Երբ պարսից պետութիւնը կործանվեց Աղէքսանդր Մեծի ձեռքով, Հայաստանը մնաց անկախ և դիադոքների ու էպիգոնների կռիվների մէջ էլ, ինչպէս երևում է, միայն երկրորդական դեր է խաղացել։ Ասորիքը և համարեա ամբողջ Առաջավոր-Ասիան տիրապետող Սելևկեաններից էլ Հայաստանը միայն անվանական կախումն ունէր, որ արտայայտվում էր հարկատվութեամբ։
Միայն Անտիոքոս III-ի իշխանութեան ժամանակ Քսէրքսէս անունով մի բնիկ տեղացի իշխանի յաղթվելով՝ Հայաստանը դարձավ հպատակ երկիր, բաժանվեց երկու մասի և բնիկ տեղացի իշխանները ստորագրվեցին՝ կարգուելով իբրև սատրապ կամ ստրատէգ։ Արևելեան մեծագոյն մասը, իսկական Հայաստանը, ստացավ Արտաքսիասը[1], իսկ Եփրատից դէպի արևմուտք գտնվող շրջանը, Սօֆևնէն[2] և շրջակայ երկրները ստացավ Զարիագրէսը։ Սակայն երբ Անտիոքոս III յաղթվելով հռոմայեցիներից՝ ստիպվեց խաղաղութիւն կնքել (188 թ. Ք․ա․), այդ երկու սատրապներն էլ իրանց անկախ յայտարարեցին. այնուհետև գոյութիւն են ստանում երկու ինքնուրոյն պետությիւններ՝ Հայաստան և Սոֆենէ , որ կառավարվում են Արտաքսիասի և Զարիագրէսի սերունդների ձեռքով։
Արտաքսիասը իր պետութեան հիւսիսային մասում, Կասպից ծովը թափվող Արաքս մեծ գետի շրջանում, հիմնեց Արտաքսատա[3] մայրաքաղաքը, որի տեղը առանձնապէս բարեյաջող համարելով մատնացոյց է արել, ինչպէս ասում են, հռոմայեցիներից փախուստ տվող Կարթագէնի մեծ զորավար Հաննիբալը։
Հայաստանի և Սօֆենէի անջատման միջոցին կարող էր ազդեցութիւն ունենալ Պարթևների օրինակը, որոնք արդէն Անտիոքոս III-ի թագավորութեան սկզբում Սելևկեան պետութիւնից անջատվել և մի նոր իրանական պետութիւն էին հիմնել՝ Արշակունեաց թագավորական տոհմի առաջնորդութեամբ։ Պարթևների պետութեան գոյութիւնը Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական զարգացման համար՝ մեծ և ճակատագրական նշանակութիւն ունեցավ։
Այնուհետև դէպքերն այնպէս տարօրինակ կերպով դասավորվեցին, որ Սելևկեան տիրապետութեան քայքայման ժամանակ՝ Արտաքսիասի ընտանիքին պատկանող մի հայ իշխան