Այս էջը հաստատված է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ Կազմավորվել է 1991-ի սեպտ. 2-ին՝ ԼՂԻՄ-ի (1923-91) և հարակից Շահումյանի շրջանի (1992-ից Ադրրեջանի վերահսկողության տակ է) միացյալ տարածքում։ Այդ օրը ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային և Շահումյանի շրջ. խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակել է ԼՂՀ անկախությունը՝ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավ․ փաստաթղթերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքին համապատասխան։

ԼՂՀ պետաիրավական կարգավիճակը վավերացվել է 1991-ի դեկտ. 10-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է քաղաքացիների 82,2 %-ը, անկախացման օգտին քվեարկել է մասնակիցների 99,89 %-ը։ Հանրաքվեին մասնակցել է նաև Գետաշենի ենթաշրջանի բնակչությունը՝ ամրագրելով ենթաշրջանի միացումը ԼՂՀ- ին), որի արդյունքների հիման վրա 1992-ի հունվ. 6-ին ԼՂՀ ԳԽ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագիրը։

ԼՂՀ-ի տարածքը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքnւմ Փոքր Կովկասի ծայր արլ. մասում։ Ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակի արլ. հատվածը։ Արևմուտքում սահմանակից է ՀՀ-ին, հարավում՝ Իրանի Իսլամ. Հանրապետությանը, արևելքում և հս-ում Ադրբեջանին:

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

ԼՂՀ պետական դրոշը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոն․ տարբերանշանը հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992-ի հունիսի 2-ի որոշմամբ։ Եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի 2 ծայրերից սկսվող և դրոշի 1/3-րդ հատվածում միմյանց միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով։ Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Օգտագործվում են տարբեր չափերի դրոշներ՝ պահպանելով այդ հարաբերությունը։

ԼՂՀ պետական զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է. հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994-ի նոյեմբ. 17-ի որոշմամբ։ Զինանշանի վրա պատկերված է թևատարած արծիվ, գլխավերևում՝ Արտաշիսյանների հարստության թագը, որի շուրջ տարածվում են արևի ճառագայթներ։ Կենտրոնում՝ ԼՂՀ պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան համապատկերին, «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», քանդ.՝ Սարգիս Բաղդասարյան) քանդակի պատկերն է։ Ներքևում՝ արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ» մակագրությունն է (հեղինակ՝ Լավրենտի Ղալայան)։

ԼՂՀ պետական օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն» է (խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն՝ Արմեն Նասիբյանի), հաստատվել է ԼՂ ԳԽ 1994-ի դեկտ. 23-ի որոշմամբ։