Այս էջը հաստատված է

ՀՈՂԵՐԸ

ԼՂՀ հյուսիս-արլ. և հարավ-արլ. ծայրամասերի հարթավայրերում տարածված են շագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ, նախալեռներում՝ մուգ շագանակագույն և լ-տափաստանային, միջին բարձրության լեռներում՝ դարչնագույն ու գորշ հողերը, առանձին զանգվածներով՝ լեռն․ սևահողերը, Մռավի լեռնաշղթայի բարձրադիր մասում՝ լ-մարգագետնային ու կմախքային հողերը։

ԲՈՒՍԱԾԱԾԿՈՒՅԹԸ

ԼՂՀ բուսածածկույթն աչքի է ընկնում բուսահամակեցությունների բազմազանությամբ. աճում է ավելի քան 2000 բուսատեսակ։ Բուսական հիմն․ տիպերի (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, լ-մարգագետնային և այլն) աշխարհագր. տեղաբաշխումը վերընթաց գոտիական է։ Ցածրադիր վայրերում չոր տափաստանային լանդշաֆտին բնորոշ են կծմախոտային, օշինդրակծմախոտային, օշինդրային և օշինդրաաղախոտային համակեցությունները։ Անտառների տարածքը 533,2 հազար հա է. 43 %-ը բոխի է, 21 %-ը՝ հաճարենի, 20,7 %-ը՝ կաղնի, աճում են նաև լորենի, թխկի, հացենի։ Կան նաև բազմաթիվ վայրի պտղատու ծառատեսակներ ու թփուտներ (տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, տխլենի, նռնենի, թզենի, զկեռենի, հոնենի, մոշենի և այլն)։ Ավելի բարձրադիր վայրերում մարգագետնաթփուտային և լեռնաչորադիմացկուն նոսրուտներ են։ Մռավի լեռնաշղթայի բարձրադիր փոքրաթեք տեղամասերում և Ղարաբաղի լեռնաշղթայի գագաթնային և մերձգագաթնային մասերում լ-մարգագետնային լանդշաֆտ է։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականություն՝ որպես արտագոտիական բուսական համակեցություններ, կան բոլոր գոտիներում։

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

ԼՂՀ տարածքը Իրան., Փոքրասիական և Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկում է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը երկրամասի կենդ. աշխարհի տեսակների վրա։ ԼՂՀ կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Դրանց հիմնական մասը հարմարված է տաք և չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային, անտառային և նոսրանտառային լանդշաֆտներին։ Այն ընդհանուր առումով ներկայացված է անողնաշար (անձրևաորդ, խեցգետին, մրջյուն, մեղու, ծղրիդ, մորեխ, մոծակ, ճպուռ և այլն) և ողնաշարավոր (բեզոարյան այծ, եվրոպ. այծյամ, վայրի խոզ, գորշ արջ, հովազ, եղեգնակատու, գորշուկ, սկյուռ, անտառային կատու, գյուրզա, կրիա, կաքավ, թուրաջ, փասիան, վայրի հնդկահավ և այլն) կենդանիներով։ Բոլոր գոտիներում կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, շնագայլ, լճագորտ, մողես, լորտու, առնետ, թռչուններից՝ անգղ, արծիվ, բազե, աղավնի, մոշահավ, կաչաղակ, ագռավ, սովորական ճնճղուկ, չղջիկ և այլն։ Համեմատաբար մեծ գետերում կան ձկներ։