Այս էջը հաստատված է

Իրաքից, Թուրքիայից և այլն։ Հետագա տարիներին՝ 1926-29-ին, 1932-33-ին և 1936-ին, տարբեր երկրներից Հայաստան է ներգաղթել ևս շուրջ 23 հզ․ մարդ։ 1921-36-ին ներգաղթածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 42 հզ-ի։ Նկատի առնելով Հայաստանի խիստ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ներգաղթել ցանկացողների թվի մշտ. աճը՝ սփյուռքահայ որոշ կազմակերպություններ, մասնավորապես ՀԲԸՄ-ն և հայրենակցական միությունները, միջոցներ են տրամադրել ներգաղթողների համար նոր ավաններ ու գյուղեր կառուցելու նպատակով (Նոր Արաբկիր, Նոր Բութանիա, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Խարբերդ, Նուբարաշեն, Նոր Մարաշ և այլն), որոնք հետագայում ներառվել են Երևանի շրջանագծի մեջ։

1937-ին, երբ Խորհրդային Միությունում արտաքին և ներքին թշնամիներ որոնելու մոլուցքը հասել է գագաթնակետին, իշխանություններն անհիմն մեղադրանքներով լուծարել են ՀԲԸՄ-ն և ՀՕԿ-ը, իսկ նրանց գրեթե ողջ ղեկավարությանը՝ գնդակահարել։ Պատմության մեջ ՀԲԸՄ-ն այդպես էլ մնաց միակ սփյուռքահայ կազմակերպությունը, որին խորհրդային իշխանությունները թույլատրել են գործել Հայաստանում։

Դրանով վերջ են դրվել Սփյուռքի հետ առանց այն էլ խիստ սահմանափակ հարաբերություններին։ Խորհրդային Միությունում վերստին սփյուռքահայության մասին հիշել են 8 տարի անց, երբ Երկրորդ համաշխ. պատերազմի ավարտին Ստալինն անհաջող փորձ է արել վերադարձնելու այն տարածքները, որոնք 1921-ի Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը զիջել էր Թուրքիային։ Կարճ ժամանակում սփյուռքահայ բոլոր համայնքները տեղեկացվել են նշված տարածքները Խորհրդային Միությանը միացնելու ծրագրերի և զանգվածային նոր ներգաղթի թույլտվության մասին։ Սփյուռքահայերի բազմաթիվ դիմումները ԽՍՀՄ ղեկավարությանը՝ հայրենի տարածքներ վերադառնալու ցանկության վերաբերյալ, օգտագործվել են Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջների հիմնավորման համար։ Խորհրդային Միության Կառավարության որոշումը ներգաղթը թույլատրելու մասին հրապարակվել է 1945-ի նոյեմբին, և ընդամենը 6 ամիս անց՝ 1946-ի հունիսին, Հայաստան է հասել ներգաղթողների առաջին խումբը։ Այդ և հետագա 3 տարում 12 երկրից Հայաստան է ներգաղթել շուրջ 90 հազար մարդ, այդ թվում՝ Լիբանանից և Սիրիայից՝ ավելի քան 32 հազար, Իրանից՝ մոտ 21 հազար, Հունաստանից՝ավելի քան 18 հազար, Ֆրանսիայից՝ մոտ 5300։

Խորհրդային Միության ղեկավարությունը, քաղաքական նպատակներով թույլատրելով ներգաղթը պատերազմից անմիջապես հետո, գիտակցել է, սակայն, որ երկիրը բնավ պատրաստ չէ ընդունելու այդչափ մեծ թվով մարդկանց՝ բնակարանների, սննդամթերքի, հագուստեղենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների աղետալի սղության պայմաններում։ Մինչդեռ հայրենադարձները, ի տարբերություն նախապատերազմյան շրջանի ներգաղթածների, այլևս չքավոր գաղթականներ չէին։ Նրանք փոքր և մեծ քաղաքների բնակիչներ էին, տարբեր մասնագիտության մարդիկ (արհեստավորներ ու առևտրականներ, բժիշկներ ու գիտնականներ), որոնք այս կամ այն չափով արդեն ինքնահաստատվել էին ընդունող երկրներում։ Գալով Հայաստան՝ նրանք առաջին իսկ օրվանից հայտնվել են իրենց համար ծանր ու խորթ սոցիալ-տնտեսական պայմաններում, իրենց հանդեպ մշտ. անվստահության մթնոլորտում, որի տրամաբան․ հետևանքը եղել է 1949-ին տեղացի «ժողովրդի թշնամիների» հետ նրանց մի մասի արտաքսումը Խորհրդային Միության հեռավոր շրջաններ։

1975-ին խորհրդային իշխանությունները, Հելսինկիում ստորագրելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության պայմանագիրը, ստիպված էին «ընտանիքների վերամիավորման նպատակով» թույլատրել հրեաների, գերմանացիների, նաև հայրենադարձ հայերի մի մասի արտագաղթը երկրից։ Չնայած բոլոր բացաս. երևույթներին՝ հայրենադարձները (1962-82-ին ներգաղթել է ևս շուրջ 32 հզ. մարդ) և արդեն Հայաստանում մեծացած, ուսում ստացած նրանց զավակներն զգալիորեն նպաստել են երկրի զարգացմանը, հատկապես նշանակալի էր նրանց ավանդը մշակույթի և գիտության ոլորտում (Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Հարություն Կալենց, Մկրտիչ Տեր-Կարապետյան, Հրաչ Բարթիկյան և այլն)։