Այս էջը հաստատված է

անջատել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը դարձնել Արևմուտքի ամրակետը և խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը։ Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետությունների քաղաքականությունն ակնհայտ ադրբեջանամետ էր։

Ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգվել է ԼՂ էթնիկ պատկերի այնպիսի փոփոխության հաշվարկով, որը նպաստավոր լիներ մուսավաթ. Ադրբեջանի համար։ 1919-ի հունվ. 15-ին ադրբ. կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել է ԼՂ գեն-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։ 1919-ի փետր. 19-ին Շուշիում գումարվել է Արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժել է Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեն-նահանգապետ նշանակելու համար։ Ի պաշտպանություն Սուլթանովի նշանակման՝ բրիտ. առաքելությունը հանդես է եկել պաշտոն․ ծանուցմամբ, որտեղ հայտարարել է. «...բրիտանական հրամանատարության համաձայնությպմբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվել է Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտ. առաքելությունն անհրաժեշտ է համարում վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։

Ի պատասխան այդ հայտարարության՝ Ղարաբաղի ազգային խորհուրդը հայտարարել է, որ ԼՂ կառավարման միակ ընդունելի ձևը համարում է անգլիացի գեն-նահանգապետի նշանակումը։ Սակայն անգլ. հրամանատարությունը, հակառակ հայերի բողոքների, շարունակել է օգնել ադրբ. կառավարությանը։ Բաքվում անգլ. զորքերի հրամանատար գնդապետ Շատելվորտը 1919-ի ապրիլի վերջերին եկել է Շուշի՝ Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով։ Ապրիլի 23-ին Շուշիում հրավիրվել է Արցախահայության 5-րդ համագումարը, որը մերժել է Շատելվորտի պահանջը։ Սուլթանովը վճռել է ԼՂ-ն իրեն ենթարկեցնել զենքի ուժով։ Գրեթե ողջ ադրբ. բանակը կենտրոնացվել է ԼՂ-ի սահմանների երկայնքով։ 1919-ի հունիսի 12-ին անգլ. զորքերը հեռացել են ԼՂ-ից՝ գործողությունների ազատություն տալով ադրբ. զորքերին։

Այդ օրերին հրավիրված Արցախահայության 6-րդ համագումարին պետք է մասնակցեին և՛ բրիտ. առաքելության, և՛ ԱՀ կառավարության ներկայացուցիչները։ Համագումարի հիմնական խնդիրը մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովի հրավիրումը ԼՂ-ի և ԱՀ-ի փոխհարաբերությունների հարցի քննարկումն էր։ Սակայն բրիտ. առաքելության և ԱՀ-ի կառավարության ներկայացուցիչները ներկայացել են համագումարի ավարտից հետո, և նրանց հետ բանակցություններ չեն կայացել։ Բայց քանի որ համագումարի ստեղծած հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ պատերազմի դեպքում ԼՂ-ն չի կարողանա պաշտպանել իր անկախությունը, Ադրբեջանի զինված հարձակման սպառնալիքի տակ ստիպված բանակցություններ է սկսել։

1919-ի օգոստ. 13-ին հրավիրված Արցախահայերի 7-րդ համագումարն օգոստ. 22-ին ստորագրել է համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը ԼՂ-ն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։ Սակայն հայերը զենքը վայր չեն դրել, և ադրբ. զորքերն էլ չեն մտել ԼՂ։ Երկրամասն առաջվա պես մնացել է ինքնուրույն քաղաքական միավոր։

1920-ի փետր. 19-ին Սուլթանովը նորից դիմել է Ղարաբաղի ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով։

1920-ի փետր. 28-ից մինչև մարտի 4-ը տեղի է ունեցել Արցախահայության 8-րդ համագումարը, որը մերժել է Սուլթանովի այդ պահանջը ևս։

Միևնույն ժամանակ Ղարաբաղի հայերն ինքնապաշտպանության նպատակով մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը դիմել են զինված ապստամբության։ Մարտերը շարունակվել են մինչև ապրիլի 13-ը։ Առանձնապես ողբերգական էր 1920-ի մարտի 23-ը, երբ թուրք-ադրբ. զորքերը հրկիզել և կողոպտել են երկրամասի մայրաքաղաքը՝ Անդրկովկասի՝ բնակչության թվով հինգերորդ քաղաքը՝ Շուշին։ Սպանվել է ավելի քան 20 հազար հայ, իսկ քաղաքը հիմնովին ավերվել է, ոչնչացվել և սրբապղծվել են տասնյակ եկեղեցիներ ու պատմամշակութային այլ կոթողներ։

1918-20-ին թուրք․ զորքերի և ադրբ. ավազակախմբերի համատեղ հարձակումներից կոտորվել և սովից ու համաճարակներից մահացել է ավելի քան 300 հազար հայ։

Շուտով Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ ՀՀ-ից օգնության են հասել ապստամբներին և ԼՂ-ից դուրս քշել ադրբ. զորքը։

1920-ի ապրիլի 23-ին տեղի է ունեցել Արցախահայությաև 9-րդ համագումարը, որը ԼՂ-ն հռչակել է Հայաստանի անքակտելի մասը։ Համագումարի ամփոփիչ փաստաթղթում ասված է.

1. «Ղարաբաղի 7-րդ համագումարի անունից Ադրբեջանի կառավարության հետ ստորագրված համաձայնագիրը վերջինիս կողմից համարել խախտված՝ նկատի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության վրա, Շուշիի և գյուղերի բնակչության կոտորածը։

2. Հայտարարել Լեռնային Ղարաբաղը, որպես անբաժանելի մաս, Հայաստանի Հանրապետությանը միացնելու մասին»։

Այսպիսով՝ Անդրկովկասի 3 ազգային պետությունների սահմանների որոշման և կազմավորման նախնական շրջանում ԼՂ-ն չի եղել մուսավաթ. Ադրբեջանի կազմում՝