի մասը՝ «կոշտ ընդդիմությունը», ՀՅԴ-ի գլխավորությամբ առաջնային է համարել գաղ. չափանիշը և աշխարհի սոցիալ-քաղաքական 2 համակարգերի հակամարտության պատմության ողջ ընթացքում հավատարիմ է մնացել «հակասովետիզմի» քաղաքականությանը։ Սփյուռքի մյուս մասը՝ ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի գլխավորությամբ, հայ ժողովրդի ազգ. շահերի տեսակետից խորհրդ․ իշխանություններին համարելով չարյաց փոքրագույնը, բավարարվել է «մեղմ» ընդդիմության դերով՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդ. Հայաստանի հետ, որը, սակայն, այդպես էլ չիրականացավ։

Այդպես Սփյուռքում հաստատվել է քաղաքական հարաբեր․ հավասարակշռություն, որը, իր բոլոր բացաս. հետևանքներով հանդերձ, հնարավորություն է տվել հարմարվելու 2 հակամարտող համաշխ. համակարգերին, որոնցից մեկում իրենք էին, մյուսում՝ Խորհրդ. Հայաստանը։

Երկրորդ համաշխ. պատերազմից հետո սկիզբ առած «սառը պատերազմի» պայմաններում Խորհրդ. Միությունը, ձգտելով էլ ավելի ընդլայնել իր ազդեցության ոլորտները, որդեգրել է ավելի ճկուն քաղաքականություն՝ դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելով արդեն ոչ միայն և ոչ այնքան դասակարգային, որքան ընդհանուր քաղաքական շահերի հիման վրա։ Վերանայվել է նաև Հայաստանի քաղաքականությունը Սփյուռքի հանդեպ. ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն իրենց կառույցներով դիտվել են որպես «առաջադիմական, հայրենասիրական» ուժեր, և նրանց ընձեռվել են ՀԽՍՀ-ի հետ շփվելու սահմանափակ հնարավորություններ, իսկ ՀՅԴ-ի հանդեպ անհանդուրժող․ դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ Այդ նոր քաղաքականության դրսևորումներից էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնումը (1964), որի միջոցով էլ հետագա տարիներին որոշ չափով ապահովվում էին հայ ժողովրդի 2 հատվածների հարաբերությունները։

ՀԽՍՀ իշխանությունները, գաղափարական պայքար ծավալելով Սփյուռքի քաղաքական կազմակերպությունների դեմ, միաժամանակ իրենց գոյության առաջին իսկ տարիներից որդեգրել են տարբեր երկրներում ցրված հայությանը հայրենիք տեղափոխելու քաղաքականություն։

1921-ի դեկտ-ին ՀԽՍՀ Կառավարության ջանքերով Միջագետքի (Իրաք) բրիտ. իշխանություններն ստիպված էին այստեղ հատուկ ճամբարներում ապաստանած հայ գաղթականների առաջին խումբը (շուրջ 3 հազար մարդ, հիմնականում՝ վասպուրականցիներ) նավերով տեղափոխել Բաթում, որտեղից նրանք ուղևորվեցին Հայաստան։ Ընդամենը 20 օր անց՝ 1922-ի հունվ. 10-ին, Բաթում է ժամանել նաև Միջագետքում ապաստանած հայերի 2-րդ՝ նույնպես 3 հազար հոգուց բաղկացած խումբը։ Նույն տարում Իրանից, Կ. Պոլսից ներգաղթել է ևս 3,5 հզ. մարդ։ Դրանով հայրենադարձությանն սկիզբ է դրվել, որն ընդմիջումներով շարունակվել է հետագա տասնամյակների ընթացքում։

1923-ին Հայաստան է ներգաղթել մոտ 1000 մարդ՝ մեծ մասամբ վասպուրականցիներ, 1924-ին՝ 4167 մարդ՝ Սիրիայից, Հունաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից, 1925-ին՝ 5016 մարդ՝ հիմնականում Հունաստանից, ինչպես նաև