Այս էջը հաստատված է

բարդացել է հատկապես Շահումյանի, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Հակառակորդը մարտական գործղությունների մեջ է ներառել նաև Կիրովաբադում (Գյանջա) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի ուժերը, կարողացել է զրահատեխնիկայի, «Գրադ» կայանքների, թնդանոթների ու ռազմական օդուժի օգնությամբ գրավել Շահումյանի ողջ շրջանը, Մարտակերտի և Ասկերանի շրջանների մի մասը՝ ընդհուպ մոտենալով Ասկերան շրջկենտրոնին։ Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ 1992-ի հունիսի 9-ին զոհվել է հրամանատար՝ Վլադիմիր Բալայանը, 21-ին՝ «Անկախության բանակ» կազմավորման հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը։ Ասկերանի ինքնապաշտպանական մարտերին (ՊՇ հրամանատար՝ Վիտալի Բալասանյան) մասնակցել են 2-րդ (հրամանատար՝ Հրանտ Ծատրյան), 4-րդ (Յուրի Պողոսյան), 3-րդ (Աշոտ Խաչատրյան), 5-րդ (Դավիթ Առուշանյան), Խանաբադի (Սանասար Ծատրյան) վաշտերը, ԼՂՀ-ի և ՀՀ-ի կամավորական ջոկատներ։ 1992-ի հունիսի 12-ին զոհվել է Յուրի Պողոսյանը (Հայաստանի ազգային՝ 1996, Արցախի՝ 2002, հերոս)։

Հուլիսի 4-5-ին Ադրբեջանի բանակը զավթել է Մարտակերտ շրջկենտրոնն ու շրջանի մի շարք գյուղեր։ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում ադրբ. բանակի աննախադեպ լայնածավալ հարձակումների հետևանքով ավերվել և հրկիզվել են տասնյակ գյուղեր, ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչներ դարձել են փախստական։

1992-ի հունիսի 20-ին ԼՂՀ տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք. զորակոչվել են 18-40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները, զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-30 տարեկան կանայք։ 1992-ի օգոստ. 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվել է «Արծիվ-մահապարտների» հատուկ նշանակության գումարտակը [հրամանատարներ՝ Վազգեն Սարգսյան, Աստվածատուր Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հովսեփ Հովսեփյան]։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3»..., «Արծիվ-33» ջոկատները

ԼՂՀ ԳԽ նախագահությունը օգոստ. 13-ին (ԳԽ նախագահի պաշտոնակատար՝ Գեորգի Պետրոսյան) ընդունել է «Ռազմական դրության մասին» օրենքը։ ԻՊԿ-ի նախագահի 1992-ի օգոստ. 14-ի հրամանով ստեղծվել են Կենտր., Ասկերանի, Հադրութի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի պաշտպանական շրջանները (ՊՇ, տես ԼՂՀ. Զինված ուժեր հոդվածում)։

Օգոստ. 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որին պատերազմի տարիներին վերապահվել է ամբողջ գործադիր իշխանության, ինչպես նաև ռազմական դրության իրականացման լիազորությունները։