Այս էջը հաստատված է

պայմանական անունով, որը դաժանությամբ իրականացրել են ԽՍՀՄ ԶՈւ-ի և ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումներն ու ադրբ․ մհոջականները։

Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, ապրիլի 30-ին օդուժի և զրահատեխնիկայի աջակցությամբ շրջափակել են Գետաշենն ու Մարտունաշենը և սկսել ջարդերը, բռնություններն ու կողոպուտը։ Այդ գործողությունը, ըստ էության, վերածվել է հայ բնակչության բռնի արտաքսման։ Տեղահանվել են Գետաշենն ու Մարտունաշենը, Հադրութի շրջանի՝ 14, Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի 4 գյուղեր։

Գործողության ժամանակ Գետաշենում զոհվել են ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանը (Հայաստանի ազգային հերոս՝ 1996), ջոկատի հրամանատար Սիմոն Աչըքգյոզյանը (Դեդ) և ուրիշներ։

Ասկերանի շրջանի Արցախաշեն ու Պադարա գյուղերում նույնպես, որոնք գործողության շրջանից դուրս էին, անձնագր. ռեժիմի ստուգման ու ապօրինի զինյալներին զինաթափման պատրվակով իրականացվել են ջարդեր, կողոպուտ ու ձերբակալություններ։

Ապրիլ-մայիս ամիսներին «Օղակ» գործողության ընթացքում Արցախի հայկական բնակավայրերի վրա կատարվել է 80-ից ավելի հարձակում, զոհվել են 20 խաղաղ բնակիչներ, 100-ից ավելին պատանդ վերցվել, տեղահանվել շուրջ 5000 մարդ։

1991-ի մայիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը խորհրդային բանակի դեսանտայիններն ու ադրբ. մհոջականները ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում դարանակալել և դաժանությամբ սպանել են ՆԳ բաժնի 15 ոստիկանների, 3-ին գերեվարել։

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն այդ օրերին դիմել է Ռուս ուղղափառ եկեղեցուն, Հռոմի պապին, աշխարհի բազմաթիվ եկեղեց. կազմակերպությունների՝ հայերի տեղահանությունները կանխելու համար ԽՍՀՄ իշխանություններին միջնորդելու խնդրանքով։ Մայիսի 3-ին համանման խնդրանքով Մ. Գորբաչովին դիմել է նաև Հայաստանի կոմկուսի ակտիվը։

Մայիսի 6-ին Մոսկվայում քննարկվել է վերջինիս խնդրանքը՝ ԼՂԻՄ-ում տիրող իրադրության և ղարաբաղա-ադրբ. հարաբերությունների կտրուկ սրման պատճառով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումար հրավիրելու մասին։

Մայիսի 7-ին ԼՂԻՄ-ի մարզկոմը դիմել է ՄԱԿ-ին և աշխարհի մի շարք երկրների ղեկավարների՝ խնդրելով քաղաքական ապաստան տալ ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը։

1991-ի հունիսի 19-ին տեղի է ունեցել մարզխորհրդի գործկոմի ընդլայնված նիստ, որոշվել է վերականգնել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ-ի մարզ․ խորհրդի մինչ այդ դադարեցված լիազորությունները, անցկացնել մարզխորհրդի նոր ընտրություններ, միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի զինված ագրեսիան կանխելու համար։ Մարզային մարմինների գործառույթները վերականգնելու և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ադրբ. կողմի հետ հնարավոր երկխոսություն սկսելու համար հունիսի 24-ին ԼՂԻՄ-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է ԽՍՀՄ ԳԽ նախագահ Անատոլի Լուկյանովի, պաշտպանության նախարար Բորիս Պուգոյի, գլխավոր դատախազ Նիկոլայ Տրուբինի, ԱԳ նախարար Էդուարդ Շևարդնաձեի հետ, որը, սակայն, որևէ գործնական հետևանք չի ունեցել։

1991-ի հուլիսին ադրբ. մհոջականները հարձակվել են Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ և Վերիշեն գյուղերի վրա։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են նաև շրջանի և հայաստանյան կամավորական ջոկատներ ու աշխարհազորայիններ՝ Շահեն Մեղրյանի