ընդհանուր հրամանատարությամբ։ Վերիշենի ինքնապաշտպանական մարտերում հուլիսի 20-ին զոհվել է «Հատուկ գնդի» վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանը (Հայաստանի ազգային հերոս՝ 1996)։
1991-ի սեպտ. 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂ մարզային և Շահումյանի շրջ. խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվել է հռչակագիր ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի սահմաններում ԼՂՀ ստեղծելու մասին։ Իսկ մինչ այդ՝ 1990-ի ապրիլի 3-ին ընդունվել էր «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը, որն ինքնավար կազմավորումներին նույնպես հնարավորություն էր ընձեռում ինքնորոշվելու որպես միութ. դաշնության ինքնուրույն սուբյեկտներ՝ ընդհուպ մինչև միութ. հանրապետության կազմից դուրս գալը։
ԼՂՀ անկախության հռչակումը հաջորդել է Ադրբ. ԽՍՀ-ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հայտարարությանն ու 1991-ի օգոստ. 28-ին անկախության հռչակմանը և իրականացվել է ԽՍՀՄ վերոհիշյալ օրենքի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային իրավ․ և սահմանադրական նորմերի շրջանակներում։ 1991-ի դեկտ-ին լուծարվել է ԽՍՀՄ-ը, և նախկին Ադրբ. ԽՍՀ տարածքում ստեղծվել են 2 անկախ իրավահավասար պետություններ՝ ԼՂՀ ու ԱՀ, և օրինական ձևով դադարեցվել են լուծարված ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Ադրբ. ԽՍՀ-ի նկատմամբ ԼՂՀ ժողովրդի, տարածքի ու իշխանությունների ենթակայության հարաբերությունները։ 1991-ին փաստորեն ստեղծվել են քաղաքական և իրավական բոլոր նախադրյալները ԼՂՀ-ի և ԱՀ-ի միջև հակամարտությունը ներքին ճանապարհով լուծելու համար։ Սակայն ԱՀ-ի հետագա ռազմաքաղաքական հակազդեցության պատճառով ԱՀ-ի և ԼՂՀ-ի միջև սկսվել է զինված հակամարտություն, որը տևել է շուրջ 3 տարի՝ 1991-94-ը։
Սեպտ. 21-23-ին միջնորդ․ առաքելությամբ մայրաքաղաք Ստեփանակերտ են ժամանել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը՝ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի ուղեկցությամբ։ Սեպտ. 23-ին Ժելեզնովոդսկ քաղաքում (ՌԴ) Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ԼՂՀ-ի (դիտորդի կարգավիճակով, պատվիրակության ղեկ.՝ Ռոբերտ Քոչարյան) պատվիրակությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, ստորագրվել է միջնորդ․ առաքելության մասին համատեղ կոմյունիկե։ Կողմերի միջև առկա հակասությունների և 1991-ի նոյեմբ. 20-ին ԼՂՀ Մարտունիի շրջանում ուղղաթիռի (տեղափոխում էր Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ՌԴ և Ղազախստանի ներկայացուցիչներին) աղետն ընդհատել է բանակցությունները, և կոմյունիկեն, չունենալով իրավիճակային հիմնավորում, գործնականում չի կիրառվել։ Բայց որպես հակամարտության կարգավորման փորձ՝ հետագայում օգտագործել են այլ միջնորդներ։
Միևնույն ժամանակ, զարգացումների տրամաբանությանը հակառակ, նոյեմբ. 26-ին Ադրբեջանի ԳԽ-ն ընդունել է ԼՂԻՄ-ը լուծարելու մասին օրենք։ 1991-ի նոյեմբ. 28-ին ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ԳԽ-ի այդ ակտը՝ որպես ԽՍՀՄ Սահմանադրության մեջ ամրագրված ԼՂԻՄ-ի կարգավիճակը խախտող որոշում։
1991-ի դեկտ. 10-ին համաժողովրդական հանրաքվեով հաստատվել է ԼՂՀ անկախությունը. մասնակիցների 98 %-ը քվեարկել է անկախության օգտին։ Դեկտ. 28-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԳԽ ընտրություններ։ 1992-ի հունվ. 6-ին ԼՂՀ նորընտիր օրենսդիր մարմինը, ելնելով ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքից և հիմնվելով հանրաքվեի միջոցով ԼՂ ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա, ընդունել է ԼՂՀ անկախության մասին հռչակագիր։ Հաջորդ օրը նստաշրջանը ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին,