1990-ական թթ-ի սկզբներից կտրուկ ստվարացել է հայերի թիվը ՌԴ-ում (շուրջ 2,2 մլն), մասնավորապես՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Ուրալի և Սիբիրի արդյունաբերական կենտրոններում, Սև ծովի կովկասյան ափի քաղաքներում։ Ներկայումս Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում (Սերգեյ Պոլե, Մոլդովկա, Ներքին Շիշլովկա, Չերեշնյա, Լոռ և այլն), Արմավիրում, Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա հայկական գյուղում (2 միջնակարգ և ութամյա), Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական գյուղերում (Չալթր, Մեծ Սալա, Թոփթի, Սուլթան Սալա և այլն) շարունակում են գործել կամ վերաբացվել են հայկական միջնակարգ դպրոցներ։
ՌԴ-ի գրեթե բոլոր հայ համայնքներում համայնքային կազմակերպություններին կից և նրանց հովանավորությամբ ստեղծվել են մեկօրյա դպրոցներ, պետական դպրոցներում՝ հայկական դասարաններ, հայոց լեզվի, հայ գրակ-յան, հայոց պատմության ուսուցման խմբակներ, դասընթացներ, Մոսկվայում 1990-ական թթ-ի սկզբին հիմնադրվել են հայկական և բազմազգ․ ամենօրյա դպրոցները, «Վերածնունդ» և Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքին կից կիրակնօրյա դպրոցները, «Հայորդաց տուն» դաստիարակության, «Լույս» մշակութ. կենտրոնները, Կալուգայում՝ ազգային կրթության կենտրոնը, և այլն։
Վրաստանն այն բացառիկ երկրներից էր, որտեղ հայկական դպրոցները գործել են պետական հովանավորությամբ, առաջնորդվել ՀՀ գիտության և կրթության նախարարության ծրագրով ու մեթոդ․ գրակ-յամբ։ Վրաստանի անկախացումից հետո պատկերը կտրուկ փոխվել է. հայկական միջնակարգ դպրոցներում դադարեցվել է հայոց պատմության դասավանդումը։
Վրաստանի կրթական նոր օրենքի համաձայն՝ Վրաստանի հանրային դպրոցներում (այդ թվում՝ հայկական) դասավանդման լեզուն վրացերեն է, որը լուրջ խոչընդոտ է դարձել հայաբնակ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների շուրջ 130 հայկական դպրոցներում սովորող հայ երեխաների համար։ Կրճատվել է նաև Թբիլիսիի հայկական դպրոցների թիվը, նախկին 8-ի փոխարեն ներկայումս 3-ն են։ 2010-ից Քութայիսում ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստ-ի աշխատանքային խումբն անցկացնում է հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների և տարր․ դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար, որին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Բորժոմի, Մառնեուլի, Թբիլիսիի հայկական դպրոցների ուսուցիչները։
Աբխազիայում գործում են 32 պետական հայկական դպրոցներ (յուրաքանչյուրում՝ 30- 60 աշակերտ, ընդամենը՝ 2 հազար), որոշ դպրոցներում կան նախապատրաստական դասարաններ՝ լեզվ. դժվարությունները հաղթահարելու համար։
Քիշնևում (Մոլդովա) 1990-ական թթ-ից ռուս․ դպրոցի հիմքի վրա գործում է հայկական դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ազգ. երգ ու պար։ Բացվել է նաև կիրակնօրյա դպրոց։
Ուկրաինայի որոշ քաղաքներում (Կիև, Օդեսա, Յալթա, Սիմֆերոպոլ, Եվպատորիա, Թեոդոսիա, Կազարատ, Սևաստոպոլ և այլն) նույնպես բացվել են կիրակնօրյա հայկական դպրոցներ։
Վերջին 2 տասնամյակում ստվարացել են նաև Միջին Ասիայի հանրապետությունների հայկական համայնքները, որն էլ հանգեցրել է հայկական կրթական կյանքի աշխուժացմանը։ Աշգաբադ և Թուրքմենբաշի (Թուրքմենստան), Ալմաթի (Ղազախստան), Բիշքեկ (Ղրղըզստան), Սամարղանդ (Ուզբեկստան) և այլ քաղաքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ, Սամարղանդի պետական դպրոցներից մեկում բացվել է հայկական դասարան։
Սփյուռքահայ կրթօջախների մեծ մասը սերտ կապի մեջ է մայր հայրենիքի հետ։ Սփյուռք են առաքվում գիտական հրատ-ներ, դասագրքեր (նաև էլեկտրոնային տարբերակով), տեսաժապավեններ։ Սփյուռքի հայտնի կրթական կենտրոններում դասընթացներ կարդալու են հրավիրվում Հայաստանի բուհերի լավագույն հայագետների, գրականագետների, պատմաբանների, և հակառակը՝ միջազգային համբավ ունեցող սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տրվում դասավանդելու ՀՀ կրթօջախներում՝ ներգրավելով նրանց կրթության համակարգի զարգացման ծրագրերում։ 2000-ից Երևանում կազմակերպվում են սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա դասընթացներ և սեմինարներ։