Այս էջը հաստատված է

համակարգում են, և կրթական բարձր մակարդակի շնորհիվ շրջանավարտներն իրավունք են ստանում առանց մուտքի քննությունների և անվճար սովորելու Եգիպտոսի 20 համալսարաններից ցանկացածում։

Իրաքում առաջին դպրոցը՝ Հայկական կրթարանը, հիմնադրվել է 1852-ին Բաղդադում, 1876-ին այնտեղ բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1890-ին՝ Զապելյան օրիորդացը, 1922-ին՝ Սվաճյանը։ 1948-ին Սվաճյանի և Սրբոց Թարգմանչացի միավորումով ստեղծվել է Սրբոց Թարգմանչաց Սվաճյան ազգային ամենօրյա միջնակարգ վարժարանը (գործում է ցայսօր)։ 1920-ական թթից Բասրայում բացվել է Հայ ազգային վարժարան-նախակրթարանը, որին 1964-ին միավորվել են Ղարիբյան և Մարգիլի ազգային վարժարանները։ Մոսուլում, Կիրկուկում կան նախակրթարան, կիրակնօրյա դպրոց և այլն։

Երուսաղեմում (Իսրայել) գործում են Ժառանգավորաց (1843-ից), Սրբոց Թարգմանչաց (1929-ից), Ամմանում (Հորդանան)՝ Յուզպաշյան Կյուլպենկյան, Ադիս Աբեբայում (Եթովպիա)՝ ազգային Գևորգով (1918-ից), Էլ Քուվեյթում (Քուվեյթ)՝ Հայ ազգային (1961-ից) ամենօրյա վարժարանները, Աբու Դաբիում (Արաբ. Միացյալ Էմիրություններ)՝ կիրակնօրյա դպրոց և այլն։

Հնդկաստանում բարգավաճ են եղել հատկապես Ագրայի, Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի համայնքները, որոնք ունեցել են իրենց դպրոցները։ Առավել նշանավորն ու երկարակյացը Կալկաթայի Հայոց մարդասիր. ճեմարանն է (1821-ից), որտեղ սովորում են 7-18 տարեկան աշակերտներ (այդ թվում՝ ՀՀ-ից)։ Անապահով երեխաների ուսումն անվճար է։ Դասավանդվում են հայագիտական առարկաներ, կրոն, լեզուներ, աշխարհագրություն, մաթեմատիկա և այլն։ 1888-ից դասվել է Կակաթայի համալսարանի քոլեջների կարգը։ 1999-ից հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսության տնօրինությանը։

Ֆրանսիայում առաջին հայկական դպրոցը Սամվել Մուրադյան վարժարանն էր (1846-1995, Փարիզ)։ 1855-99-ին Փարիզի Գոնել արվարձանում գործել է Հայկազյան ամենօրյա վարժարանը, 1928-ին Փարիզի Ռենսի արվարձանում բացվել է Դպրոցասեր տիկնանց վարժարանը (գործում է ցայսօր)։ Ֆրանսահայ համայնքի կրթական կյանքը վերելք է ապրել 1980-ական թթին։ Հիմնվել են երկլեզվյան Սբ Մեսրոպ (Ալֆորվիլ), Մարգարյան-Փափազյան (Լիոն), Պարսամյան (Նիս), Թարգմանչաց (Իսի լե Մուլինո) ամենօրյա վարժարանները, Համազգային լիցեյը և Անարատ հղության քույրերի վարժարանը (Մարսել), որտեղ ուսուցանում են ֆրանս. միջնակարգ դպրոցի պետական ծրագրով։ Հանրակրթական առարկաներին զուգահեռ դասավանդում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և աշխարհագրություն, հայ մշակույթի պատմություն, կրոն և այլն։ Ֆրանսահայ համայնքներում գործում են նաև շուրջ 50 մեկօրյա դպրոցներ, որոնք ինքնատիպ հայապահպան կենտրոններ են։ 1994-ից Ֆրանսիայի կառավարության որոշումով հայ-ին տրվել է առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ։

Հունաստանում մինչև Երկրորդ ախարհամարտը (1939-45) եղել են շուրջ 30 հայկական վարժարաններ, որոնցից 16-ը՝ Աթենքում։ Ներկայումս գործում են 4 ամենօրյա՝ Զավարյան (1926-ից), Գալփակյան (1957-ից), Սոֆի և Լևոն Հակոբյան (1963-ից), Ճենազյան միջնակարգ վարժարանները (պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն և աշխարհագրություն), ինչպես նաև կիրակնօրյա դպրոցներ, մանկապարտեզ։

Կիպրոսը նույնպես Սփյուռքի կրթական կենտրոններից է։ Առաջին հայկական դպրոցը բացվել է 1870-ին Նիկոզիայում։ 1886-ից գործել են Վարդանանց և Շուշանյան տարր․ դպրոցները։ Մեծ եղեռնից հետո հիմնադրվել են բազմաթիվ նոր դպրոցներ։ 1924-ին Նիկոզիայում հիմնվել է Սփյուռքի հայտնի կրթօջախներից մեկը՝ Մելգոնյան կրթական հաստատությունը. 1940-ից՝ բարձրագույն երկրորդ․ վարժարան՝ ճեմարանական, առևտր. և գիտական բաժիններով, ընդունվել են 12-14 տարեկան տղաներ ու աղջիկներ։ Դասավանդվել է հայոց լեզու, հայ գրականություն, գրաբար, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, արվ․, օտար լեզուներ։ Դասավանդման հիմն․ լեզուն անգլերեն էր։ Հրատարակել է «Այգ» դպրոց․ տարեգիրքը, «Ցոլք» պարբ-ը, 1998-ից՝ «Հա» ամսաթերթը։ 2007-ին փակվել է։

1972-ից Կիպրոսի Նիկոզիա, Լառնակա, Լիմասոլ քաղաքներում գործում են «Նարեկ» ազգային միջնակարգ վարժարանները