Այս էջը հաստատված է

Շուշանիկ Միլտոնյանը (1968-ին հանդես է եկել Հայաստանում) և ուրիշներ։

Կանադայում հայկական երաժշտության պահպանման և զարգացման մեջ մեծ դեր են ունեցել հատկապես երգչախմբերն ու պարախմբերը, հայտնի են «Քնար» (1946, Մոնրեալ), «Հայաստան» (1968), «Անի» (1975, երկուսն էլ՝ Տորոնտո) երգչախմբերը, «Նուբար» (Մոնրեալ) պարախումբը, նաև խմբավարներ Երվանդ Ալեքսանյանը, Դավիթ Վարժապետյանը և ուրիշներ։ Մշակութային միջոցառումները տեղի են ունենում «Հայ տանը»։ Ճանաչված են կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանը, Գևորգ Անտոնյանը, դաշնակահար Րաֆֆի Արմենյանը, Նորայր Արթինյանը, դիրիժոր Հարութ Ֆազլյանը, երգչուհի Անի Գութանը և ուրիշներ։

Իրաքում Միջին Արևելքի հռչակավոր երաժիշտներից էր ուդահար Սիսակ Զարբհանելյանը, որը նաև «Ուղի մեթոդ» ձեռնարկի հեղինակն է, գրել է «Արյան ուղիներով» (1915-18 թ-ի Հայոց ցեղասպանության մասին է) վեպը։ Ճանաչված են դաշնակահարուհի և մանկավարժ Բեատրիս Օհաննիսյանը, ջութակահարներ Հայկ Պալյանը, Ա. Պապուխյանը, Վարդան Մանուկյանը, Արամ Զառացյանը, երգիչ Արշավիր Աղաբաբյանը և ուրիշներ։ Երաժշտ. խմբերից հայտնի են Բաղդադի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս», Կանանց, «Թարգմանչաց», «Սվաճյան» երգչախմբերը, ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» երգի-պարի անսամբլը, աշուղ․ խումբը և այլն։

Հունահայ գաղթավայրում հայտնի են երգչուհի Արտա Մնդիկյանը, կիթառահարներ Հրաչ Ղուկասյանը և Հակոբ Քոլանյանը (երկուսն էլ հյուրախաղերով հանդես են եկել Երևանում), դաշնակահարներ Քրիստին Անի Թոկալդյանը, Անդրանիկ Ներսիսյանը և ուրիշներ։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում է ստեղծագործել դիրիժոր Ռոլֆ Ակոբը, որը համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում։ 1965-ից Մյունխենում է ապրել նաև ջութակահար և կոմպոզիտոր Լյուդվիգ Բազիլը. գրել է ինքնատիպ մեներգեր ու խմբերգեր, հիմնել է «Մուզիքան» եռյակը։ Մեծ համբավ ունեն երգչուհի Լուիզա Պոզապալյանը (երգել է Մյունխենի և Համբուրգի օպերային թատրոններում), ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Սերգեյ Հովհաննիսյանը, դաշնակահար Արետ Բեկճյանը, թավջութակահար Կարո Աթմաճյանը և ուրիշներ։ Հայտնի են Քյոլնի «Էրեբունի» պարախումբը և «Նոր ձայն» նվագախումբը, Բեռլինի հայկական երգչախումբը և հայ եկեղեց. նվագախումբը, Մայնի Ֆրանկֆուրտի հայկական նվագախումբը (ղեկ.՝ Ժան Հախնազարյան)։

Ավստրիայում հանրաճանաչ են դաշնակահարներ Սեդա Դանիելը, Ավո Գույումջյանը, երգչուհիներ Սոնա Ղազարյանը, Հասմիկ Պապյանը և ուրիշներ։

Եգիպտահայ երաժիշտները մեծ ներդրում ունեն ինչպես ազգային, այնպես էլ արաբ․ երաժշտարվ-ում։ 1862-ին Մելիք Մերկերյանը՝ Կահիրեում, ապա Սամուել Խաչատրյանը Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնադրել են կոնսերվատորիաներ։ XX դ-ի ամենավաստակաշատ կոմպոզիտորներից է Էդուարդ Հակոբյանը, ազգային ոգով աչքի են ընկնում նրա «Քնարական երգեր» (Ա. Իսահակյանի խոսքերով), «Քուչակյան տաղեր», «Սիրո երգեր» շարքերը։ Արժեքավոր են նաև «Հայկական պատարագի տաղեր և մեղեղիներ» (1963) և «Սրբազան տաղեր» (1980) ժող-ները, ինչպես նաև «Սրբազան երգեր» ու «Ազգային հայրենասիրական և ազատագրական պայքարի երգեր» (երկուսն էլ՝ 1991) պրակները։

Կատարող․ արվ-ում հայտնի են դաշնակահարներ Աստղիկ Բաբլանյանը, Էոժեն Փափազյանը, Շաքե Իփեկյանը, ջութակահար Ժիրայր Քանթարջյանը, երգչուհիներ Հանրիետ Կարապետյանը, Անուշկան, ինչպես և «Ալեքսանյան», «Կոմիտաս», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերը։

Բելգիայում գործում է «Ամադեուս» երաժշտ. հաստատությունը, որի նպատակը շնորհաշատ պատանիների ու աղջիկների մասնագիտական ուսումնառությունը կազմակերպելն է։ Ճանաչված են երաժիշտներ Սուրեն Քեշիշյանը, Սյուզաննա, Էմանուել և Անի Գույումջյանները, ջութակահարներ Դանիել Նազարյանը, Կարեն Հարությունյանը, Տիգրան Մահտեսյանը, երաժշտագետներ Հայկ Քալանթարյանը, Պետրոս Ալահայդոյանը և ուրիշներ։

Կիպրոսի երաժշտ. մշակույթում մեծ ներդրում ունի Բարսեղ Կանաչյանը (Մելգոնյան վարժարանում հիմնել է երգչախումբ), ճանաչված են ջութակահար- խմբավարներ Վարդան Բեդելյանը, Ա. Ոսկանյանը, խմբավար Սեպուհ Աբգարյանը, դաշնակահարուհիներ Ք. Կեպենլյանը,