Այս էջը հաստատված է

են ավելի քան 150 մարդու, բանտերում վերացրել 20 հայի, 10 մարդ անհայտ կորել է։ Երկամյա հետապնդումների հետևանքով Ղարաբաղից հեռացել է ավելի քան 100 ընտանիք, հիմնականում՝ մտավորականներ։ Այդ գործողությունների հեղինակն ու իրականացնողն Ադրբեջանի ՊԱԿ-ն էր (ղեկ.՝ Հեյդար Ալիև)։

Ղարաբաղյան հարցի արծարծումը 1977-ին կապված էր ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագծի քննարկումների հետ, որը դարձյալ մնացել է անարձագանք։

1987-ի կեսերից Արցախյան շարժումը թևակոխել է նոր՝ ազգ-ազատագր. պայքարի փուլ։ ԼՂԻՄ-ի տասնյակհազարավոր բնակիչներ մասնակցել են հանրահավաքների և ցույցերի, մարզի ներկայացուցիչները խնդրագրերով դիմել են ԽՍՀՄ կենտրոնական կուս. և պետական մարմիններին։ ՀԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջը բովանդակող հանրագիրը ստորագրել է ավելի քան 80 հազար մարդ։

1988-ի փետր. 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել դիմել Ադրբ. և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։

Մարզխորհրդի այդ նստաշրջանը խափանելու նպատակով նույն օրը Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Ք. Վեզիրովը, կենտկոմի բյուրոյի անդամներ և ԽՄԿԿ կենտկոմի հրահանգիչ Վ. Յաշինը, հրավիրել են կուս-յան մարզկոմի բյուրոյի նիստ, որն ստեղծված կացության համար պատասխանատու է համարել մարզի կուսակցկան կազմակերպությանը։ Չնայած պաշտոն. Բաքվի ներկայացուցիչների և կուս-յան մարզային կոմիտեի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի հակազդեցությանը՝ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը, այնուամենայնիվ, գումարվել է և ընդունել Հայաստանի հետ մարզի վերամիավորման որոշում։

Փետր. 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն Արցախյան շարժումը որակել է որպես «ծայրահեղական», իսկ ադրբ. կողմը պատասխանել է ագրեսիայով։

ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ ադրբ. Սումգայիթ քաղաքում, 1988-ի փետր. 27-29-ը կազմակերպվել են հայերի զանգվածային կոտորածներ։

Ոճրագործությունը ծրագրվել է նախօրոք և ամենայն մանրամասնությամբ։ Ըստ ԽՍՀՄ դատախազության տվյալների՝ Սումգայիթում սպանվել է 27 հայ, բայց ականատեսների վկայությամբ միայն ինքնությունը չպարզված զոհերի թիվն անցել է 70-ից։ Սպանվածների մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել է։ Սումգայիթից տեղահանվել է մոտ 18 հազար հայ, որոնք հաստատվել են ԼՂԻՄ-ում, ՀՀ-ում և ԽՍՀՄ այլ հանրապետություններում։

1988-ի փետր. 29-ին Կրեմլում տեղի է ունեցել ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի նիստ, որտեղ արձանագրվել է («հույժ գաղտնի»), որ զանգվածային ջարդերն ու կոտորածները Սումգայիթում իրականացվել են ազգային հատկանիշով և ուղղված են բացառապես հայերի դեմ։ Բայց կատարվածը հանրությունից թաքցնելու բացահայտ միտումով այն հայտարարվել է խուլիգանական տարրերի արարք, որից տուժել են և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ։ Իսկ հուլիսի 18-ին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, թե Սումգայիթի ողբերգությունը չէր լինի, եթե զորքը չուշանար 3 ժամով։ Բայց զորքն ուշացել էր ոչ թե 3 ժամով, այլ առնվազն 3 օրով, իսկ քաղաք մտնելուց հետո էլ չի միջամտել իրադարձություններին։

Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտել են Եվրախորհրդարանը (1988), ԱՄՆ-ի Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը (1989)։

1988-ի մարտին Ստեփանակերտում ստեղծվել է «Կռունկ» հաս-քաղաքական կազմակերպությունը (խորհրդի նախագահ՝ Արկադի Մանուչարով)՝ ԼՂԻՄ-ում առաջացած համաժողովրդական ընդվզումը ղեկավարելու համար։

1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմը և նախարարների խորհուրդը որոշում են ընդունել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին, որով, ըստ էության, խնդիրը հայտարարվել է զուտ տնտեսական բնույթի, և 1988-95-ին ԼՂԻՄ-ին հատկացվելու էր 400 մլն ռուբլի՝ «թույլ տված թերացումները հաղթահարելու համար»։ Այս որոշումը ներկայացվել է որպես հիմնախնդրի լուծման սպառիչ միջոց, որից, սակայն, օգտվել են միայն Բաքվի իշխանությունները, իսկ ԼՂԻՄ-ում որևէ կենս․ հարց չի լուծվել։