Այս էջը հաստատված է

ԼՂՀ պետական օրհներգի խոսքը և երաժշտությունը

խոսք՝ Վ Հակոբյանի, երաժշտ.՝ Ա. Նասիբյանի

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Սահմանվել են նաև պետական պարգևներ՝ շքանշաններ ու մեդալներ, այդ թվում՝ ԼՂՀ պետական բարձրագույն պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, որը տրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց, և պատվավոր կոչումներ։ Տես Հավելված 2.1։

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԼՂՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով։ Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաև իշխանության հանրապետական և տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա։

ԼՂՀ պետության գլուխը հանրապետության նախագահն է, օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ն, գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը։

2006-ի դեկտ. 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ԼՂՀ Սահմանադրությունը, որով մարդու հիմն․ իրավունքներն ու ազատությունները ճանաչվել են որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք։ Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոս․ բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը, երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, սեփականության բոլոր ձևերի զարգացումն ու հավասար իրավ․ պաշտպանությունը, տեղական ինքնակառավարումը։