ԼՂՀ ներկայիս Կառավարությունը կազմվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքով (12.12.2007) և կազմված է առողջապ-յան, արդարադատության, արտադրական ենթակառուցվածքների, արտաքին գործերի, գյուղատնտեսության նախարարություններից, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի, պաշտպանության, սոցիալական ապահովության, տնտեսական զարգացման, քաղաքաշինության, ֆինանսների նախարարություններից։
ԼՂՀ Կառավարությանն առընթեր գործում են պետ. կառավարման հետևյալ մարմինները՝ ԱԱԾ, անշարժ գույքի կադաստրի պետկոմ, զբոսաշրջության վարչություն, հարկային պետական ծառայություն, շրջակա միջավայրի և բնական պաշարների վարչություն, ոստիկանություն, սպորտի պետկոմ, փրկարար ծառայություն, քաղաքաց. ավիացիայի վարչություն։
ԼՂՀ վարչապետներ են եղել Օլեգ Եսայանը (1992-ի հունվ-օգոստ.), Ռոբերտ Քոչարյանը (միաժամանակ՝ ՊՊԿ նախագահ, 1992-ի օգոստ. - 1994-ի դեկտ.), Լեոնարդ Պետրոսյանը (1995-98), Ժիրայր Պողոսյանը (1998-99), Անուշավան Դանիելյանը (1999-2007), 2007-ից Արա Հարությունյանն է։
Դատ. իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
ԼՂՀ դատարաններն անկախ են, դատավորները՝ անփոփոխելի, պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը։ Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։
Դատ. համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և գերագույն, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից։
ԼՂՀ բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից։ Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին նշանակում է ԱԺ-ն՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ։
ԼՂՀ-ում գործում է նաև Արդարադատության խորհուրդը, որը կազմված է 5 դատավորից և նախագահի ու ԱԺ-ի նշանակած 2-ական իրավաբաններից։
Գերագույն դատարանի նախագահներ են եղել Նիկոլայ Դադայանը (1991-2002), Վլադիմիր Հովսեփյանը (2002-07), Արարատ Դանիելյանը (2007-10), 2010-ից Արամայիս Ավագյանն է։
ԼՂՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է նախագահի առաջադրմամբ ԱԺ-ի նշանակած (6 տարի ժամկետով) գլխավոր դատախազը։
Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ և այլն։
ԼՂՀ գլխավոր դատախազներ են եղել Յուրի Սահակյանը (1992-93), Վլադիմիր Գասպարյանը (1994-95), Մավրիկ Ղուկասյանը (1995-2006), Արմեն Զալինյանը (2006-07), 2007-ից Արշավիր Ղարամյանն է։
Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների վերականգնումն ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ն անփոփոխելի է։ ԼՂՀ ՄԻՊ-ն ստեղծվել է 2009-ին։
ԼՂՀ ՄԻՊ-ը Յուրի Հայրապետյանն է։
Վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ ՎՊ-ի գործունեության ծրագիրը հաստատում է ԱԺ-ն։ ԼՂՀ ՎՊ-ն ստեղծվել է 2008-ին (նախագահ՝ Արմեն Մոսիյան)։
Նույն անձը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ նշանակվել ԼՂՀ գլխավոր դատախազ, ՄԻՊ և ՎՊ նախագահ, իսկ վերջիններս իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտր. կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիր. գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժ․ և ստեղծագործ․ աշխատանքից։