Անկախության հռչակումից և հատկապես զինադադարից հետո ԼՂՀ-ում ձևավորվել են հասարակական նոր հարաբերություններ, հաստատվել է բազմակուսակցական համակարգ։ Ավանդ. ԼՂ կոմկուսից բացի՝ սկսել են գործել նաև ԼՂՀ ՀՅԴ և Արմենական կուս-ները, ստեղծվել նոր՝ «Ազատ հայրենիք», «Սոցիալական արդարություն», «Շարժում-88» և այլ կուս-ներ։
1991-ի դեկտ. 28-ին անցկացվել են ԼՂՀ ԳԽ առաջին գումարման (5 տարի ժամկետով) ժողովրդական պատգամավորների ընտրություններ։ Նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը։ Մինչև 1994-ը տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններով ընտրվել է ընդհանուր թվով 81 պատգամավորից բաղկացած ԳԽ։
ԼՂՀ ԳԽ-ի 1994-ի դեկտ. 21-ի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվել է նախագահ․ կառավարման ինստիտուտ, սահմանվել է ԳԽ պատգամավորների նոր թվաքանակ՝ 33։ 1995-ի ապրիլի 30-ին անցկացվել են ԼՂՀ ԳԽ 2-րդ գումարման խորհրդարան․ ընտրությունները։
1996-ի մարտին ԼՂՀ ԳԽ-ն վերանվանվել է ԼՂՀ ԱԺ։ Նոյեմբ-ին տեղի են ունեցել ԼՂՀ առաջին նախագահ․ ընտրությունները։ Հանրապետության նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինիս՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, 1997-ի սեպտ-ին ԼՂՀ-ում անցկացվել են արտահերթ նախագահ․ ընտրություններ, և նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։
ԼՂՀ ԱԺ-ի 3-րդ գումարման ընտրություններում (2000-ի հունիսի 18) ձայների գերակշիռ մեծամասնությունն ստացել է Արցախի ժողովրդավար․ կուս-ը (33 մանդատից՝ 20-ը) և կազմել կառավարություն։
ԼՂՀ 3-րդ նախագահ․ ընտրություններին (2002-ի օգոստ. 11) մասնակցել է 4 թեկնածու. ԼՂՀ նախագահ է վերընտրվել Ա. Ղուկասյանը։
ԼՂՀ ԱԺ-ի 4-րդ գումարման ընտրություններում (2005-ի հունիսի 19) առաջատարը դարձյալ Արցախի Ժողովրդավար․ և «Ազատ հայրենիք» կուս-ներն էին։
2007-ի հուլիսի 19-ին տեղի են ունեցել ԼՂՀ 4-րդ նախագահ․ ընտրությունները, որին մասնակցել է 5 թեկնածու։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը, որը վերընտրվել է նաև 2012-ին։
2010-ի 5-րդ գումարման խորհրդարան. ընտրություների արդյունքում ԼՂՀ ԱԺ-ում ընտրվել են 3՝ «Ազատ հայրենիք» (14 պատգամավոր), Արցախի ժողովրդավարական (7), ՀՅԴ (6) կուս-ներ և 6 անկուսակցական պատգամավորներ։
Ներկայումս ԼՂՀ-ում գործում են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովդավարական, ՀՀԴ, ԼՂ կոմունիստական, «Սոցիալական արդարություն», «Բարոյական վերածնունդ», Արցախի Արմենական, «Մեր տունը Հայաստանն է», «Շարժում-88», «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուս-ները և մի շարք հասարակական ու ոչ պետական կազմակերպություններ, կանանց, երիտասարդ., մշակութային, մարզ., ստեղծագործ. և այլ միություններ։
Հասարակական կազմակերպություններից համեմատաբար ակտիվ են Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմի և ԶՈւ-ի վետերանների, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, զոհված ազատամարտիկների ծնողների և «Երկրապահ» միությունները, Արցախյան գոյամարտի վիրավոր մարտիկների օգնության «Վիտա» և այլ կազմակերպություններ։
«Ազատ հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2005-ին, նախագահ (2009- ից)՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյան։ ԼՂՀ ներկայիս Աժ-ում ունի 14 պատգամավոր։ Հրատարակում է «Ակունք» պաշտոնաթերթը։
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հիմնադրվել է 2005-ին, նախագահ՝ ԼՂՀ ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյան։ 2005-ին ընտրված ԱԺ-ում ուներ ամենամեծ պատգամավոր․ խմբակցությունը (16 մանդատ)։ 5-րդ գումարման ԱԺ-ում ունի 11 պատգամավոր։
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն Լեռնային Ղարաբաղում գործունեություն է ծավալել Արցախյան շարժման սկզբներից. ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ մշտապես ներկայացված լինելով խորհրդարանում։ Ներկայիս ԱԺ-ում ունի 6 պատգամավոր։
Ընդդիմադիր են ԼՂՀ կոմկուսը (հիմն.՝ 1996, 1-ին քարտուղար՝ Հրանտ Մելքումյան) և «Բարոյական վերածնունդ» (2005, նախագահ՝ Մուրադ Պետրոսյան) կուս-ը։