Այս էջը հաստատված է

գործում, հայ գրակ-ը ֆրանսիացի ընթերցողին ներկայացնելու առաքելության մեջ («Վարդենիք Հայաստանի», հ. 1-3, 1918-29)։ Փարիզում նա հրատարակել է նաև «Անահիտ», «Ապագա» պարբ-ները։ Այնտեղ էին համախմբվել Տիգրան Կամսարականը, Լևոն Բաշալյանը, Զապել Եսայանը, Վահրամ Թաթուլը, Վահան Մալեզյանը, Ռուբեն Որբերյանը, Ահարոն Տատուրը։ 1920-ական թթ-ին քաղաքական հանգամանքների բերումով այնտեղ է հանգրվանել նաև Ավետիս Ահարոնյանը, որն այլևս չէր ստեղծագործում։ Նորահաս սերնդի մեջ առանձնացել են նաև արձակագիրներ ու թատերագիրներ Նշան Պեշիկթաշլյանը («Ընկեր Շահազար», 1927, «Երգիծական», 1933, «Ծաղրանկարներ», 1938, «Նոր ծաղրանկարներ», 1952, «Մումիաներ կամ նորագոյն ծաղրանկարներ», 1954), Պետրոս Զարոյանը («Մեռնողները», 1928, «Սեւ եւ ճերմակ», 1941, «Մենք ալ հայրենիք ունինք», 1965), Շ. Նարդունին («Մեղեդինե՜ր, մեղեդինե՜ր», 1933, «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ», 1938, «Բանե՜ր, բանե՜ր, ի՛նչ բաներ», 1941, «Նարդեան բաժակ», 1968), Կարո Փոլադյանը («Կը հրաժարիմ հայութենէ...», 1949) և ուրիշներ։

Նորագույն շրջանում ֆրանսահայ գրակ-յան ավանդույթները պաշտպանել են Զուլալ Գազանճյանը («Կեանքը,- քոյրս», 1964, «Արեւածաղկի մը նման», 1975, «Շարունակելի», 1988, «Նորատուզ», 1992), Կարիկ Պասմաճյանը («Լուսատտիկ», 1971, «Շթաքարեր», 1973, «Բեղմնափոշի», 1976, «Վերադառնում եմ իմ սկիզբը», 1978, «Անաւարտ խաղ», 1980, «Աւարտախաղ», 2005), Հիլդա Գալֆայան-Փանոսյանը («Կաթիլ մը», 1980, «Լեզուէն անդին», 1982), Գրիգոր Պըլտյանը («Մանտրաներ», 1986, «Էր», 1992, «Հարուածը», 1998, «Նշան», 2000, «Անունը լեզուիս տակ», 2003, «Երկունք», 2006), Վահե Պերպերյանը («Յանուն հօր եւ որդւոյ», 1999, «Նամակներ Զաաթարէն», 2006), Մովսես Պչաքճյանը («Մինչեւ վերջինը արեւներուն», 2001, «Լուսաւոր աչքերով օտարականը», 1993, «Անցողիկը եւ անժամանցելին», 2005) և ուրիշներ։

Համեմատաբար ուշ՝ 1930-ական թթ-ից ազգ-մշակութային հաստատություններ են գործել Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում։ Եգիպտոսի համայնքը՝ իբրև քաղաքական, մշակութ., գրական ավանդույթների օջախ, ձևավորվել է շատ ավելի վաղ (Արփիար Արփիարյան, Երվանդ Օտյան, Կյուրճյան եղբայրներ, Վահան Թեքեյան և ուրիշներ)։ Կյանքի մայրամուտին եգիպտահայ գրական կյանքի անվերապահ առաջնորդ Երվանդ Օտյանը հրատարակել է «Հայ Տիասպորան» (1924-25) վեպը։ Եգիպտոսում են ստեղծագործել Սուրեն Պարթևյանը, Միքայել Կյուրճյանը, Վահան Նավասարդյանը, Ստեփան Շահպազը, Արշակ Տատուրյանը, Հմայակ Շեմսը և ուրիշներ։

Եղեռնից հետո աստիճանաբար Լիբանանում է կենտրոնացել հայության ստվար զանգվածը, որն էլ կարողացել է Բեյրութը դարձնել հոգևոր, գրական, կրթական, մշակութային կենտրոն։

1920-ական թթ-ի սկզբից այստեղ են հաստատվել գրականագետ Նիկոլ Աղբալյանը («Բանասերի յուշագիրը», 1937-38, «Պատմութիւն հայոց գրականութեան», 1944, «Գրական-քննադատակաև երկեր», 1959), Լևոն Շանթը («Հոգիները ծարաւի», 1944), մի որոշ շրջան՝ Կոստան Զարյանը («Նաւը լերան վերայ», 1943), որոնք իրենց երկերով նպաստել են սփյուռքահայ գրակ-յան զարգացմանը։

Մուշեղ Իշխանից, Վահե-Վահյանից և Անդրանիկ Ծառուկյանից բացի՝ Բեյրութում են ստեղծագործել ու ստեղծագործում Էդուարդ Պոյաճյանը («Հողը», 1948, «Տօմար տարագրի», 1963, «Ընտրանի», 1994, «Դուն», 2005), Սմբատ Փանոսյանը («Անարձագանգ քայլեր», 1949, «Որ մրրկաւ էին զատուած», 1953, «Զանձն իմ փառատրեալ», 1989), Գեղամ Սևանը («Ագռաւները թառեցան», 1949, «Սեւ ծովը նոյն է միշտ», 1954, «Կանաչ անապատ, 1957»), Գևորգ Աճեմյանը («Անկարելի պատմութիւն», 1956, «Օրերէն ետք», 1958, «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ», 1968, «Յարդագողի ժառանգորդները», 1983), Արմեն Դարյանը («Մեր հացը», 1956, «Խարիսխէն հեռու», 1964, «Խարիսխին մօտ», 1973, «Լեռը եւ տունը», 1982), Գառնիկ Ադդարյանը («Պատնեշին վրայ», 1957, «Մատեան ցաւի եւ հատուցման», 1965, «Ապրիմ-մեռնիմ», 1968, «Սեւ եւ կարմիր», 1979), Արամ Սեփեթճյանը («Անլոյս գիշերներ», 1964, «Կեանքի կարօտով», 1969, «Ես սեւ եմ... բայց գեղեցիկ», 1985, «Հող ես մորմոք», 2001), Պողոս Սնապյանը