մինչև Պարսից ծոց՝ ներառյալ Բաբելոնիան Արգիշտի Ա-ի ռազմաքաղ․ ազդեցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր արձանագրությամբ հայտնաբերվել է սաղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում)։
Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշտում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է Էրեբունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր)։ Կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ, զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը։
Վանի թագավորության հզորությունը շարունակվել է Արգիշտի Ա-ի որդու՝ Սարդուրի Բ-ի օրոք (մ. թ. ա. 764-735)։ Վերջինս կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների՝ համադաշնային կառավարման համակարգից անցնելով գերկենտրոնացված պետության։
Սարդուրի Բ-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը, հյ-ում հասել է Սև ծով, հս-արլ-ում՝ Կուր գետ, արլ-ում՝ Կասպից ծով, արմ-ում՝ Փոքր Ասիայի կենտր․ շրջան, հվ-ում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով՝ Միջերկրական ծով։
Այդ շրջանում երկիրը դարձել էր «Չորս ծովերի տերություն», իսկ բանակը՝ «Սարդուրյան տարեգրության» համաձայն՝ շուրջ 350-հազարանոց՝ նվաճված ու հարկատու Երկրների զինուժով հանդերձ։
Սակայն Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III-ը մ. թ. ա. 743-735-ի արշավանքների հետևանքով վերականգնել է իր երկրի նախկին դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում։
Սարդուրի Բ-ի հաջորդը՝ Ռուսա Ա-ն (մ. թ. ա. 735-մոտ 710-ական թթ.), նախկին նահանգների տրոհմամբ ձևավորել է մարզային կառավարման համակարգ։ Բանակի կազմում առանձնացրել է արքայական գունդը՝ բաղկացած հեծյալ զորամիավորումների ընտրյալ ուժերից, ձևավորել է մարզային զորքերը։ Արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի- Մուսասիր։ Վերջինիս պատճառով նոր բախում է տեղի ունեցել Ասորեստանի հետ. Սարգոն II արքան (մ. թ. ա. 721-705) մ. թ. ա. 714-ի գարնանն արշավել է Վանի թագավորություն, վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր, կողոպտել է Խալդիի գլխավոր տաճարը և կից զինանոցը։ Բայց կարճ ժամանակ անց Ռուսա Ա-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը։
Ռուսա Ա-ի հաջորդի և որդու՝ Արգիշտի Բ-ի (մ. թ. ա. մոտ 710/708-680-ա- կան թթ.) օրոք հս-ից ընդհանուր թշնամու (կիմերական ցեղեր) հայտնվելու պատճառով Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումները դադարել են։ Արգիշտի Բ-ն զենքն ուղղել է արլ. և Արաքսի հվ-ով հասել մինչև Կասպից ծով։
Պետության վերջին հզոր տիրակալը՝ Ռուսա Բ-ն (մ. թ. ա. մոտ 685-645)՝ Արգիշտի Բ-ի որդին, խթանել է քաղաքաշինությունը։ Եփրատից արմ. գրավել է 5 երկիր։ Նրան հաջողվել է դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց տեղափոխմանը Փոքր Ասիայի արլ.։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում, որը հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք։ Այստեղից Ռուսա Բ-ն կարողացել է կիմերներին ուղղորդել Ասորեստանի դեմ։
Մ. թ. ա. 652-ին նա բարեկամ, ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքայի մոտ, որին մեծ պատիվներով ընդունել են Արբելա քաղաքում։
Ռուսա Բ-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետությունը թուլացել է։ Վերջին՝ հստակ թվագրվող արքան Սարդուրի Գ-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643-ին։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա Գ-ի (էրիմենայի որդու) իշխանության շրջանը։
Պետության անկմանը նպաստել են նաև հս-ից ասպատակող սկյութ, ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին հավանաբար կատարվել է պալատ, հեղաշրջման միջոցով՝ մ. թ. ա. 609-ից առաջ։
Հայկ․ լ-աշխարհի հվ-արմ. մասում Հայկազունների գլխավորությամբ ձևավորվել է հայկական նոր մեծ իշխանություն, որը Պարույր Հայկազունին մ. թ. ա. 612-ին հռչակել է թագավորություն։