Այս էջը հաստատված է

Առաջին հայկական դպրոցը՝ Վարդուկյանը, հիմնադրվել է 1880-ական թթ-ի վերջին Նյու Յորքում։ Ներկայումս ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կան 26 ամենօրյա դպրոցներ՝ Սբ Ներսես հոգևոր ճեմարանը, Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային, Մեսրոպյան, Ալեք Մանուկյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-Դեմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Համագաղութային հայ․ Սբ Գրիգոր Լուսավորիչ, Մխիթարյան հայրերի, Գռուզյան-Զաքարյան Վասպուրական, Սահակ-Մեսրոպ, Արշակ Տիգրանյան, Հայ քույրերի, Շառլոթ և Էլիզ Մերտինյան, Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան, Արի Կիրակոս Մինասյան վարժարանները, Էմանուել Աստվածաշնչային և Մաշտոց քոլեջները, Դավթյան-Մարիամյան և Մխիթարյան կրթական հաստատությունները և այլն, 131 մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև մանկապարտեզներ։

Կանադայում առաջին հայկական դպրոցը (երեքօրյա) հիմնվել է 1919-ին։ Ամենօրյա դպրոցների ցանցը ձևավորվել է 1970-ական թթ-ին Մոնրեալում և Տորոնտոյում։ Գործում են ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան, Սբ Հակոբ, Սբ Խաչ ազգային, Քոլոլյան, ՀԲԸՄ Դանիել և Ալիս Զարուկյան, Հայ կաթողիկե Նարեկ վարժարանները։ Կրթությունը պետական կրթական ծրագրով է, պաշտոն․ լեզուն՝ անգլ-ը կամ ֆրանս-ը։ Հայոց լեզվին և հայ-ով դասավանդվող առարկաներին հատկացված է շաբաթական 7-12 ժամ։

Արգենտինայում ներկայումս գործում են հայկական 9 ամենօրյա դպրոցներ, այդ թվում՝ Արծրունի ազգային, Մխիթարյան, Պահչեճյան ազգային, Վիսենտե Լոպեսի ազգային, Արմենիո-Արգենտինա վարժարանները, Խրիմյան, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Մարի Մանուկյան կրթական հաստատությունները և այլն։ Դասավանդում են պետական կրթական ծրագրով, լրացուցիչ արտոնվում է ուսուցանել հայոց լեզու և կրոնի պատմություն (հայերեն)։

Բրազիլիայում գործում են Դուրյան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարյան ամենօրյա, ինչպես նաև մեկօրյա վարժարաններ։

Ուրուգվայում առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է դեռևս 1923-ին։ 1940-ական թթ-ի սկզբին այնտեղ կար հայկական 6 դպրոց։ Ներկայումս գործում են 2 ամենօրյա հայկական վարժարաններ՝ Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան։ Ուրուգվահայ երիտասարդ սերնդի գերակշիռ մասը իսպանախոս է, հայ երեխաները հիմնականում հաճախում են պետական վարժարաններ։

Սանտյագոյում (Չիլի) գործում է կիրակնօրյա դպրոց, Կարակասում (Վենեսուելա)՝ շաբաթօրյա վարժարան։

Ավստրալիայում առաջին հայկական դպրոցը (կիրակնօրյա) հիմնվել է 1960-ին Սիդնեյում։ Ներկայումս գործում են 3 ամենօրյա՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ (1985-ից), Արշակ և Սոֆի Գոլստըն (1986-ից), Ալեքսանդր (1991-ից, երեքն էլ՝ Սիդնեյում) վարժարանները, ունեն մանկապարտեզ և նախակրթարան։ Ուսումը պետական ծրագրով է, դասավանդվում են նաև հայոց լեզու և պատմություն, կրոն, հայկական երգ ու պար։ Կան նաև եկեղեցիներին կից 6 շաբաթօրյա դպրոցներ։

Ռուսաստանի հայկական համայնքներում դպրոցներ են հիմնադրվել XVIII դ-ի վերջից. առաջինը Նոր Նախիջևանի Սբ Խաչ վանքի դպրոցն էր (1784-ից, գործել է շուրջ 140 տարի)։ Հայտնի էին նաև Աստրախանի Աղաբաբյան դպրոցը (1810-1917), Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1810-1924), Եկատերինոդարի, Ստավրոպոլի, Արմավիրի, Մոզդոկի, Ղզլարի, Կիսլովոդսկի և այլ քաղաքների հայկական դպրոցները։ XIX դ-ի սկզբից, հատկապես Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո հայկական համայնքների ազգային կյանքում գլխավորը դարձել է կրթ․, մշակութային գործունեությունը։