Այս էջը հաստատված է
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Արցախ-Ղարաբաղ նահանգի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայաբնակ։ Այդ են վկայում տարածքում հայտնաբերված բազմաթիվ վիմագիր արձանագրություններն ու պատմաճարտ. հուշարձանները։ Արցախը Հայաստանի 10-րդ նահանգ է դիտել Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը (913-915) Խաչենի մելիքին հղած իր նամակում։ Իսկ գերմանացի ճանապարհորդ Հանս Շիլտբերգերը 1138-40-ին արձանագրել է, որ Արցախը Հայաստանի մասն է, և բնակիչները հայեր են։

XII դ-ում թաթար-մոնղոլների և սելջուկ թուրքերի արշավանքներից հետո սկսել են Արցախ ներթափանցել քոչվոր խաշնարած թյուրքալեզու ցեղեր, որոնք մինչև 1926-ը՝ ԽՍՀՄ համամիութ. 1-ին մարդահամարը, պաշտոնապես անվանվել են կովկասյան թաթարներ, այնուհետև՝ ադրբեջանցիներ։

Բնակչության թիվը և ազգային կազմը՝ ըստ խորհրդային տարիների մարդահամարի տվյալների (հազար մարդ)

Տարեթվերը 1923 1939 1959 1970 1979 1989
Ամբողջ բնակչությունը 158,7 150,8 130,4 150,3 162,2 189,1
այդ թվում՝ հայեր 149,6 132,8 110,1 121,1 123,1 145,5
%-ով 94,1 88,1 84,4 80,6 75,9 76,9
ադրբեջանցիներ 7,7 14,1 18,0 28,2 37,3 40,6
%-ով 4,9 9,3 13,8 18,1 23,0 21,5
ռուսներ 0,6 3,2 1,8 1,3 1,3 1,9
%-ով 0,5 2,1 1,4 0,9 0,8 1,0
այլազգիներ - 0,7 0,5 0,7 0,6 1,0
%-ով - 0,5 0,4 0,5 0,4 0,5

1897-ին Անդրկովկասում անցկացված ռուս․ առաջին պաշտոն․ վիճակագր. տեղեկությունների համաձայն՝ Արցախ-Ղարաբաղում եղել է 110 հազար հայ ընտանիք։

1805-ին Ղարաբաղն ինքնակամ ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, որը վավերացվել է 1813-ին՝ Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Երկրամասը Ռուսաստանին միանալուց հետո՝ արդեն 1823-ին Ղարաբաղի լեռն․ մասի բնակչության 84,6 %-ը հայ էր, 14,7 %-ը՝ թաթար («Ղարաբաղի նահանգի նկարագրությունը», Թիֆլիս, 1866, էջ 260)։ 1913-ին ներկայիս ԼՂՀ սահմաններում բնակչության ընդհանուր թիվը 372 հազար էր (Շուշիում՝ 42 հազար)։

1918-20-ին թուրք-թաթարների կազմակերպած կոտորածների (միայն 1920-ին ոչնչացվել է ավելի քան 20 հազար հայ) հետևանքով հայերի ընդհանուր թվաքանակը նվազել է. 1921-ին դարձել է 131,5 հազար (94,4 %-ը՝ հայ), 1923-ին՝ ԼՂԻՄ-ի հռչակման ժամանակ՝ 157,8 հազար։

Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։ Ադրբեջանի կառավարությունն աստիճանաբար կրճատել է ներդրումների ծավալը ԼՂԻՄ-ում, և աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից։ 1939-ին Ադրբեջանի քաղաքներում ու շրջաններում աշխատել են ավելի քան 52 հազար ղարաբաղցի հայ շինարարներ և բանվորներ (մարզի բնակչության շուրջ 1/3-ը)։ Միևնույն ժամանակ, 1940-60-ական թթ-ին Արցախի գյուղերից ֆաբրիկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ երիտասարդների և ուղարկել աշխատելու Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ։

1945-60-ին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութային, կենցաղսպասարկման օբյեկտներ, այլև քանդվել, ոչնչացվել են եղած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական ոլորտի հաստատությունները։ Արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին հիմնականում Ստեփանակերտում և Շուշիում։ Կտրուկ փոխվել է մարզի և հատկապես Շուշիի ժողովրդագր. պատկերը։ Եթե 1913-ին Շուշիի բնակչության (42.400) 61,5 %-ը հայ էր, ապա 1989-ին քաղաքում ոչ մի հայ չէր մնացել։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը (45 հազար մարդ) զորակոչվել է բանակ. 22 հզ-ը զոհվել է։ 1949-ին մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս (Ռուսաստան) են աքսորել հազարավոր հայ ընտանիքների։ 1959-ին հայ բնակչության թվաքանակը 1946-ի համեմատությամբ նվազել է 37 հազարով։ Կտրուկ փոխվել է նաև բնական աճի պատկերը, եթե 1961-ին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40,5 երեխա, բնական աճը կազմել է 33,3: