Նահանգի արլ. եզրը հասել է Մուխանք (Միլ-Մուղան) դաշտին, իսկ արևմուտքում ընդգրկել է Գեղամա (Սևանա) լճի ամբողջ արլ. ափը՝ Սողք գավառով։
IX դ-ի կեսից Խաչենի իշխանությունը տարածվել է նաև Ուտիքի հվ. ու արմ. գավառների վրա։ Սահլ Սմբատյանի (IX դ-ի 1-ին կես) նվաճումների հետևանքով Մեծ Սյունիքի հյուսիս-արմ. մասը (Գեղամա գավառ) նույնպես անցել է Խաչենի իշխանությանը։
X դ-ից առավել կարևորվել է բերդ-ամրոցներով հարուստ Արցախի կենտրոնական մասը՝ Խաչենը (Թարթառ, Խաչեն ու Կարկառ գետերի հովիտները)։ Անկախ տոհմաճյուղերի քանակից՝ Խաչենի իշխանությունը միշտ հանդես է եկել որպես մեկ ամբողջություն՝ ճյուղերից մեկի գահերեցությամբ։
Բյուզանդիայի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը (913-920 և 944-959), թվարկելով Հայաստանի պետական կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուզ. արքունիքը գրագրություն ուներ, հիշատակել է նաև Խաչենի իշխանին։ Այսինքն՝ Մեծ Հայքի Ծավդեք-Արցախի նախարարության անընդմեջ ժառանգորդ Խաչենի իշխանությունը շարունակել է մնալ Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից։ Օրենսդիր և առակագիր Մխիթար Գոշը (1120-ական թթ.-1213) հանձին Խաչենի իշխանության ու Կիլիկիայի հայկական իշխանապետության (1080-1198) տեսել է հայրենի թագավորության այն հզոր բեկորները, որոնց հետ կապված են հայ ժողովրդի քաղաքական միասնության վերականգնման բաղձանքները։
XI դ-ում սելջուկ թուրքերի տիրապետության դեմ մղած մարտերի և Զաքարյան իշխանների ձեռնարկած ռազմաքաղաք․ միջոցառումների հետևանքով Խաչենի իշխանությունը բաժանվել է նոր ճյուղավորումների. XII դ-ի վերջին արդեն 3-ն էին՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն (Ծար)։ Այս ճյուղերի գործարար հովանավորությամբ շեն ու բարգավաճ են մնացել հոգևոր-մշակութային կենտրոնները՝ Դադիվանքը, Գանձասարի, Խադարի և այլ վանքեր, որոնց գրչության կենտրոններն ու դպրատները մեծ համբավ են ունեցել Հայաստանում և հաջողությամբ գլխավորել Խաչենի իշխանության ու հարակից շրջանների մշակութային կյանքը։
Մոնղոլ-թաթարների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիական կապեր են հաստատել Զաքարյան զորապետների հետ և վայելել նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Իվանե աթաբեկի նախաձեռնությամբ Հաթերքի իշխանությունը նույնպես միացվել է Վերին Խաչենին։ Մոնղոլ-թաթարների տիրապետության տևական շրջանը (XIII-XIV դդ-ի 2-րդ կես) ծանր ազդեցություն է ունեցել Խաչենի իշխանության քաղաքական ու մշակութային կյանքի վրա։ XIII դ-ի 1-ին կեսին վերացել է Հաթերքի իշխանությունը, իսկ նրա տիրույթներն անցել են Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին ու Վերին Խաչենի Դոփյաններին։ Հակամոնղ. շարժումները գլխավորելու համար 1261-ին սպանվել է Հասան-Ջալալ Դոլան, որը շուրջ 40 տարի Խաչենի գահերեց իշխանն էր և հովանավորում էր ամբողջ Հյուսիս-արլ. Հայաստանի մշակույթը, իսկ մոնղոլների տիրապետության առաջին շրջանում աչքի է ընկել հայրենի իշխանությունները միավորելու, մոնղոլ տիրակալների հետ արդյունավետ բանակցություններ վարելու շրջահայաց քաղաքականությամբ։ Գիտակցելով Վերին ու Ներքին Խաչենների իշխանների ազդեցիկ դերը Արևելյան Հայաստանի քաղաքական կյանքում՝ մոնղոլ կուսակալները ջանացել են գլխատել Խաչենի իշխանությունը, պարբերաբար դավեր են նյութել նրանց դեմ, վարկաբեկել մոնղոլ մեծ խանի մոտ, կալանել նրանցից առավել ուժեղներին։ 1387-ին Լենկթեմուրի հրոսակները կոտորել են հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած Ծարի տեր Հասանին ու նրա 6 որդիներին։
Այդուհանդերձ, նրանց չի հաջողվել վերացնել Խաչենի իշխանությունը։ Կարակոյունլու և ակկոյունլու թուրքմ. ցեղերի դժնդակ տիրապետության շրջանում (XV դ.) բովանդակ Հայաստանում Խաչենի իշխանությունն իր գոյությունն անընդմեջ պահպանած միակ պետական կազմավորումն էր։ XVI դ-ի 2-րդ կեսի թուրք-պարսկ. պատերազմների տարիներին Խաչենի իշխանության մաս կազմող գավառ․ մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղ-տնտեսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի իշխանության վավերացումը, որը տեղի է ունեցել Սեֆյան Պարսկաստանի Շահ Աբբաս I-ի օրոք. 1603-ին Խաչենի իշխանության գավառների իշխանավորներին նա օժտել է մելիք․ (իշխան.) տիտղոսով ու որոշակի իրավունքներով։