Հայաստանը հէնց սկզբից շատ թոյլ կերպով կապակցված ավատական պետութեան պատկեր էր ներկայացնում, որ կարելի է համեմատել շօտական տոհմական պետական կազմի հետ։ Երկիրը բարձր լեռներով պարփակված, յաճախ վերին աստիճանի արգավանդ, բազմաթիւ հարթավայրերից բազ կացած լինելով, իր բնութեան համապատասխան՝ բաժանված էր մեծ և փոքր, ցեղական տարբերութիւններով և բարբառներով միմեանցից անջատված, շատ գավառների։ Այդ գավառների գլխավորներն էին հնաբնակ, ընդարձակ կալվածների տէր, զօրեղ ժառանգական տոհմական իշխանները և ցեղապետները, որոնք իրանց շրջաններում իշխում էին համարեա անկախ և անսահմանափակ կերպով։ Քաղաքական իշխանութիւնն իրապէս ավելի այս մեծ ազնվական տոհմերի ձեռքումն էր, քան թէ մեծ մասամբ դրանցից կախումն ունեցող թագավորի, խնայելով որ հայ թագավորները պարսից տիրապետողներին նմանվելով՝ իրանց մեծ արքայ էին կոչում։ Հայաստանի արտաքին թուլութիւնը և ներքին յաճախակի խառնաշփոթութիւնները բացատրվում են ահա այդ տոհմական վարչութեամբ, ինչպէս որ ճիշտ նկատել է Կ. Գիւտէրբօկը, որից և օգտվում ենք այստեղ։ Պէտք է ենթադրել, որ խալդերի ժամանակն էլ նոյնը պիտի լինէր, միայն թէ այդ միջոցին պետութեան կայունութիւնը պահպանվել է, ըստ երևոյթին, աստվածապետական կենտրոնացման և իշխողների եռանդի շնորհիվ։ Վերոյիշեալ տոհմական իշխանների տեղական զանազան անունները յոյներն ու հռոմայեցիք արտայայտել են սատրապ բառով․ ահա այդպիսի սատրապների ձեռքը մնացին, 297 թ. կնքված հաշտութեամր, հռոմայեցիներին զիջած երկիրները։ Դէոկղեռեան խաղաղութիւնը տևեց քառասուն տարի։ Սակայն Նարզէհի թոռը, զօրեղ Շապուր[1] II (306―379 թ. Ք. յ.) աշխատեց իր նախնիքների՝ հռոմայեցիներից կրած նախատինքը ջնջել։ Շապուրի սկսած պատերազմն անընդհատ շարունակվեց Կոնստանդին Մեծի որդոց կառավարութեան ժամանակ և Յուլիանոս Ուրացող կայսրի փայլուն կերպով սկսած պատերազմը, շատ դժբախտ ընթացք ստացավ, որովհետև հակառակ կողմի ոյժը բանի տեղ չդրվեց և ըստ երևոյթին ռազմական սխալմունքներ տեղի ունեցան. կռիվներից մէկում Յուլիանոսը սպանվեց և այդպիսով պատերազմը ճակատագրական ընթացք ունեցավ հռոմայեցիների համար։
- ↑ Շապուհ։ Ծ․Թ․