Այս էջը հաստատված է

խմբերգային արվ-ով. ստեղծվել են «Կոմիտաս», «Պրո-Կոմիտաս», «Արաքս», «Անի», «Քնար», «Սիփան» (հիմնադիր ղեկ.՝ Հ. Անասյան) և այլ երգչախմբեր։ Գործում են նաև «Անդրանիկ», «Վահագն», «Սարդարապատ», «Սևան», «Հայրենիք» և այլ երգի-պարի անսամբլներ։

Ֆրանսիան սփյուռքահայ երաժշտարվ-ի զարգացման գլխավոր կենտրոններից է։ Ելնելով տեղի ազգ. կյանքի առանձնահատկություններից՝ այս գաղթավայրում մասնավորապես կոմպոզիտորները միաժամանակ ծավալել են և՛ խմբավար-կատարող., և՛ երաժշտագիտական, և՛ գրական-հասարակական գործունեություն։ Դաշնակահար Վահրամ Սվաճյանը գրել է դաշնամուրային պրելյուդներ, նոկտյուռններ, բազմաթիվ ռոմանսներ և այլ գործեր։ Կոմպոզիտոր և ջութակահար Օննիկ Պերպերյանը հայտնի է հատկապես սիմֆոնիկ երաժշտության ոլորտում («Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», «Հայրենիք» և այլն)։ Վարդան Սարգսյանը Սարսելում կազմակերպել է Հայ երաժշտ. միությունը, Փարիզում ղեկավարել «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը, գրել է «Արևագալի երգեր» շարքը, «Հայաստան», «Վարդան», «Ով մեծասքանչ դու հայ լեզու» և այլ հայրենասիր. երգեր։ Կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահի ինքնատիպ ստեղծագործությունն աչքի է ընկնում բացառիկ երգայնությամբ, նրա մեղեդիներին բնորոշ արևելյան երանգն ու իմպրովիզացիան համադրված են հայկական հոգևոր և բուն ժողովրդական երաժշտության տարրերի հետ։ Արա Դարբինյանի գործերից ուշագրավ են «Նոր երգեր» շարքը (շուրջ 30 մեներգ և 20-ից ավելի խմբերգեր)՝ գրված Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Պետրոս Դուրյանի և ուր. բանաստեղծությունների հիման վրա։ Սիմֆոնիկ երկերից են՝ «Կովկասյան սիմֆոնիան», «Գեղջկական համերգը» և այլն։ Կոմպոզիտոր և երգեհոնահար Րաֆֆի Ուռկանճյանը գրել է 3 պիես շեփորի և թավջութակի համար, «Մահվան երգը» (ըստ Ֆերման Գառնիեի պոեմի)՝ ֆլեյտայի, ալտի և տամ-տամի, «Վարիացիաներ»՝ երգեհոնի համար, և այլն։ Ավետիս Մեսումենցին ստեղծել է 4 սիմֆոնիան, 3 օպերան, 1 բալետը, 3 օպերետը, բազմաթիվ կամերային երկեր, մեներգեր ու խմբերգեր։

Ժորժ (Տիրան) Կառվարենցը գրել է երգեր (հիմնականում՝ Շառլ Ազնավուրի խոսքերով՝ «Փարիզի կամուրջները», «Սերը», «Լույսը» և այլն) և կինոերաժշտություն («Երկնային ամպրոպ», 1965, «Սամարղանդ», «Թեհրան-43», 1981, և այլ ֆիլմերի համար)։

Ֆրանսահայ կատարող․ արվ-ը բազմազան է ժանրերով, կատարման եղանակներով, ազգային ու օտար երկացանկով։ Գաղթավայրի երաժշտ. կյանքում առանձնանում է Արմենակ Շահմուրադյանի արվ-ը. Կոմիտասի ազգ. երգարվ-ի սկզբունքները նա ամրապնդել է նաև ֆրանսահայ երաժշտության մեջ։ Հիշարժան է Մարգարիտ և Շուշանիկ Բաբայանների գործունեությունը. Մարգարիտը ոչ միայն ճանաչված երգչուհի էր, այլև լավագույն մանկավարժներից։ Շուշանիկը մշտապես մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգներին՝ մասնավորապես մեկնաբանելով նրա դաշնամուրային պարերը։ Ֆրանս․ օպերային թատրոններում են երգել Անտոն Գավուքչյանը, Թամարա Թումանովան, Հայկանուշ Թորոսյանը։ Ժիրայր Սերգոյանը մոտ 30 տարի երգել է Փարիզի Գրանդ օպերայում։ Սոնա Նիկողոսյանը կատարել է 20-ից ավելի օպերային դերերգեր, համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր։ Ճանաչված են երգչուհիներ Ծովինար Տեր-Պետրոսյանը, Ալիս Շահմիրյանը, Լին Դուրյանը, դաշնակահարներ Րաֆֆի Պետրոսյանը, Մարգարիտ Միրիմանովան, Անի Կասեր-Ղազարյանը, Էժենի