Այս էջը հաստատված է

ԼՂՀ ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԼԵՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արլ. եզրին՝ Փոքր Կովկասի հարավ-արլ. մասում։ Տարածքում է Կուր-Արաքսի դաշտավայրի արմ. մասը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ հյուսիս-արևմուտքից հվ-արլ. ընդհանուր թեքությամբ։ Տարածքի միջին բարձր․ ծովի մակերևույթից 1100 մ է, ամենաբարձր կետը Արիություն լեռն է (3724 մ, Մռավի լեռնաշղթայում), ամենացածրը՝ Սև ջրի հովիտը (112 մ, Մարտունու շրջան)։ Բարձր լ-գագաթներից է Մռավը (3343 մ)։ Մռավի հարավ-արլ. կարճ, զառիթափ ու հողմահարված լանջերը հանրապետության տարածքում կտրտված են Թարթառ (Տրտու) գետի վտակների խոր կիրճերով ու գետահովիտներով։ Լ-շղթայի բարձրադիր մասերում պահպանվել են ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կառեր, կրկեսներ, տաշտակաձև հովիտներ)։ Տարածքի արմ. մասում հս-արևմուտքից հարավ-արլ. ձգվում է Ղարաբաղի (Արցախի) լեռնաշղթան, որի արլ.՝ Օխտնաղբյուր, Կուսանաց, Կաչաղակաբերդ, Շմանեկ, Ծավեն, Մարխաթուն և այլ լ-ճյուղեր բաժանված են Կարկառ, Խաչեն, Խոնաշեն և այլ գետերի ու դրանց վտակների խոր հովիտներով։ լեռնաշղթայի առավել բարձր գագաթների (Կուսանաց, Դալիսար և այլն) հարաբեր․ բարձրություն 500-600 մ է։ Հարավ-արևելքում ձգվում է Մեծ Քիրս լեռնաշղթան (2724 մ), որի հս. մասում է Ճաղատսարի լ-անցքը (2080 մ), որտեղով անցնում է Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին։ Լեռնաշղթայի արլ. մասում է Շուշիի սարավանդը։

Տարածքում կան ռելիեֆի կարստային ձևեր (հայտնի է Որվան-Ազոխի քարանձավը)։

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԼՂՀ տարածքը գտնվում է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոն. զոնայի հվ-արլ. մասում։ Մռավի ու Ղարաբաղի լ-շղթաները համապատասխանում են համանուն կամարածալքերին և կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթուքներով։ Ռելիեֆի ձևաբան․ կառուցվածքի կարևոր գործոններ են ժամանակակից տեկտոն. շարժումները։ Կենտրոնական ու արլ. մասերում գտնվող Ստեփանակերտի, Խաչենի, Հաթերքի և այլ միջլեռն. տեկտոնաէրոզային գոգավորություններ հարաբեր․ իջեցման տեղամասեր են և ունեն գոգածալքային կառուցվածքներ։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ նստվածքներով։ Գտնվելով Եվրասիական և Աֆրիկաարաբ. ցամաքային սալերի միջև՝ ԼՂՀ տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։

Տարածքի հս. մասը 7-բալլանոց ակտիվ երկրաշարժամետ գոտում է, հվ. մասը՝ 8։